Նման ձևակերպումներ տալը նշանակում է ջուր լցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին․ պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի մասին

Ես կարծում եմ, որ այն իրավիճակում, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում Արցախում, նման ձևակերպումներով հարցազրույցներ տալն անպատեհ է, ում կողմից էլ դա լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «The Independent»-ին տված հարցազրույցին, որտեղ նա մեղադրանքներ է հնչեցրել այսօրվա իշխանությունների հասցեին՝ ասելով, որ իր հաջորդը չգնաց այն ճանապարհով, որով իրենք հաջողությամբ ընթանում էին երկար ժամանակ: «Սա անպատեհ է առավել ևս Սերժ Սարգսյանի կողմից, ով հենց ինքն է եղել բանակցողը և շատ լավ տեղյակ է այն բոլոր քննարկումներին, որոնք եղել են իր ղեկավարման տարիներին: Շատ լավ տեղյակ է, թե ինչ ժառանգություն է թողել ներկայիս իշխանություններին, ինչ իրավիճակում է թողել: Բայց սա այն փուլն է, որ ամեն տեսակ քննարկում համարում եմ ավելորդ, դրա համար երկար չեմ ցանկանա անդրադառնալ դրան»,-ասաց նա: Պատգամավորի համոզմամբ, այսօր ստեղծված իրավիճակի պատճառները պետք է փնտրել ոչ վաղ անցյալում. «Ադրբեջանը այս պատերազմին պատրաստվել է 1994-ի մայիսից սկսած, հրադադարը կնքելու հաջորդ օրը: Դա հասկանալու համար բավարար է կարդալ Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի կոչերն ու ելույթները, երբ նա փորձում էր զինադադարը մատուցել այնպես, որ սա Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտն է: հետագա տարիներին, Սերժ Սարգսյանը թող լավ հիշի, եթե այդքան փայլուն բանակցող է, ինչու մարտական գործողությունները վերսկսվեցին 2016-ի ապրիլին և ինչ ձևով դրանք կասեցվեցին: Ինքն այս հարցերի պատասխանը գիտի շատ ավելի լավ, քան ցանկացած այլ մարդ այս երկրում»,-ընդծեց «Իմ քայլի» պատգամավորը: