Եթե չլիներ Դավիթ Յուրչենկոն… Ինչո՞վ է մտածում Խոակին Կապառոսը

Եթե չլիներ Դավիթ Յուրչենկոն… Ինչո՞վ է մտածում Խոակին Կապառոսը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին կրկին չհաջողվեց հաղթել։ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում այս անգամ մեր ֆուտբոլիստները Տալլինում ոչ-ոքի՝ 1։1 խաղացին Էստոնիայի ընտրանու հետ։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Երևանում կայացած մրցավեճում մեր հավաքականն առանց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի 2։0 հաշվով հաղթել էր էստոնացիներին։ Վերլուծելով մերոնց ցուցադրած խաղը՝ այն կարելի է որակել թերևս մեկ բառով՝ խայտառակ։ Իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապառոսը ոչ միայն դրական նոտաներ չի հաղորդել թիմին, այլև հասցրել է քանդել այն, ինչ ունեինք։ Բավական թույլ մրցակցի դեմ խաղում մեր ֆուտբոլիստներին մեծ ճիգերի գնով էր հաջողվում գոնե 2-3 ճշգրիտ փոխանցում կատարել։ Մրցակցի կիսադաշտ հասնելը լուրջ խնդիր էր Հայաստանի հավաքականի համար։ Գնդակ պահելու մասին խոսելը ավելորդ ենք համարում, քանզի գնդակ պահող կիսապաշտպաններ մեր հավաքականում ըստ էության չկան։ Պաշտպանության ձախ եզրում Կապառոսը շարունակում է վստահել իր Արման Հովհաննիսյանին, ով մեկ տարուց ավելի չի խաղացել իր ակումբում։ Հենակետային գոտին ամրացնելու ուղղությամբ ևս Կապառոսը ոչինչ չի անում։ Ձեռքի տակ ունենալով Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի՝ իսպանացի մասնագետը ուղղակի չի կարողանում օգտագործել նրան խաղադաշտում։ Ոմանք Մխիթարյանին մեղադրում են թույլ խաղի համար։ Իսկ ի՞նչ պետք է աներ Մխիթարյանը, երբ հազվադեպ էր գնդակ ստանում։ Ի՞նչ պետք է աներ Մխիթարյանը, երբ խաղընկերները ազատ տարածություն չէին փնտրում փոխանցում ստանալու համար։ Իհարկե, կարող ենք մեղադրել որոշ ֆուտբոլիստների թույլ խաղի համար, բայց... Ֆուտբոլիստներին կարելի է մեղադրել թերևս այն դեպքում, երբ նրանք թերանում են առաջադրանքը կատարելիս։ Իսկ ի՞նչ առաջադրանք էր նրանց տվել Կապառոսը։ Այս հարցի պատասխանը գտնելը ուղղակի անհնար է։ Տարակուսելի է նաև, որ Կապառոսը չի ցանկանում մեկնաբանել սխալների կամ բացթողումների մասին հարցադրումները՝ նշելով միայն, որ անում է այն, ինչը ճիշտ է համարում։ Դրա հետևանքով շարունակում է հեղինակազրկվել մեր երկրի գլխավոր թիմը։ Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի հասարակության համար նույնիսկ փոքր հաղթանակները անհրաժեշտ են օդի և ջրի պես։ Այո, հավաքականի տղաները դուրս էին եկել մարտի։ Բայց, օրինակ, վրացիների դեմ խաղում ամենաթեժ պահին Կապառոսը որոշեց դաշտ մտցնել մի ֆուտբոլիստի, որը երբևէ չէր հրավիրվել հավաքական, իսկ իր ակումբում Հայաստանի առաջնության հանդիպումներում միայն փոխարինման է դուրս գալիս։ Արդեն իսկ կարող ենք ասել, որ հայկական ֆուտբոլը կրակն է ընկել իսպանացի մասնագետների ձեռքը։ Նրանցից Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը 0։10 հաշվով զիջեց Շվեդիային, իսկ Կապառոսի հավաքականի ցուցադրած խայտառակ ֆուտբոլը ջղաձգումներ է առաջացնում ծանր օրեր ապրող հասարակության շրջանում։ Ինչո՞վ է մտածում Կապառոսը։ Վստահաբար կարող ենք ասել, որ եթե չլիներ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, հատկապես վերջին երկու հանդիպումներում պատկերը բոլորովին այլ կլիներ։ Այո, Վրաստանի և Էստոնիայի հետ հանդիպումներում ոչ-ոքի խաղացինք Յուրչենկոյի շնորհիվ, ով առնվազն 7-8 անգամ փրկեց գոլից։ Կարելի է առանձնացնել նաև Տիգրան Բարսեղյանին, ով առանձնակի նվիրումով խաղալով՝ երկու խաղում դարձավ նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Վրաստանի դեմ մրցավեճում բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեց նաև Խորեն Բայրամյանը, ով ըստ էության միայնակ, այսպես ասած, պահեց աջ եզրը՝ աչքի ընկնելով նաև սուր գործողություններով։ Էստոնիայի դեմ խաղում էապես նկատվեց Բայրամյանի բացակայությունը։ Այս պահին Հայաստանի հավաքականը 5 միավորով շարունակում է ենթախմբում մնալ 3-րդ հորիզոնականում՝ մեկ միավորով զիջելով 1-2-րդ տեղերում գտնվող Վրաստանին և Էստոնիային։ Երեկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1։1 խաղաց վրացիների հետ։ Ի դեպ, ինչպես առաջին, այնպես էլ երեկվա խաղում մակեդոնացիները հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով։ 1։1 էր ավարտվել նաև Թբիլիսիում կայացած Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Այո, մեր հավաքականը ունի հնարավորություն առաջին հորիզոնականը զբաղեցնելու։ Բայց արդյոք դա հնարավո՞ր է նման խաղով։ Արդյոք վերջին երկու հանդիպումներում տեսա՞նք նախադրյալներ կամ հիմքեր զարգանալու և առաջ գնալու։ Հարցի պատասխանը թողնում ենք անպատասխան։ Այո, հավաքականին փրկեց Յուրչենկոն, իսկ ով պետք է փրկի վաղը։