Այո՛, կան մեղավորներ, որոնք պետք է կամովին գան ասեն՝ սաբոտաժ էր և ցանկացել ենք, որ այս վիճակում ավարտվի պատերազմը

Այո՛, կան մեղավորներ, որոնք պետք է կամովին գան ասեն՝ սաբոտաժ էր և ցանկացել ենք, որ այս վիճակում ավարտվի պատերազմը

Պատերազմի օրերին բանակում հանցագործություն գործած բարձրաստիճան որևէ զինվորական մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել, թեև զինվորները հստակ նշում են բարձիթողի վիճակի մասին։ Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ պատերազմի չորրորդ օրվանից՝ հոկտեմբերի 1-ից, հստակ խնդիրներ են մատնանշվել, և ոչ թե պետք է քրգործեր հարուցված լինեին, այլ այդ գործերն արդեն լուրջ առաջընթաց պետք է ունենային: «Առաջին օրերին նույն Քանաքեռավանից մարդիկ են եկել ու ասել, որ այնտեղ մարդիկ կային, որ ասում էին՝ էս հողը տրված է, այդտեղ մի գնացեք: Այնպիսի բաներ են կատարվել, որ պետք էր դրան ուշադրություն դարձնել: Հազարավոր մարդիկ են դրա մասին խոսել, ես հիմա ընդամենը ընդհանրացնում եմ նրանց ասածը: Այդ մարդկանց պետք է փնտրեին, գտնեին, տեսնեին՝ ինչ է կատարվել: Զինվորը, կամավորը նևրոզ է տանում, որովհետև տեսել է, թե ինչ է կատարվում, իսկ իրավապահ համակարգը լուռ անտարբերությամբ հետևում է, թե ինչ է կատարվում»,- հավելեց փաստաբանը: Անդրադառնալով մարդկանց բռնել-բաց թողնելու պրակտիկային՝ նա նշեց. «Նախ՝ ես չգիտեմ մարդկանց բռնելու ապացույցները, ինչ հիմնավորումներով են դրանք տեղի ունենում: Սաբոտաժային եղանակ են ընտրել, գուցե մտածում են՝ թույլ ապացույցներով վերցնենք, տանենք դատարան, դատարանն էլ բաց թողնի, մնա դատարանի վրա: Կարող է հակառակն է՝ ձերբակալման ու կալանավորման հիմքերը լուրջ են, բայց դատարանն է այս ամենն անում: Ես չեմ կարող ասել, թե ինչ կարգի ապացույցներ են հավաքում, բայց քանի որ նաև նախաքննական մարմինների նկատմամբ վստահություն չունեմ, ես չեմ կարող ասել, թե ամեն ինչում դատարանն է մեղավոր: Ես կասկածում եմ, որ եթե նախաքննական մարմինները լուրջ հիմնավորումներով են ներկայացնում, դատարաններն ինչու են այս կարգի մոտեցում ունենում, կամ ինչու չեն հանդես գալիս հայտարարություններով, ինչու դատարանների դրսևորած ենթադրվող սաբոտաժի մասին չեն ասում համապատասխան մարմիններին: Ես կարծում եմ, որ բոլորով համագործակցած ձախողում են»,- ասաց փաստաբանը: Սաֆարյանը նկատեց, որ սա նորություն չէ,  երկու տարի այս մասին անվերջ բարձրաձայնել է, և բոլորն էլ գիտեն, որ Քոչարյանի գործով տուժողները դատարանի դահլիճ չեն գնում դատարանի պահվածքի համար, դատախազության անտարբերության համար, դատարանում ստեղծված անարդյունավետ քննության համար: Այդ ամենը իրար հետ կապված հանգամանքներ են: Ըստ նրա՝ եթե ժամանակին դրան ռեակցիա լիներ համապատասխան կառույցների կողմից, մենք այսօր այս վիճակը չէինք ունենա. «Հետևաբար եկեք անցյալի մեր մեղքերը և այսօրվա առաջացած հետևանքների միջև առկա կապը տեսնենք ու վերացնենք: Իսկ եթե չենք կարողանում վերացնել, ապա կարծում եմ՝ այս հանրապետությունն ավարտել է իր արդարադատությունը և լուրջ վախճան կունենա»: Դիտարկմանը՝ զինծառայողները  նշում են, որ հրամանատարները լքել են դիրքերը՝ զինվորներին թողնելով մենակ, նշեց, որ ինքն էլ բազմաթիվ օրինակներ գիտի. «Կամ հրամանատարը ձեռքը տնկում է, ցույց տալիս ինչ-որ տեղ, որ գնան հերթափոխ անեն, մարդիկ չեն պատկերացել տարածքը, գնացել անիմաստ մահացել են, մի մասն էլ գերի է ընկել, չի պատկերացրել տարածքը։ Կամ կամավորներին  տանում ես առաջին գիծ և չես կանգնում ուղղություն ցույց տալիս, միայն ասում ես՝ էստեղ պետք է պաշտպանեք. այս կարգի բարձիթողի վիճակ է եղել միջանկյալ օղակում։ Որտեղ կազմակերպված են եղել, վիրավորներ ունեցել են, բայց զոհ չեն ունեցել։ Եվ կարևոր է հրամանատարի դերը, որովհետև նա միայն կարող է կողմնորոշել, մարտավարություն մշակել։ Այո՛, կան մեղավորներ, որոնք պետք է կամովին գան ասեն, որ նման բացթողումներ են ունեցել կամ վախեցել են, կամ միտումնավոր են դա արել, որովհետև համատարած սաբոտաժ ենք ունեցել և ցանկացել ենք, որ այս վիճակում ավարտվի պատերազմը, իշխանություն փոխվի, այլ կերպ հնարավոր չէ, մանավանդ, որ այսքան չինքնամաքրվելը հանգեցնելու է նրան, որ հանրության այս տապալված վիճակը շարունակվելու է  երկար»։