Վաշինգտոնի հանդիպումը մեր սփյուռքի քննությունն է․ մենք պետք է լարվենք, որ հաղթենք

Հաջողությունների մասին ռազմաճակատից եկող լուրերը նաև հոգեբանական ազդեցություն ունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ մեր բանակի առաջխաղացումը ոգևորիչ է, և մեր թիկունքը բանակին արժանի պետք է լինի: Անդրադառնալով հարցին, թե ինչ կարելի է ակնկալել առաջիկայում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց. «Դրանից առաջ Մոսկվան և ԵԱՀԿ Մինսկի խումբը, նաև տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ ասացին իրենց խոսքը: Գերտերությունների դիրքորոշումը կարևոր է: ՌԴ արտգործնախարարի և պաշտպանության նախարարի խոսքը լուրջ էր, բայց Ադրբեջանը անլուրջ ընկալեց և անհնազանդություն ցուցաբերեց: Ֆրանսիայի խոսքն էլ չընկալվեց Ադրբեջանի կողմից, տեսնենք՝ ինչ կասի ԱՄՆ պետքարտուղարը, իհարկե ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն ավելի լուրջ կլիներ: Այս հանդիպումից հետո, կարծում եմ՝ կհետևեն ավելի հետաքրքիր իրադարձություններ: Մենք պետք է նաև թիկունքում համերաշխ լինենք, դիմադրենք, կարողանանք հաղթել, դա ազգային գոյության ծրագիր է: Վաշինգտոնյան հանդիպումը նաև մեր Սփյուռքի քննությունն է: Ամերիկյան Սփյուռքը մինչև հիմա արդյունավետ է գործել՝դրսևորելով թավշյա անհնազանդություն: Թրամփը երկար լռությունից հետո հիացմունք արտահայտեց հայերի հայրենսիրության ու նվիրումի վերաբերյալ: Հույս ունեմ, որ ԱՄՆ պետքարտուղարի խոսքում պարտադրանք  կլինի, և պարտադրանքը չկատարելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ»: «Հրադադարի կոչ անող երկրները տեսնում են, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրում է չդադարեցնել կրակը, բայց ամեն մեկն իր խաղն է խաղում»,- ասաց Արմեն Մատիրոսյանը: Նրա խոսքով՝ այն, թե ինչ գործելաոճ կդրսևորվի ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից, կախված է երեք գործոնից՝ մեր բանակի հաջողություններից, մեր թիկունքի ամրություն ցուցաբերելուց և նրանից, թե արդյոք ամերիկահայերը կկարողանան էլեկտորալ ճնշում կիրառել Թրամփի վրա: «Գեոպոլիտիկ շահերի բախում կա, խնդիրներ կան, որոնք հաղթահարելը դժվար է. ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կռվում է ԱՄՆ հակառակորդ երկրի դաշնակցի հետ»,- ասաց Մարտիրոսյանը: Մանարամասն՝ տեսանյութում: