Ադրբեջանական մառազմն ու խեղկատակությունը ֆուտբոլի դաշտում…

Ադրբեջանական մառազմն ու խեղկատակությունը ֆուտբոլի դաշտում…

Նախօրեին վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերը դադարեցվել էին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ դրսևորած ռազմական ագրեսիայի հետևանքով։ Այդ պատճառով ՈՒԵՖԱ-ն թույլ չէր տվել մեր երկրում անցկացնել նաև միջազգային հանդիպումներ։ Մասնավորապես, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆի մրցավեճը անցկացրեց Կիպրոսում, իսկ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության Վրաստանի հետ մրցավեճը՝ Վրաստանում։ Ինչևէ, պատերազմական իրավիճակում մեր երկրում ֆուտբոլը այնուամենայնիվ շարունակում է շնչել, և սա միանգամայն նորմալ է։ Ռազմական դրության պայմաններում ներքին առաջնության ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվում նաև Ադրբեջանում, բայց... Այս երկրում սպորտային հանդիպումները վերածվել են խեղկատակության, ինչը չի վրիպել նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից։ Մասնավորապես, ադրբեջանական թիմերը խաղադաշտ են դուրս եկել զոհված զինվորականների լուսանկարներով դիմակներով, տրիբունաներն էլ ողողված են պաստառներով, որոնց վրա իբր Հայաստանի կողմից օկուպացված քաղաքների անուններն են։ Չնայած սպորտը չքաղաքականացնելու կոչերով շարունակ հանդես էին գալիս ադրբեջանցիները, նրանց իսկ կողմից դրսևորվում է խայտառակ և ինչ-որ տեղ նույնիսկ ծիծաղելի քաղաքական ակցիա: Ադրբեջանական մամուլը գրում է, որ թիմերը փորձում են հարգանքի տուրք մատուցել ադրբեջանցի զոհված զինվորներին: Խաղերից մեկից առաջ պաշտոնական արարողության ժամանակ ֆուտբոլիստները պարզել են Hər damla qanınızdır Azərbayca գրությամբ ցուցապաստառը, ինչը թարգմանաբար նշանակում է. Ադրբեջանը մեր արյան յուրաքանչյուր կաթիլն է: Ցուցապաստառի ներքևի հատվածում էլ գրված են եղել զոհված զինվորների անունները: Անկախ ազգային պատկանելությունից՝ զինվորի կորուստը ցավ է: Ցավը կիսելու համար կան համապատասխան վայրեր և միջոցառումներ: Եթե ադրբեջանական թիմերի ֆուտբոլիստների արյան յուրաքանչյուր կաթիլը Ադրբեջանն է, ապա նրանք կարող էին ներկա գտնվել զինվորների hուղարկավորությանը կամ հոգեհանգստին: Ի դեպ, նման ցուցապաստառի առկայությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել հասարակության շրջանում: Նշենք, որ ադրբեջանական թիմերում խաղում են լեգեոներներ Ալբանիայից, Բոսնիայից, Իսպանիայից, Ուկրաինայից և էլի մի շարք երկրներից։ Ինչ է ստացվում՝ Ադրբեջանը նշված ազգությամբ ֆուտբոլիստների արյան կաթի՞լն է: Ուղղակի ծիծաղելի է: ՖԻՖԱ-ի կանոնադրության մեջ հստակ գրված է, որ ֆուտբոլը չի կարելի քաղաքականացնել: Ադրբեջանական թիմերը ոչ միայն անթույլատրելի ակցիա են իրականացրել, այլև թիմի օտարերկրացի խաղացողներին օգտագործել են Ադրբեջանի արտաքին քաղաքական խնդիրներին առնչվող գործողություններում։ Հիշենք տարիներ առաջ Երևանում կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Նման դեպքերում ՖԻՖԱ-ի կողմից բավական խիստ է դրված մարզադաշտում քաղաքական պաստառների և նմանատիպ այլ դրսևորումների հարցը: Ու թեև մեր մարզասերների մեջ կար ցանկություն ընդդեմ Թուրքիայի պահանջատիրական գործողությունների ակցիա իրականացնելու, այդուհանդերձ «Հրազդան» մարզադաշտ եկած մոտ 50 հազար երկրպագուները զերծ մնացին դա անելուց: Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ հայտարարություններ են արել մեր երկրում հանդես եկող բազմաթիվ օտարերկրացի ֆուտբոլիստներ։ Սոցցանցերի իրենց էջում Հայաստանին և Արցախին զորակցելու լուսանկարներով և հայտարարություններով հանդես են եկել «Արարատ-Արմենիայի» սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը, «Ալաշկերտի» և Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրեա Դրագոևիչը և էլի մի քանի ֆուտբոլիստներ։ «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչն էլ լուսանկար հրապարակելով Հայաստանի և Արցախի դրոշների հետ՝ գրել է. «Սերբերը միշտ ձեր կողքին են, իմ Հայաստան»։ Սա որևէ չի կերպ չի կարելի համեմատել Ադրբեջանում տեղի ունեցող մառազմի և խեղկատակության հետ։ Վերը նշված ֆուտբոլիստները սոցիալական ցանցերի անձնական էջերում իրենց կարծիքն ու դիրքորոշումն են հայտնել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Այո, յուրաքանչյուր ոք, անկախ մասնագիտությունից, ունի իրավունք արտահայտելու իր հայացքներն ու դիրքորոշումը։ Բայց սպորտի հարթակն ուղղակի չի կարելի օգտագործել և շահարկել այլ նպատակներով։