Ադրբեջանում վախենում են Հայաստանի հետ հանդիպումից. թշնամին շարունակում է էժանագին սադրանքը

Ադրբեջանում վախենում են Հայաստանի հետ հանդիպումից. թշնամին շարունակում է էժանագին սադրանքը

Ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել իտալացի լրագրող Էմանուելե Ջուլիանելիի գիրքը Ադրբեջանի չեմպիոն Աղդամի «Ղարաբաղի» մասին, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել ֆուտբոլային աշխարհում: «Աղդամի մասին առաջին անգամ տեղեկացա 2009 թվականին, երբ Հայաստանում էի: Հայերն ինձ խորհուրդ չտվեցին գնալ այդ քաղաք՝ պնդելով, որ դա վտանգավոր է: Այդ օրվանից Աղդամը մնաց իմ սրտում: «Ղարաբաղի» պատմությունը հետաքրքիր և հուզիչ է այն առումով, որ այս թիմը չունի տուն: Ավելի ճիշտ՝ «Ղարաբաղի» տունը՝ Աղդամը, հողին է հավասարեցված: «Ղարաբաղի» պատմության մասին ես գրել եմ Eurasianet-ում, Corriere della Sera-ում, ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդեսում, ինչպես նաև բազմաթիվ այլ լրատվամիջոցներում: Տարիներ շարունակ հավաքել եմ նյութեր՝ զրուցելով ֆուտբոլիստների, մարզիչների, քաղաքական գործիչների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հետ: Ես փորձել եմ հնարավորինս հավաստի և ստույգ տեղեկություններ զետեղել Ղարաբաղյան հիմնահարցի և «Ղարաբաղ» ակումբի մասին»,- հայտարարել է Ջուլիանելին: Վերջինս բացահայտ կերպով հայերին ներկայացրել է որպես ագրեսոր, կարծիք է հայտնել, որ մինչ օրս նույնիսկ ֆուտբոլիստներն ու մարզիչները վախենում են հայերից և չեն ցանկանում մրցել նրանց հետ: «Ադրբեջանում ֆուտբոլը օր օրի զարգանում է: Դրա ապացույցը հենց «Ղարաբաղի» փառահեղ ելույթներն են եվրագավաթների խաղարկություններում: Դեռևս 2012 թվականին Բաքվի «Նեֆթչին» հայտնվել էր Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Ճիշտ է, այս թիմը ոչ մի հաղթանակ չտոնեց, բայց որակավորման փուլը հաղթահարելը մեծ նվաճում էր: Զգալի առաջընթաց է գրանցել նաև Ադրբեջանի ազգային հավաքականը: Վերջինս 2014 թվականին 135-րդն էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: 2016 թվականին Ադրբեջանի ազգային թիմը 90-րդն էր, իսկ հիմա 102-րդն է: Լայնածավալ աշխատանքներ են տարվում ազգային հավաքականը թարմացնելու և ուժեղացնելու համար: Ազգերի լիգայի խաղարկությունում Ադրբեջանը տեսականորեն կարող է հանդիպել Հայաստանի հետ: Այսօր, սակայն, Ադրբեջանում վախենում են Հայաստանի հետ հանդիպումից, ինչը ցավալի իրողություն է: Դրա վառ ապացույցը Ադրբեջանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովի՝ դեռևս Ազգերի լիգայի նախորդ խաղարկության ընթացքում հայտնի հայտարարությունն է: Իմ այն հարցին՝ ցանկանո՞ւմ է արդյոք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպեն Ազգերի լիգայում, Գուրբանովը պատասխանել էր. «Հայերի հետ կարող ենք խաղալ միայն Ազգերի լիգայի եզրափակչում, այն էլ՝ չեզոք դաշտում: Բնական է, որ չէի ցանկանա խաղալ թշնամի հայերի դեմ»: Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին այսօր խոսելը, կարծում եմ, անիմաստ է: Ես զրուցել եմ 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավար Մարիո Ռաֆաելեի հետ: Նա ասել էր, որ խնդիրը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ կողմերը անկեղծորեն ցանկանան դա: Եթե իրավիճակը սթափ վերլուծենք, կհասկանանք, որ Ռուսաստանն ամենևին չի ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծում ստանա: Ռուսները ցանկանում են ազդեցություն ունենալ թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների վրա: Ռուսներն ամեն ինչ կանեն, որ պահպանեն իրենց ռազմական դիրքը տարածաշրջանում: Լարված իրավիճակը ձեռնտու է նաև Իրանին, որտեղ բնակվում են 13 միլիոն ադրբեջանցիներ: Թուրքիայի հետ Հայաստանը խնդիր ունի այլ հարցի վերաբերյալ: Հետևաբար սպորտն ու մասնավորապես ֆուտբոլը չեն կարող նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը»,- ասել է Ջուլիանելին: Տարատեսակ սոցիալական կայքերում և ֆորումներում վերջինիս գիրքը հասցրել է սուր քննադատության ենթարկվել: Մասնավորապես, շատ ֆուտբոլասերներ «Ղարաբաղը» համարում են շինծու և քաղաքականացված թիմ, որի նպատակը ոչ թե սպորտային հաջողությունն է, այլ սպորտի միջոցով քաղաքական հարցեր բարձրացնելը: Ջուլիանելիի գիրքը որակվել է որպես միակողմանի և սադրիչ: Պատշաճ կերպով չտիրապետելով արցախյան հիմնահարցին՝ ուղղակի չէր կարելի հանդես գալ նման շեշտադրումներով: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ իտալացի լրագրողը պատվեր է կատարել՝ էժանագին եղանակով փորձելով ներկայացնել Ադրբեջանը որպես հալածված կողմ: Խոսելով ադրբեջանական ֆուտբոլի վերելքի մասին՝ Ջուլիանելին ամենևին էլ չի հիշատակել հարևան երկրի ակումբների եվրագավաթների խաղարկությունում վերջին ձախողումները: Ադրբեջանական ակումբային ֆուտբոլն այսօր կրախի առաջ է կանգնած: Ադրբեջանցի երկրպագուները պահանջում են ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի հրաժարականը: Երկրպագուները վստահ են, որ Ադրբեջանի հավաքականին չի հաջողվելու հաղթահարել Ազգերի լիգայի խմբային փուլը: Մասնավորապես, Ադրբեջանի հավաքականի հետ միևնույն ենթախմբում են ընդգրկված Կիպրոսի, Մոնտենեգրոյի և Լյուսքեմբուրգի հավաքականները: 4-րդ տուրից հետո իտալացի բարձրակարգ մասնագետ Ջիանի դե Բյազիի հավաքականը 4 միավորով 3-րդ հորիզոնականում է և 5 միավորով զիջում է 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Լյուքսեմբուրգին և Մոնտենեգրոյին։ Արդեն իսկ պարզ է, որ ադրբեջանցիներին չի հաջողվի ենթախմբում առաջին տեղը զբաղեցնել։