«Բայրաքտարները»՝ հայկական գետնին. կարևոր փոփոխություն

«Բայրաքտարները»՝ հայկական գետնին. կարևոր փոփոխություն

Տեսնես ինչքա՞ն «Բայրաքտար» ունեն, ֆեյսբուքյան գրառում էր արել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ներկայացնելով թուրքական արտադրության «Բայրաքտար» տիպի ԱԹՍ-ներից հերթականի խոցումը: Հայկական կողմը վերջին երկու օրերին ներկայացրել է արդեն երկրորդ խոցված «Բայրաքտարը»: Այստեղ առանձնահատկությունն այն է, որ հայկական զինուժի համար այդ ԱԹՍ-ները ստեղծել են որոշակի խնդիրներ, այսպես ասած, տեխնոլոգիական նորություն լինելու առումով: Ընդհանրապես, «Բայրաքտարները» թե՛ Սիրիայում՝ Իդլիբում, թե՛ Լիբիայում բավականին խնդիրներ էին ստեղծել ՀՕՊ համակարգերի համար, որոնք հիմնականում ռուսական են, ինչպես հայկական զինուժի պարագայում: Եվ ահա, Երևանը ներկայացնում է արդեն երկրորդ խոցված թուրքական անօդաչուն, կամ, այլ կերպ ասած՝ կոտրվում է դրանց անորսալիության միֆը: Սա ոչ միայն հոգեբանական կարևոր գործոն է մեզ համար, հայկական զինուժի համար, այլ գործնականում նաև տեխնոլոգիական կամ ռազմարդյունաբերական, եթե կարելի է ասել այդպես: Եվ միևնույն ժամանակ, իհարկե, նաև քաղաքական, ռազմաքաղաքական: Այդ ամենը տվյալ պարագաներում կազմում են մեկ ամբողջական հանրագումար: Պատերազմի, այն էլ լայնածավալ պատերազմի պարագայում չկա մեկ առանձին վերցրած գործոն և դրանց ամբողջությունը կազմում է ռազմաքաղաքական այն պաշարը, որով պետությունները պատերազմում են թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական-քաղաքական ճակատում: Իսկ ներկայումս, ինչպես ակնառու է, կարևորագույն գործընթացները ծավալվում են այդ երկու զուգահեռով, ինչի վկայություն է և այն, որ վարչապետ Փաշինյանը բավականին աշխուժացրել է շփումները տարբեր քաղաքական ուժերի հետ, նաև հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախկին երկու նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ: Նիկոլ Փաշինյանն ի դեպ գրառում էր արել նաև «Բայրաքտարների» առումով՝ նշելով, որ մինչ այժմ եղել են մոտ տասնյակի չափ խոցումներ, սակայն նրանցից որևէ մեկը չի ընկել Արցախի ՊԲ ենթակայության տարածքում, այսինքն՝ հնարավոր չի եղել դրանք ստանալ: Սա ամենևին զուտ տեխնիկական գրառում չէ, սա կարևոր քաղաքական նշանակություն ունեցող ազդակներ պարունակող գրառում է: Այսինքն՝ հայկական կողմը ստացել է «Բայրաքտարները» տնօրինելու հնարավորություն, ինչը մեր նշած փաթեթային ռազմաքաղաքական փոփոխության ոչ երկրորդական նախադրյալ-դետալ է լայն իմաստով: