ՄԱԿ-ի հայտարարությունն ուշացած է, քանի որ արդեն 24 օր պատերազմ է ընթանում

ՄԱԿ-ի հայտարարությունն ուշացած է, քանի որ արդեն 24 օր պատերազմ է ընթանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա): - Նախօրեին Հունաստանի առաջարկը ԵՄ մի շարք երկրների կողմից մերժվեց՝ կապված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հետ: Պատժամիջոցներին դեմ են արտահայտվել Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Հունգարիան ու Մալթան: Ինչպե՞ս եք սա գնահատում: - Դա զանազան պատճառներ ունի, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Նախևառաջ հենց ադրբեջանական կողմից Մալթայում տեղի ունեցավ թղթակցուհու սպանությունը, որը ադրբեջանական SOCAR ընկերության խնդիրներով էր զբաղվում: Զարմացած եմ, իհարկե, Գերմանիայի դիրքորոշումից, քանի որ գերմանացի պատգամավորները հենց Ստեփանակերտից հայտարարեցին, թե ողբերգությունն ինչ մասշտաբների է հասել, և ինչ է նշանակում Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Իսրայելի սպառազինությունների հարձակմանը ենթարկվելը: Զարմացած չեմ Հունգարիայի պահվածքից հայտնի պատճառներով՝ սկսած Սաֆարովին ազատ արձակելու այլանդակ քայլից: Սա նշանակում է, որ մեր թե՛ պետական, թե՛ հասարակական դիվանագիտական հնարավորություններով այս ճգնաժամային վիճակում դյուրին չէ այդ խնդիրները լուծել: Դու չես կարող նման պայմաններում փոխել քո դիվանագիտական կորպուսին, դա արդեն վարչապետի և ԱԳ նախարարի գիտենալիք խնդիրն է: Սա որդեգրվելիք ռազմավարության հետ է կապված: Այսինքն՝ դիմել այլ քայլի՝ լավ իմանալով, որ պետք է պարտվեն, ես այդ քայլը չեմ հասկանում: Այսինքն՝ ո՞նց որոշեց Հունաստանի ներկայացուցիչն այդ քայլին գնալ, երբ նախօրոք պետք եղած համաձայնությունները ձեռք չէր բերել: - Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել, որտեղ կարևորել է Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: - Նախ պետք է արձանագրել, որ իրենք ուշացել են, երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչ միջոցներ են ընդհանրապես հայթայթելու, այսինքն՝ ինչ տեսակ մասնագետներ, փորձագետներ, որոնք կարող են առաջարկել Արցախի իշխանություններին, որպեսզի կարողանան այդ հսկողությունն իրականացնել: Ինձ համար այս մոտեցումը շատ գովելի է, բայց նախ՝ այն արդեն ուշացել է, քանի որ արդեն 24 օր պատերազմ է ընթանում՝ հակառակ նրան, որ Արցախի իշխանությունները տարիներ ի վեր խնդրում են, առաջին հերթին՝ ԵԱՀԿ անդամ երկրներին, բայց նաև այլ երկրների, միջազգային կառույցներին, որ տեղադրվի միջադեպերը վերահսկող մեխանիզմ: Իմիջիայլոց, նույնկերպ հարկավոր կլինեն դրանք տեղադրել նաև Հայաստանի սահմանին ընդհանրապես: Հաջորդը. այս տեսակ ցանկությունը ոչ մի բանի չի ծառայում, եթե հետո հսկիչները չկարողանան պետք եղած ձևով ասել, թե ով է իրականության մեջ խախտել զինադադարը: Այստեղ մարտավարական խնդիրներ էլ կան, թե ինչպես Պաշտպանության բանակը պետք է շարժվի, ինչպես պետք է եզրակացության հասնի: Այս պահին իրողությունը, որքան հասկացա, այդքան մեզ համար նպաստավոր չէ: Բայց գիտեմ, որ մենք ռազմական ռեսուրսներ ունենք, ինչպես նաև ունեինք ժամանակին, երբ շատ ավելի մեծ էր տարբերությունը զինամթերքի և այլ պայմանների Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի միջև: Հայկական ուժերը կարողացան մեծ հաջողությունների հասնել՝ նույնիսկ ազատագրելով ավելի շատ տարածքներ, քան երևակայելի էր: Դրա համար ես այդքան կատաստրոֆիկ չեմ նայում նրան, ինչը վերաբերում է մեր հնարավորություններին, մեր ուժերին: Բայց իրենք էլ պետք է հասկանան, թե սա ինչ է նշանակում: Արդյոք հսկողների տեղադրումն առաջի՞ն փուլն է իսկական զինադադարի հասնելու, իսկ հետո Ղարաբաղի իշխանություննե՞րը պետք է որոշեն, թե այսուհետև որոնք են լինելու քաղաքական քայլերը: Որովհետև մի բան է՝ ոչ իրատեսական, դատարկ հերոսական հայտարարություններով ասպարեզ գալը և դա անելը ի հաշիվ հայկական կյանքերի, այլ բան է իրատեսական լուծման հասնելը, որը, սակայն, կկարողանա ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքը: