Հերթական տհաճ միջադեպը հայկական ֆուտբոլում․․․

Հերթական տհաճ միջադեպը հայկական ֆուտբոլում․․․

Այս տարվա հոկտեմբերի վերջին Vbet Հայաստանի առաջնության 10-րդ տուրը ուղեկցվել էր խոշոր սկանդալով։ Մասնավորապես, «Գանձասար-Կապան»-«Վան», որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։3 հաշվով, գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը «Վանի» օգտին նշանակել է երկու կասկածելի 11 մետրանոց։ Դրա հետևանքով «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչների նյարդերը տեղի էին տվել: 75-րդ րոպեին նշանակված երկրորդ 11 մետրանոցից հետո «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և ստացել կարմիր քարտ: Կրքերն էլ ավելի էին բորբոքվել խաղից հետո, երբ տանտերերը հարձակվել են Հենրիկ Նալբանդյանի, ապա նրա հոր՝ Կարեն Նալբանդյանի վրա: Միայն ոստիկանների միջամտությունից հետո է հաջողվել հանդարտեցնել իրավիճակը:Անախորժ դեպք է գրանցվել նաև այս տուրի Շիրակ-Նոա (0:3) խաղից հետո: Մրցավեճի ավարտից հետո գյումրեցիները ծեծի էին ենթարկել խաղի պատվիրակ Առնո Սարգսյանին։ Միջադեպից օրեր անց «Գանձասար-Կապանը» հայտարարել էր, որ դադարեցնում է ելույթները Հայաստանի առաջնությունում։ Չնայած, որ ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ ակումբը նպատակահարմար է համարում ֆինանսական միջոցները ուղղել հայկական բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցներին, այնուամենայնիվ պարզ էր, որ կապանյան ակումբը անիմաստ էր համարել նման պայմաններում շարունակել ելույթը։ 10-րդ տուրի միջադեպերից հետո ՀՖՖ-ն կոշտ պատժամիջոցներ էր կիրառել, բայց․․․։ Ազգային հավաքականի ելույթներով պայմանավորված ընդմիջումից հետո երեկ վեսկսվեց Հայաստանի առաջնությունը։ «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» 1։2 հաշվով զիջեց Երևանի «Արարատին»։ Բնականաբար այս մրցավեճում ևս եղան վիճելի դրվագներ, որոնք մասնավորապես «Ալաշկերտի» երկրպագուների կարծիքով ազդեցին խաղի ելքի վրա։ Եվ ահա, հանդիպման ընթացքում «Ալաշկերտի» ներկայացուցիչները տարաբնույթ վիավորանքներ հնչեցրեցին հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասեցին, այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ Վիրավորանքներ լսելի են նույնիսկ «Ալաշկերտ» ակումբի պատրաստած տեսանյութում, որում ներկայացված են խաղի կարևոր դրվագները։ Տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ Հայաստանի առաջնության բնականոն և խաղաղ ընթացքն ըստ էության անհնար է ապահովել։ Հայկական ֆուտբոլում իրավիաճկը դուրս է եկել վերահսկողությունից: Ցածրորակ մրցավարությունը բերել է նրան, որ գրեթե յուրաքանչյուր խաղում գրանցվում են անախորժ միջադեպեր: Այս բարձիթողի իրավիճակի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ այս պահին հայտնի չէ նաև, թե ով է գլխավորում ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժինը: