Խնդիրը հստակ է․ հաղթում ենք Վրաստանին, Հյուսիսային Մակեդոնիային և․․․

Խնդիրը հստակ է․ հաղթում ենք Վրաստանին, Հյուսիսային Մակեդոնիային և․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ 5 միավորով երրորդն է ենթախմբում։ Մերոնք ընդամենը մեկ միավորով են զիջում 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջինիս առաջին տուրում 2։1 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը Երևանում 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիային։ Այնուհետև մեր հավաքականը, նախ, ոչ-ոքի՝ 2։2 էր խաղացել Վրաստանի հետ, այնուհետև մրցավեճը 1։1 ավարտել էստոնացիների հետ։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անց է կացնելու նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ պետք է խաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Նշենք, որ այս մրցաշարի միջոցով Հայաստանի հավաքականն, ըստ էության, չունի հնարավորություն պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար, բայց… Ասել, որ Ազգերի լիգան մեզ համար ոչ այնքան կարևոր մրցաշար է, ևս ճիշտ չի լինի։ Վերջին ամիսներին մեր հավաքականում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ։ Բարձրակարգ մարզիչ ունենալուց զատ, ՀՀ ազգային թիմը համալրվել է նաև մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով՝ ի դեմս դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանի և Արշակ Կորյանի։ Կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին երկու հանդիպումներում մերոնք դրական արդյունքի հասան Յուրչենկոյի և Բայրամյանի անմիջական ջանքերի շնորհիվ։ Այո՛, այս պահին Հայաստանը երրորդն է խմբում, բայց, անկախ ամեն ինչից, երկրպագուն ակնկալում է արդյունք։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիր է դրել մեր ֆուտբոլային գերատեսչությունը Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստների առջև։ Ինչպես նախորդ շատ դեպքերում, այնպես էլ հիմա, չի խոսվում հստակ առաջադրանքի մասին։ Այո՛, շարունակ լսում ենք, որ յուրաքանչյուր խաղում մերոնք պայքարելու են երեք միավորի համար։ Աշխարհում գոյություն չունի որևէ հավաքական, որը խաղադաշտ է դուրս գալիս պարտվելու համար։ Յուրաքանչյուր խաղում հաղթելու ցանկությունը մի բան է, իսկ ազգային թիմի առաջ հստակ խնդիր դնելը՝ բոլորովին այլ բան։ Ի տարբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության՝ մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում՝ չնայած ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին, առանց դժվարությունների, խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք, եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց… Ունենք այն, ինչ ունենք, և մեր գլխավոր խնդիրը ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալն է։ Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ ընթացիկ մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնելու, բոլորովին ճիշտ չի լինի։ Դրա համար ուղղակի անհրաժեշտ է վերջին երկու հանդիպումներում հաղթել Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ 6 միավորը մեզ կերաշխավորի առաջին հորիզոնականը։ Մոտ մեկ տարի առաջ երկրպագուն հավատում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այո՛, մի քանի տպավորիչ հանդիպումներից հետո դա իրատեսական էր թվում։ Դա վկայությունն է նրա, որ Հայաստանի ազգային հավաքականը, չնայած ցածր վարկանիշին, այնուամենայնիվ ունի պոտենցիալ։ Այո՛, մենք կարող ենք հաղթել Հունաստանի և Բոսնիայի պես ուժեղ հավաքականներին, միևնույն ժամանակ գերխայտառակ հաշվով պարտվել Իտալիային կամ ոչ-ոքի խաղալ Լիխտենշտեյնի հետ։ Կամա թե ակամա, բոլորս կարծում ենք և հավատում, որ մեր իրական հավաքականն այն է, որը հաղթում է վերը նշված մրցակիցներին, որը Երևանում 10 ֆուտբոլիստներով արժանի պայքար էր մղում աշխարհի քառակի չեմպիոնի դեմ։ Հետևաբար՝ ՀՖՖ-ն, ունենալով Կապառոսի պես մասնագետ, ազգային թիմի առաջ պետք է դնի հստակ խնդիր։ Իսկ հստակ խնդիրը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է։ Հստակ խնդրի առկայության պարագայում մրցաշարի ավարտից հետո հնարավոր կլինի հստակ գնահատական տալ և հետևություններ անել թե՛ մարզչի և թե՛ ֆուտբոլիստների կատարած աշխատանքի վերաբերյալ։ Կարևոր է նաև հոգեբանական «ֆակտորը»։ Եթե Ազգերի լիգայի խմբում առաջին տեղ զբաղեցնելու խնդիր չդնենք, այլևս անիմաստ կլինի խոսել ավելի լուրջ նպատակների մասին։ Եթե մենք ընդհանուր առմամբ զիջում ենք Մակեդոնիային, ապա անիմաստ կլինի մտածել հետագայում կարգով ավելի բարձր հավաքականներին շրջանցելու մասին։ Նշենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնում եվրոպական միջինից էլ ցածր հավաքականներն են։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականի առաջ պաշտոնապես չէր դրվել որևէ խնդիր։