Մենք պետք է փակենք այնպես, որ որևէ մեկը մեր երկրում թուրքական որևէ ապրանք չկարոտի

Մենք պետք է փակենք այնպես, որ որևէ մեկը մեր երկրում թուրքական որևէ ապրանք չկարոտի

«Թուրքական ապրանքներից հրաժարվելը կարող է ոչ մի բացասական հետևանք էլ չունենալ մեր տնտեսության վրա։ Ավելին՝ հնարավոր է նաև դրական ազդեցություն լինի։ Պարզապես հարկավոր է շատ արագ վերակազմավորել, նոր շուկաներ գտնել, իսկ որոշ ապրանքների մասով էլ զարկ տալ տեղական արտադրանքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Հիշեցնենք. օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Այդ որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես (սկզբի համար՝ վեց ամսով) արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Հավելենք, որ այս օրերին թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացին են միացել նաև Սաուդյան Արաբիան ու Մարոկկոն։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե արգելքից հետո մենք ինչ ծավալի աշխատանք կտանենք։ Եթե մենք ինտենսիվ կպնենք գործին, ապա շատ ավելի շուտ կարող ենք ներմուծումներ սկսել, քան օրենքը կարգելի Թուրքիայից ապրանքների ներմուծումը։ Իսկ եթե հապաղենք, դանդաղենք, մտածենք, որ դա ժամանակավոր լուծում է, բիզնեսն էլ քաշվի մի կողմ, ու քանի դեռ արգելող օրենքը չկա, էդ ժամանակահատվածում էլ շարունակի Թուրքիայից ներմուծումը, ապա հաստատ կկանգնենք պրոբլեմի առաջ։ Դրա համար պետք է հասկանալ, որ որոշումը չի բեկանվելու, Թուրքիայից այլևս ներմուծում չի լինելու, ու արագ անցնենք այդ որոշումից բխող խնդիրները լուծելու գործին։ Մենք պետք է հասկանանք, թե որ ոլորտներում է, որ հնարավոր է մեկ տարվա կտրվածքով հասնել նրան, որպեսզի ներմուծման կարիք այլևս չունենանք, իսկ որ ոլորտներում կարող ենք ինքնաբավ լինել։ Շատ արագ է այս ամենը պետք անել։ Ժամ շուտ»,- ասաց Պիպոյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ բիզնեսի դրսևորման տեսանկյունից որոշակի խնդիրներ կարող են առաջանալ այն ուղղություններում, որտեղ, օրինակ, փոքր բիզնեսը քիչ փողով կարող է գնալ-գալ, իսկ ալտերնատիվ առաջարկող երկրներ, օրինակ, նուն փոքր բիզնեսը չի կարող քիչ փողով գնալ-գալ. «Հետևաբար պետությունը այստեղ մեծ անելիք ունի՝ հասկանալու խոչընդոտները, հնարավոր խնդիրները՝ գործընթացը անցնցում կազմակերպելու համար, և լուծումներ տալու այդ խոչընդոտներին։ Պետք է հասկանանք, որ առաջիկայում մենք մեր ծախսերի, տնտեսական ակտիվության հետ ենք գործ ունենալու, և հարկավոր է շատ արագ հասկանալ, թե որ ուղղություններում են, որ գերինտենսիվ, ներդրումային ծրագրեր ենք անելու, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, և որ ուղղություններն են, որ առաջիկա 3-5 տարիներին դեռ պետք է ներմուծենք այլ շուկաներից։ Օրինակ՝ տեքստիլի մասով այսօր մենք մրցունակության հասնող արտադրանք ունենք, բայց դրանց գինը բարձր է, ու թուրքական արտադրանքը շատ ավելի մատչելի է թվում։ Դրան հակառակ՝ մենք ունենք շուկաներ, որոնք բավարարում են եվրոպական քմահաճ սպառողին, բայց այդ արտադրանքը մեր սպառողների մեջ մեծ սպառում չունի, քանի որ նրանք սովոր են տարիներ շարունակ երկիր եկող ավելի մատչելի արտադրանքին։ Եվ հետո՝ լրիվ ուրիշ բան է պատրաստի հագուստը, ուրիշ բան է՝ կտորը, թելը։ Մի խոսքով՝ եթե պետությունը գերարագ քայլեր ձեռնարկի, կպնի գործին, ապա հավատացեք՝ խնդիրները կլուծվեն։ Կրկնում եմ՝ միայն հարկավոր է, որ պետությունը կոշտ դնի, թե հրաժարվում է թուրքականից, ու պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ երբևէ որևէ մեկը չասի՝ ինչ լավ էր, որ թուրքականը կար։ Մենք պետք է փակենք այնպես, որ որևէ մեկը մեր երկրում թուրքական որևէ ապրանք չկարոտի»,- ընդգծեց Պիպոյանը։