Ունենք պետականության ճգնաժամ․ ՀՀ կողմից Արցախի ճանաչումը կարող է խնդիրներ առաջացնել

Առկա է պետականության ճգնաժամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը: «Պետականության ճգնաժամն ունի տարբեր բաղադրիչներ, ակներև է քաղաքական ճգնաժամ. պատերազմը և պատերազմի արդյունքները բերել են քաղաքական համակարգում ճգնաժամի, վստահության և լեգիտիմության անկման: Առկա է նաև սոցիալ-հոգեբանական ճգնաժամ, որը բնորոշ է հետպատերազմյան հասարակություններին: Հասարակությունը հոգեբանական ընկճվածության, սթրեսի փուլում է»- նկատեց Անտինյանը: Կառավարման փորձագետի դիտարկմամբ՝ առկա է նաև քաղաքական մտքի ճգնաժամ. «Այս իրավիճակում անհրաժեշտ են հրատապ լուծումներ, և պետք է աշխատի քաղաքական միտքը: Մեր պետությունն իր մեջ ուժ պետք է գտնի, և, որպես միասնական ինստիտուտ, պետք է կարողանա ոտքի կանգնել: Եթե չլինի դա, կարող է այս ամենն ավարտվել պետականության կորուստով»: Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ անդամ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ մեր երկիրն այլևս գործոն չէ, մեր փոխարեն որոշումներ են կայացնում: «Ինչպես որ տեղի է ունենում այն դեպքում, երբ որևէ փոքր պետություն իր լոկալ առճակատման գործընթացում պարտություն է կրում և օգնություն է խնդրում այլ դերակատարից: Այլ դերակատարը մեր դեպքում Ռուսաստանն է, որն իր շահերը բավական լավ իրացրեց այս պատերազմի արդյունքում, և մեր տարածաշրջանում արդեն ունի ոչ թե մեկ, այլ երկու ռազմական ներկայություն, մեկը Հայաստանում էր, մեկն էլ արդեն փաստացի արցախաադրբեջանական հատման գծում է: Ներկա պահին մենք չենք կարող գործոն հանդիսանալ: Կարելի է մեկ բան անել՝ տարիների ընթացքում վերականգնվել»,- նշեց Ղևոնդյանը: ՍԵրոբ Անտինյանի խոսքով՝ պետությունը պետք է կարողանա ներկայանալ իբրև կայուն սուբյեկտ և կանգնի հասարակության կողքին. «Հասարակությունը պետք է զգա պետության ներկայությունը: Նույնիսկ պատերազմում պարտված պետությունը պետք է հանդես գա որպես հասարակությանը կոնսոլիդացնող սուբյեկտ, ցույց տա իր ներկայությունը»: Կառավարման փորձագետի կարծիքով՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը ժամանակավրեպ է և կարող է խնդիրեր առաջացնել. «Պատեհ կլիներ Արցախը ճանաչել պատերազմի հենց առաջին օրը, որովհետև պատերազմ սկսելով՝ Ադրբեջանը և Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի դելեգիտիմիզացիայի քայլը արդեն արել էին: Հիմա Արցախի ճանաչումը կռվից հետո բռունցքները թափահարելու նման մի բան է: Համենայնդեպս դիվանագիտական հետևողական աշխատանք պետք է իրականացնել հատկապես համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ»: Ռոբերտ Ղևոնդյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ Արցախի ճանաչումը հիմա ժամանակավրեպ չէ, քանի որ Արցախի սահմանները որոշվում են այսօր: «Այս պահին Ֆրանսիայում բարձրացվել է Արցախի ճանաչման հարցը: Պետք է խոսել Արցախի ղեկավարության և հասարակության հետ, տեսնել՝ ինչ են ցանկանում, նրանք կարող են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և ցանկանալ, որ Արցախը դառնա ՌԴ մարզ»: Մանրամասները՝ տեսանյութում: