Թուրքիան ցավոտ հարված է ստացել. Պուտինի պատմական շանսը

Թուրքիան ցավոտ հարված է ստացել. Պուտինի պատմական շանսը

Հոկտեմբերի 29-ի գիշերվա ընթացքում և հատկապես առավոտյան Արցախի մայրաքաղաքը ենթարկվել է աննախադեպ ինտենսիվ հրթիռակոծության: Դատելով օրվա ընթացքում ստացված տեղեկությունից, ավելի ինտենսիվ թիրախավորում կարծես թե չի եղել պատերազմի անցնող ամբողջ ընթացքում: Ընդ որում, նախօրեից՝ հոկտեմբերի 28-ից սկսած, աննախադեպ հարվածների թիրախ ընտրվել էր անգամ քաղաքացիական հիվանդանոցն ու ծննդատունը, Էրդողանին և նրա մահապարտ Ալիևին ընդհանրապես դնելով մարդկային բարոյականության բոլոր գծերից անդին, կանգնեցնելով պատերազմի հանցագործության հենց կենտրոնում: Ստեփանակերտին հարվածի աննախադեպ ինտենսիվությունը ևս խոսում է ահաբեկչական պատերազմ սանձազերծած Թուրքիայի և նրա գործիք Բաքվի աննախադեպ բարդ վիճակի մասին, որ ստեղծվել է հայկական զինուժի և հայ ժողովրդի՝ պատերազմահենների համար թերևս անսպասելի ամուր դիմադրության արդյունքում: Ստեփանակերտի ինտենսիվ թիրախավորումը վկայում է պատերազմահենների թե՛ ռազմական, թե՛ քաղաքական տապալման մասին, հատկապես հոկտեմբերի 29-ին Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հանդիպումից առաջ: Ավելին, այդ մասին վկայում է և այն, որ հանդիպումը հետաձգվեց և դրանում, անկասկած, իր առանցքային դերն ունեցել է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը, որն իր գործողությամբ ակնհայտորեն ի ցույց էր դնում Ժնևի հանդիպման հանդեպ մերժողական վերաբերմունքը: Այդ զարգացումներին նախորդել էր Էրդողանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ, ինչի վերաբերյալ նա հայտարարել է հետո, թե Պուտինին առաջարկել է հարցի կարգավորման համատեղ ձևաչափ: Կրեմլի խոսնակը հերքել է, թե քննարկվել է այդպիսի հարց: Ստեփանակերտի թիրախավորումը փաստացի հաջորդել է դրան, ինչը վկայում է, որ Էրդողանին ոչ միայն մերժել են, այլ գուցե նույնիսկ ներկայացրել են բավականին կոշտ վերջնագիր: Համենայնդեպս նա խոսել է նաև, թե Պուտինին ասել է, որ արցախյան հարցում կան կարմիր գծեր, որ անցնել չի կարող՝ սերունդները չեն ների իրեն: Ինչո՞ւ է առաջացել այդ կարմիր գծերի մասին խոսելու կարիք: Ըստ ամենայնի՝ հենց այն պատճառով, որ Էրդողանին դրել են բավականին կոշտ պահանջների առաջ, և նա փորձել է դուրս գալ իրավիճակից իր «ընկեր» Պուտինի օգնությամբ: Պուտինը փաստորեն չի օգնել: Այստեղ իրավիճակը երկակի է՝ մի կողմից զարմանալի է թվում, քանի որ «Վալդայ» ակումբում օրերս նա հայտարարել էր, թե հեշտ է պայմանավորվել Էրդողանի հետ: Մյուս կողմից, սակայն, տրամաբանական է, որ Պուտինը չի օգնի, քանի որ այդ «հեշտ պայմանավորվածություններով» Էրդողանն անցել է Ռուսաստանի կարմիր գծերը: Դրանք այժմ պահում է Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև քաղաքակրթության առաջնագիծը պահող հայ զինվորը: Հայ զինվորը պահում է նաև Ռուսաստանի կարմիր գծերը կամ առանց չափազանցության՝ Ռուսաստանի պետականության կյանքի թելը: Պայմանավորվել Էրդողանի հետ, Պուտինի համար նշանակելու է կտրել այդ թելը սեփական ձեռքով: Մյուս կողմից, Պուտինը չի կարողանում առնվազն հռետորաբանության մակարդակում կտրվել այսպես ասած՝ լավրովյան պլանից, որի մասին դարձյալ խոսել է նախօրեին և փորձել սիրաշահել Ալիևին: Նա չի ցանկանում կտրվել Ադրբեջանը «վերադարձնելու» հույսից, որքան էլ փորձը ցույց է տալիս Ռուսաստանին, որ այդ հույսով պայմանավորված քաղաքականությունը ոչ թե Ադրբեջանն է վերադարձնում, այլ բերում է կենսական շահերի գոտում էական կորուստների և ռուսական պետականության ճակատագրական ռիսկերի: Փոխարենը, հայկական պետականության ու բանակի դիմադրության շնորհիվ ՌԴ նախագահը ստացել է թերևս թե՛ իր համար անձնապես, թե՛ ռուսական պետականության համար ընդհանրապես պատմական շանս՝ պայմանավորվել հայ ժողովրդի հետ: Ոչ թե հայ ժողովրդի հաշվին, ինչպես եղել է ռուսական պետականության «ավանդական քաղաքական մտածողության» մեջ՝ որի անփառունակ ձախողման մարմնավորումն է նաև Էրդողանը, այլ պայմանավորվել հայ ժողովրդի հետ: Այդ պատմական հնարավորության համատեքստում է ռուսական պետականության գաղափարա-քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջազգայնորեն լեգիտիմ ճանապարհը, որ տարիներ ի վեր փնտրում են Պուտինն ու նրա թիմը: Պատմությունը նրանց չի ներելու այդ շանսը բաց թողնելը: