Ադրբեջանում կառավարություն չկա. Ռուսաստանն ու Իրանը պետք է չուշանան

Ադրբեջանում կառավարություն չկա. Ռուսաստանն ու Իրանը պետք է չուշանան

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները՝ Մակրոնն ու Պուտինը, հեռախոսազրույց են ունեցել արցախյան պատերազմի թեմայով, խոսելով ՄԱԿ ԱԽ գծով գործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին: ՌԴ նախագահն ու Ֆրանսիայի նախագահը, այսպես ասած, երկու անհաջողակներն են դիվանագիտական նախաձեռնությունների իմաստով: Իհարկե, անհաջողակությունն այս դեպքում հարաբերական կամ պայմանական է, բայց խոսքը այն մասին է, որ նրանք եղել են երկու հրադադարի նախաձեռնողներ, ինչը, սակայն, չի դարձել իրականություն: Հոկտեմբերի 9-ին Պուտինի նախաձեռնությամբ և որոշակիորեն նաև նրա մասնակցությամբ եղավ հրադադարի նախաձեռնություն ու քննարկում, որը, սակայն, այդպես էլ չդարձավ իրականություն: Հոկտեմբերի 18-ին էլ այդպիսի նախաձեռնության ու հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարեց Ֆրանսիան, ինչը, սակայն, դարձյալ եղավ ապարդյուն: Այդպիսով, եթե փոքր-ինչ ընդհանրացնենք, ապա Պուտինին ու Մակրոնին միավորում են երկու չկայացած հրադադարները, որոնք խորքային առումով այլ բան չեն, քան հարված նրանց անձնական հեղինակությանը: Ընդ որում, այստեղ հարցն այն է, որ սա առավել ցավոտ խնդիր է ՌԴ նախագահի համար, քանի որ խոսքը նրա պետության հռչակած կենսական շահերի տարածք-ռեգիոնի մասին է, որտեղ փաստորեն Պուտինի խոսքն այլևս չունի կշիռ, որը թույլ կտա վերականգնել կայունությունն այդ ռեգիոնում: Բաքուն, վերածվելով Անկարայի պլացդարմի և պատերազմի գործիքի, ըստ էության արժեզրկել է ՌԴ նախագահի քաղաքական կշիռը Կովկասում: Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է անել Պուտինն այդ կշիռը վերականգնելու համար: Հնարավոր է դիտարկել, իհարկե, շատ անելիքներ՝ թե՛ քաղաքական, թե՛ նաև ռազմական դաշտում: Օրինակ՝ ՌԴ-ն զորավարժություն է սկսել Կասպիական նավատորմով, որը իրականացվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ գործակցված: Ազդո՞ւմ է այդ հանգամանքը Բաքվի վրա, թե՞ ոչ: Անկարայի վրա այդ հանգամանքը չի ազդելու, սա ակնառու է, հետևաբար՝ որպեսզի ազդի Բաքվի վրա, Բաքուն պետք է շոշափելիորեն զգա այդ նավատորմի ուժն ու այն, որ Թուրքիան չի կարող պաշտպանել դրանից: Ռուսաստանն ու Իրանն ունեն Ադրբեջանի տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու լեգիտիմ իրավունք, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսաստանն ու Իրանն իրենց այդ իրավունքը իրականացրել են, օրինակ, Սիրիայում, իհարկե սիրիական կառավարության հավանությամբ և կոչով: Սպասել, թե լինելու է այդպիսի կոչ ադրբեջանական կառավարությունից, իհարկե մոլորություն է: Մյուս կողմից, սակայն, խնդիրն այս իմաստով ունի բոլորովին այլ շերտեր: Նախ՝ անկասկած է, որ Սիրիայում անգամ կառավարական հավանություն չունենալու դեպքում Մոսկվան ու Թեհրանը կատարելու էին իրենց հակաահաբեկչական քայլերը, ահաբեկիչներին դիտարկելով իրենց կենսական շահի սպառնալիք: Նույն վիճակը ներկայումս Արցախի դեմ ահաբեկչական պատերազմն ու Կովկասի թուրքական ահաբեկչանացման պարագայում է, ըստ այդմ՝ Մոսկվան ու Թեհրանը կարող են չսպասել Ադրբեջանի կառավարության հավանությանը կամ դիմումին: Առավել ևս, և սա առանցքայինն է, որ ներկայումս, մեղմ ասած, հարաբերական է Ադրբեջանի կառավարություն հասկացությունը: Ռուսական հետախուզությանը հղում անելով՝ ռուսական «Կոմերսանտն» էր հստակ տեղեկություն հրապարակել, որ Արցախի դեմ պատերազմը ղեկավարել են թուրքական պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը: Ադրբեջանի կառավարություն չկա և սա իր հերթին ևս մի լեգիտիմ առիթ է Ռուսաստանին ու Իրանին հակաահաբեկչական գործողություն իրականացնելու և Ադրբեջանում կառավարություն ձևավորելու համար, քանի դեռ այն չեն ձևավորել ահաբեկիչները, որ սպառնում են Ռուսաստանին և Իրանին: Ի դեպ, Ֆրանսիան այդ իմաստով կարող է ունենալ հիմնարար նշանակություն, դառնալով Արցախի անկախությունը ճանաչող առաջին պետությունն ու այդպիսով էապես բարենպաստ դարձնելով հակաահաբեկչական գործողության միջավայրը ՌԴ և Իրանի համար: