Հայաստանից նոր բանակցողը

Հայաստանից նոր բանակցողը

Բանակցողի փոփոխությունը կօգնի Հայաստանին հասնել շատ, թե քիչ շահեկան վիճակի և ձգտել արցախյան մնացած հարցում քայլ առ քայլ վերականգնել հայկական շահն ու դիրքերը: Այդ արտահայտությունը, կամ այդ իմաստը պարունակող արտահայտությունը թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթակներում նոյեմբերի 9-ից հետո հնչում է շատ հաճախ: Անկասկած է, որ Հայաստանի շահի շատ, թե քիչ վերականգնման բանաձևը դա է: Կասկածից վեր է, որ ռազմական և ռազմա-քաղաքական կապիտուլյացիայի ենթարկված քաղաքական իշխանությունը և առաջին դեմքը անկարող են բանակցել, նրանք այլևս քաղաքականապես և բարոյապես անկենսունակ են միջազգային կոշտ բանակցությունների համար: Իսկ որ բանակցությունները լինելու են կոշտ, կասկածից վեր է: Ընդ որում, խնդիրը բացարձակապես հայ-ադրբեջանական բանակցության դաշտում չէ: Ավելին, Հայաստանը, թերևս, ներկայիս իրավիճակում գոնե առայժմ, որոշակիորեն տեսանելի ապագայում ունի նույնիսկ ոչ այնքան Ադրբեջանի, որքան Ռուսաստանի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, Իրանի, անգամ գուցե Չինաստանի և այլ կենտրոնների հետ բանակցելու բազմակի շատ ավելի բան, քան Ադրբեջանի: Դա է օբյեկտիվ իրողությունը: Մյուս օբյեկտիվ իրողությունն այն է, սակայն, որ այդ ամենի հանդեպ գրեթե անվերապահ գերակայության է հասել մեկ սուբյեկտ՝ Ռուսաստանը, որը վերցնելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի հովանին, այն, անկասկած, չի թողնելու հայկական քաղաքականության որևէ զարգացման «ռիսկի»: Հետևաբար, երբ խոսվում է բանակցողի փոփոխության մասին, ապա կասկածից վեր է, որ այդ հարցում վճռորոշ նշանակության համար Ռուսաստանն օգտագործելու է Հայաստանի վրա իր՝ նաև Արցախի պատերազմի հետևանքով ընդլայնված հսկայական ազդեցության բոլոր լծակները: Ըստ այդմ, հայկական պետականության մնացյալ հատվածի համար՝ բնականաբար ներառյալ Արցախի հենց մնացյալ հատվածը, բանակցության խնդիրը այստեղ է՝ բանակցություն, որի շնորհիվ հնարավոր է նաև առավելագույնս սուբյեկտության դաշտ բերել հայ-ռուսական հարաբերությունը, զուգահեռ վերականգնելով Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ որպես սուբյեկտ հարաբերվելու կարողությունը: Կասկածից վեր է, որ դա հնարավոր է անել միայն ՌԴ հետ աշխատանքով, որովհետև հակադրության դեպքում Հայաստանն, անկասկած, կստանա նոր մարտահրավերներ: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանին պետք է Հայաստանից նոր բանակցող, և ում հետ կամ ինչ բանակցության համար: Որովհետև մեծ հարց է ներկայումս, թե Հայաստանը կարող է ինքը որոշել հանրային լեգիտիմությամբ նոր բանակցողի խնդիր, որի հետ հաշվի կնստի առաջին հերթին Ռուսաստանը: Ընդ որում՝ խնդիրն այս դեպքում ամենևին հակա կամ մետ պարզունակության մասին չէ, որ ընդունված է հայկական քաղաքական և հանրային տիրույթում տարիներ շարունակ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ով սահմանել է իր ռազմավարության գերակա շրջանակ և դրա աշխույժ պաշտպանություն իրականացնելու է նաև Հայաստանի ներքին կյանքում: Դա նշանակում է, որ Ռուսաստանն այդ կյանքում որևէ փոփոխության վերաբերելու է իր համար գերկարևոր ռեգիոնալ ռազմավարության պրիզմայով, ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ անելու է որևէ բան թույլ չտալու կամ որևէ բան փոխելու համար՝ ըստ իր անհրաժեշտության: Իսկ փաստն այն է, որ Ռուսաստանն այդ առումով Հայաստանում ուներ և, նոյեմբերի 9-ի օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, առավել ևս ձեռք է բերել ահռելի ազդեցություն: Այն դեպքում, երբ բանակցողի փոփոխության անհրաժեշտ բանաձևի մասին խոսակցությամբ հանդերձ, հայկական իրականությունում չի նշմարվում դրան հասնելու ինքնուրույն մեխանիզմ: Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի