Բանակցությունների սեղանին պետք է լինի նաև տարածքների հարց․ չպետք է համակերպվենք այս իրողության հետ

«Անհետ կորած զինծառայողների, զոհված զինծառայողների դիերի հետ կապված հարցերով ամենաիրատեսականը Կարմիր խաչի միջոցով իրականացվող աշխատանքներն են: Փաստացի այլ հնարավորություն ընձեռված չէ, կողմերը միայն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում են որոնողական աշխատանքներ իրականացնում: Պետք է սերտ համագործակցություն ապահովել Կարմիր Խաչի միջզգային կոմիտեի հետ: Նույն ճանապարհը պետք է օգտագործվի նաև գերիների հետ կապված խնդիրը լուծելու համար: Կարևոր են նաև ՄԻԵԴ-ի ուղղությամբ կատարվող քայլերը: Դրանք որոշակի երաշխիքներ են ստեղծում և որոշակի պաշտպանություն են ապահովում կոնկրետ անձանց համար»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը, օգտվելով իր այս պահի դրությամբ ավելի ամուր դիրքերից բանակցային սեղանի շուրջ, լուրջ չի վերաբերվում պարտավորությունների կատարմանը, մի շարք դեպքերում արհամարհում է: «Ռազմական գործողությունների դադարից հետո 10 քաղաքացիական անձանց գերեվարելու մասին տեղեկություն ունենք: Սա ակնհայտորեն հակասում է պայմանավորվածություններին: Գերիների փոխանակման ուղղությամբ ևս գործուն քայլեր չենք տեսնում»: «Բանակցություններն ընթանում են ոչ թե Ադրբեջանի և Արցախի կամ Հայաստանի միջև, այլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Եվ այդ առումով այն, որ անհետ կորած զինծառայողների ծնողները դիմել են ՌԴ դեսպանատանը, որոշակի տրամաբանություն կա նրանց գործողությունների մեջ»,- ասաց Խզմալյանը: Հարցին, թե եռակողմ հայտարարությունն արդյոք հակասահմանադրական է, Արա Խզմալյանը նշեց. «Տեսնում եմ Սահմանադրության հետ հակասություններ: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից այս հայտարարությունն անվավեր է առնվազն երկու պատճառով՝ նախ՝ համաձայնագիրը պարտադրվել է ուժի սպառնալիքի ներքո, երկրորդ՝ ՀՀ վարչապետը նման ձևաչափով իրավասություն չուներ համաձայնություն կնքելու ՀՀ տարածքի մասով, խոսքս Մեղրիի միջանցքին է վերաբերում: Անկախ իրավական ուժ ունենալ-չունենալուց, այսօր մեծ հնարավորություններ չկան խուսափելու այս պայմանագրով ստանձնած պայմանավորվածությունները կատարելուց»: Արա Խզմալյանի խոսքով՝ տարածքների խնդիրը առկախված է մնում: «Քարտեզների և սահմանային գծերի վերաբերյալ կան հակասություններ Արցախի և Ադրբեջանի միջև… Բանակցությունների սեղանին պետք է լինի նաև տարածքների հարցը. չպետք է հաշտվել այս իրողության հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: