Պատժի խստացումը հարցի լուծում չէ. դասալքության 1-2 դեպքը  մատի փաթաթան դարձնելը, դրա համար օրենքներ խստացնելը անտեղի է

Պատժի խստացումը հարցի լուծում չէ. դասալքության 1-2 դեպքը մատի փաթաթան դարձնելը, դրա համար օրենքներ խստացնելը անտեղի է

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր: Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ մասնավորապես, 327-րդ, 3271-րդ, 3275-րդ, 3276-րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում:  Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: Օրինակ՝ ռազմական դրության ժամանակ զորահավաքից խուսափելու համար նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում։ Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ  69 կողմ ձայն: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ կա օրինաչափություն, որ պատժի խստացումը չի բերում հանցագործությունների նվազեցման: «Որպես պատժի տեսակ ամենախիստ պատիժը մահապատիժն է, և պրակտիկան ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ մահապատիժը որպես պատժի տեսակ կիրառվում է, չի բերում  այն հանցագործությունների նվազեցմանը, որոնց դեպքում նախատեսված է մահապատիժ»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Իհարկե կարող են ասել, որ ռազմական դրության պայմաններում, արտակարգ պայմաններում արտակարգ միջոցառումներ պետք են, կան հանցավոր արարքներ, որոնց ռազմական դրության պայմաններում պետք է ավելի խիստ մոտենալ։ Մասնավորապես անվտանգության նկատառումներից,  ռազմական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց այնուամենայնիվ արտակարգ իրավիճակներում արտակարգ միջոցառումները չպետք է լինեն միայն իրավական բնույթի։ Շատ կարևոր են գաղափարի շուրջ համախմբելուն ուղղված գործողությունները։ Այս խստացումները, իհարկե,  իրավիճակով են պայմանավորված, բայց չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա»։ Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է սոցիալական աջակցությունը, այլ արտոնություններն ու երաշխիքները։ Շատ կարևոր է, որ պահպանվում է պատերազմին մասնակցողի  աշխատավարձը։ Սաքունցի խոսքով՝ սա նպաստում է  կամավորականների մոբիլիզացիային, քանի որ եթե նրա ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվում են, նա հանգիստ է լինում և առանց վարանելու կարող է մեկնել առաջնագիծ։ «Քաղաքացին պատերազմական իրավիճակում իրեն պետք է պաշտպանված զգա, հատկապես այն քաղաքացիները, որոնք երկրի պաշտպանությանն են մասնակցում։ Իսկ դրա համար պետք է գնահատվի, թե էլ ինչ է արվել, որ արդյունքները ապահովված չեն և մնացել է միայն պատժի խստացումը։ Այս  մասով ես բան չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ պատժելը և պատժի խստացումը հարցի լուծում չէ և ճանապահ չէ։ Առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա։ «Պատերազմը արհավիրք է, որից պետք է խուսափել։ Պետություններն ամեն ինչ պետք է անեն, որ այն տեղի չունենա։ Պետք է իրենց քայլերով քչացնեն պատերազմի սկսման հավանականությունը։ Բայց երբ, անկախ ամեն ինչից, դրանք տեղի են ունենում՝ մարդիկ տարբեր կերպ են իրենց դրսևորում։ Մեր հանրությունը ցույց է տվել, որ պատրաստ է առանց գլուխը կորցնելու դիմակայել այդ արհավիրքին։ Այդպես եղել է 1990-ականներին, այդպես է նաև հիմա։ Մարդիկ կամավորագրվում են, գնում և զոհվում են, և այս համատարած պատրաստակամության, կամավորագրման ու ինքնազոհողության ֆոնին դասալքության 1-2 դեպք նկատելը, այն արձանագրելը, օրերով այդ մասին խոսելը, այն մատի փաթաթան դարձնելը, այդ նպատակով օրենքներ խստացնելը անտեղի եմ համարում։ Երևի ավելի շատ պետք է կենտրոնանալ զորահավաքի կազմակերպման, ռազմական գործի ուսուցանման և նման այլ խնդիրների վրա»,- ընդգծեց Հարությունյանը։