13 տարի անց․ Պորտերֆիլդի և Կապառոսի հաղթական ուղին

13 տարի անց․ Պորտերֆիլդի և Կապառոսի հաղթական ուղին

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաջողություն գրանցեց։ Կապառոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչներից միակն է, որին հաջողվեց հաղթող դառնալ ընտրական ենթախմբում։ Ավելին, ամիսների ընթացքում մեր ազգային հավաքականը կերպարանափոխվեց՝ ցուցադրելով բոլորովին նոր որակի ֆուտբոլ։ Վերջին հաջողությունից հետո երկրպագուները ակամայից հիշեցին մեր գլխավոր թիմի ծաղկման շրջանը, որը կարելի է նաև բեկումնային համարել: Խոսքը 2006-2007 թվականների մասին է, երբ լուսահոգի մասնագետ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ևս, բառի բուն իմաստով, կերպարանափոխվեց: Հարկավոր չէ ունենալ ֆուտբոլային մեծ գիտելիքներ Կապառոսի և Պորտերֆիլդի միջև ընդհանրություններ տեսնելու համար։ Խոսքը վերաբերում է հատկապես ֆուտբոլային բնավորությանը, որը 0-ից թիմ ստեղծելու գործում գլխավոր հատկանիշը կարելի է համարել։ Ինչպես Պորտերֆիլդը, այնպես էլ Կապառոսն, իրենց հարուստ կարիերայում աչքի են ընկել կառուցողական այս դրսևորումով։ Կարճ ժամանակում Պորտերֆիլդը կառուցեց հավաքական, ու հիմա հերթը Կապառոսինն է։ Պորտերֆիլդը մեր հավաքականը գլխավորեց 2006 թվականին: Մենք գտնվում էինք մի ժամանակաշրջանում, երբ քչերն էին հավատում, որ ազգային թիմը կարող է ցույց տալ բարձրակարգ ֆուտբոլ և հաղթել եվրոպական ուժեղ հավաքականների: Մենք ցնծում էինք, երբ սեփական հարկի տակ հանկարծ ոչ-ոքի էինք խաղում, ասենք, Ռումինիայի պես հավաքականի հետ: Պորտերֆիլդի ազգային հավաքականի մարզիչ դառնալուց ամիսներ անց տեսանք բոլորովին նոր թիմ: Թիմ, որի խաղն ուղղակի զարմացնում էր ոչ միայն մեզ, այլև այն հավաքականներին, որոնց հետ մրցում էինք: Ունենալով բավական համեստ կազմ՝ Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Լեհաստանի պես հզոր հավաքականին: Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը մի կերպ միավոր վաստակեց Երևանում: Պորտերֆիլդը կյանքից հեռանալուց առաջ դրեց այն հիմքը, որի վրա մինչ օրս փորձ է արվում կառուցել ուժեղ և մարտունակ հավաքական: Պորտերֆիլդը կոտրեց այն կարծրատիպը, որը գերիշխում էր տարիներ շարունակ: «Մեկ ա պարտվելու ենք» նշանաբանով դիտում էինք հավաքականի հանդիպումները և պարտվում էինք: Պորտերֆիլդի մահվանից հետո, սակայն, անկախ մրցակցի կարգից, անհամբերությամբ սպասելով ազգային թիմի ելույթներին, իսկապես հավատում ենք, որ հաղթելու ենք: Ձախողումների ժամանակ շարունակ հիշում էինք շոտլանդացի մասնագետին և նրա հավաքականին: Նրա կատարած գործն աչքի տակ ունենալով՝ միևնույն ժամանակ հավատում էինք, որ կարելի է սարեր շուռ տալ, և որ պարտությունների մեղավորը գլխավոր մարզիչներն են: Մարզիչներ, որոնց ուղղակի չէր հաջողվում կառուցել այն հավաքականը, որն ի զորու կլիներ հաղթելու նույն Լեհաստանին, կամ միավոր պոկելու Պորտուգալիայից: Կային նաև այլ գործոններ, որոնք տարիների ընթացքում վերջնականապես հողին էին հավասարեցրել ազգային հավաքականը:Վարդան Մինասյանը, ունենալով Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Մարկոս Պիզելիի, Արաս Օզբիլիսի, Յուրա Մովսիսյանի պես կադրեր, կարողացավ շարունակել Պորտերֆիլդի գործը: Բայց վերելքի այս փուլը երկար չտևեց, և կարճ ժամանակում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց անդունդում: Եվրո-2020-ի ընտրական փուլում եղան առկայծումներ, և թվում էր, թե մեր ազգային թիմը ոտքի է կանգնում։ Մասնավորապես, աշնանը շատերը հավատացին, որ Հայաստանի հավաքականը կարող է ենթախմբում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը և հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Դրական այս փուլը ևս երկար չտևեց, և մեկ տարի առաջ Պալերմոյում մեր հավաքականն ուղղակի տապալվեց՝ կրելով պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Նշանակվելով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Կապառոսը նշել էր, թե ինչի հաշվին կարող ենք հաջողությունների հասնել։ «Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»: Եթե կարճ փորձենք նկարագրել իրավիճակը, ապա կստացվի, որ 13 տարի անց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վերցրել է հաղթական էստաֆետը։ Բնական է, որ ուժեղ թիմ կառուցելու համար ժամանակ է հարկավոր, բայց արդեն այսօր մենք ունենք արդյունք։ Արդյունք, որը հույսեր է ներշնչում։ Հանուն արդարության պետք է հիշենք, որ Պորտերֆիլդի նորամուտը Հայաստանի հավաքականում հաջող չէր: Նրա գլխավորությամբ, ընտրական փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ զիջեցինք Բելգիային, այնուհետև մի կերպ ոչ-ոքի խաղացինք Ֆինլանդիայի հետ: Պարտվեցինք նաև Սերբիային, Լեհաստանին (արտագնա խաղում): Ընդհանուր առմամբ, առաջին 5 հանդիպումներում մերոնց հաջողվել էր վաստակել ընդամենը մեկ միավոր: Բեկումնային փուլը սկիզբ էր առել Ալմաթիում, որտեղ մեր հավաքականը 2:1 հաշվով առավելության էր հասել այս երկրի ազգային թիմի նկատմամբ: Այնուհետև հաջորդեցին Լեհաստանի և Պորտուգալիայի հետ, ըստ էության, պատմական հանդիպումները։ Խոակին Կապառոսին հաջողվել է 5 խաղում անընդմեջ պարտություն չկրել Հայաստանի ընտրանու ղեկին։ Վերջին 5 խաղում Հայաստանի հավաքականը՝ Կապառոսի գլխավորությամբ, խաղացել է 2 ոչ-ոքի և տարել 3 հաղթանակ: Վերջին 5 խաղերը մեր հավաքականն անցկացրել է Ազգերի լիգայի շրջանակներում, պարտվել միայն առաջին տուրում՝ Հյուսիսային Մակեդոնիային, իսկ հետո ոչ-ոքի անցկացրել Էստոնիայի ու Վրաստանի հավաքականների հետ, ինչպես նաև մեկական անգամ հաղթել իր խմբի 3 թիմերին: