Թրամփի հայտարարությունը պատահական չէ. առաջիկա օրերին կտեսնենք առարկայական արդյունքները

«Միթե այս ծանր վիճակը ոմանց համար դաս չէ։ Մենք ի վերջո հասուն երկիր ենք, բայց այդպես էլ չենք կարողանում իմանալ հստակ ձևով ով է մեր թշնամին, ով է մեր բարեկամը, ով է մեր եղբայրը։ Տարածաշրջանում մարդասիրական աղետ է ստեղծվել, երկուստեք կան մեծ քանակությամբ զոհեր։ Հիմա իրավիճակն այսպիսին է ու եթե Ռուսաստանը մեզ եղբայրական երկիր է ու Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է կանգնեցնել այս պատերազմը, միջամտել ու վերականգնել խաղաղություն ու կայունություն  հաստատել՝ չդիմե՞նք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով Արայիկ Հարությունյանի նամակի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ որ դիվանագիտական հարթակում Արցախի հարցն այլևս լուծում չունի,  հակասություն չկա։ «Երբ որ վարչապետը ասում է, որ դիվանագիտական լուծում չկա, դա չի նշանակում, որ մենք բանակցությունները պետք է դադարեցնել։ Խոսել այն մասին, որ այս հակամարտությունը պետք է միայն պատերազմով լուծել, ճիշտ չէ։ Իրավիճակը հղի է պայթյուններով։ Պատերազմական գործողությունները պետք է դադարեցվեն։ Հիմա պետք է պատերազմը դադարեցնել ու սկսել բանակցությունները»,-ասաց Բաբայանը։ Անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե  Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել, Բաբայանը նկատեց, որ Թրամփի այս հայտարարությունը պատահական չէ և առաջիկա օրերին կտեսնենք այդ հայտարարության առարկայական արդյունքները։ «Ես հույս ունեմ, որ «շատ լավ առաջընթաց» բառակապակցությունը մենք շուտով կտեսնենք պրակտիկորեն։ Եթե նման հայտարարություն է արվում պատերազմական թեժ փուլում, ուրեմն Թուրքիայի ու Ադրբեջանի վրա համապատասխան ազդեցություն է ցուցաբերվել։ Հուսով եմ դա դրականորեն կազդի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման համար։ Նման մակարդակի հայտարարությունները պատահական չեն»,-ասաց Բաբայանը։   Առավել մանրամասն՝ տեսանյութում