Իրանում մեկնարկած զորավարժությունները մեսիջ չեն ո՛չ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին

Իրանում մեկնարկած զորավարժությունները մեսիջ չեն ո՛չ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին

«Իրանում սկսված զորավարժությունները որևէ կերպ չենք կարող կապել Արցախում, արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական իրավիճակի հետ։ Որևէ կապ չկա։ Այդ զորավարժությունները նախապես պլանավորված էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։ Նշենք, որ Իրանի «Velayat Sky-99-ի պահապանները» ծածկագրով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօրվանից սկսել են լայնածավալ զորավարժություններ, որոնք ընդգրկելու են երկրի տարածքի կեսից ավելին: Գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտարարել է, որ զորավարժությունը, որում ներգրավված են բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, ուղղված է մարտական պատրաստվածության բարձրացմանը: Հրամանատարի խոսքով՝ առաջիկա զորավարժության ժամանակ կկիրառվեն տարբեր տեսակի հայրենական արտադրության հրթիռային համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային պատերազմական սարքավորումներ և կապի համակարգեր, որոնք հակազդում են օդային սպառնալիքներին փոքր, միջին և մեծ բարձրություններում: Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը զորավարժությունների ընթացքում նախատեսում են օդ բարձրացնել կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչու թռչող սարքեր՝ հավելել է նա: «Նման մասշտաբի զորավարժությունները ավելի քան կես տարի առաջ են պլանավորվում։ Ես զորավարժությունները չեմ կարող կապել Իրանի հյուսիսում, Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Դրանք պլանավորված, լայնամասշտաբ, շատ մեծ զորավարժություններ են։ Սա նաև ոչ մի կերպ չի կարելի դիտարկել ինչ-որ ուժի ցուցադրման փորձ կամ այլ բան։ Իրանը ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ուժի ցուցադրման խնդիր չունի։ Իրանի թշնամիներն այլ երկրներ են։ Պարզապես Իրանը զգոնությունը մեծացրել է իր հյուսիսային սահմաններում։ Սակայն, կրկնում եմ, զորավարժությունները մեսիջ չեն ո՛չ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին»,- ասաց Վարդանյանը։ Նշենք, որ այսօր իրանական լրատվամիջոցները, մասնավորապես իրանական Arteshmedia պորտալը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Կիոմարս Հեյդարը այցելել է երկրի հյուսիսային սահմանը, մասնավորապես՝ Խուդաֆերինի ջրամբար։ Հիշեցնենք, որ այդ հատվածի արցախյան մասում երեկ հակառակորդը հետ է շպրտվել՝ ունենալով զգալի կորուստներ։