Էստոնիա-Հայաստան. Եթե Կապառոսը աբսուրդային «էքսպերիմենտ» չանի

Էստոնիա-Հայաստան. Եթե Կապառոսը աբսուրդային «էքսպերիմենտ» չանի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը 4-րդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում՝ Տալլինում հյուրընկալվելով Էստոնիային։ Այս պահին Հայաստանի հավաքականը 4 միավորով շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում՝ մեկ միավորով զիջելով 1-2-րդ տեղերում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Էստոնացիներին հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը առնվազն կհայտնվի 2-րդ հորիզոնականում։ Եթե Հյուսիսային Մակեդոնիա-Վրաստան հանդիպումը ավարտվի ոչ-ոքի, իսկ մերոնց հաջողվի հաղթել, ապա միանձնյա կգլխավորենք մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Երևանում Հայաստանի ազգային հավաքականն առանց Հենրիխ Մխիթարյանի 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիային։ Երկու օր առաջ մեր առաջիկա մրցակիցը փոքր անակնկալ էր մատուցել՝ ոչ-ոքի՝ 3։3 խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ինչևէ, գնահատելով վաղվա խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները՝ պետք է կատարենք մի քանի դիտարկում։ Այս պահին կարևոր ենք համարում թերևս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի անտրամաբանական և անբացատրելի սխալներ թույլ չտալու հանգամանքը։ Այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ Վրաստանի դեմ մրցավեճում, մեկնաբանելն իսկապես բարդ է։ Վերլուծելով վերջին հանդիպումը՝ վստահաբար կարող ենք ասել, որ չհաղթելու գլխավոր մեղավորը հենց Կապառոսն էր։ Չնայած առաջին խաղակեսում թույլ տված սխալներին և երկրորդ կեսի մեկնարկում բաց թողած գոլին՝ մեր հավաքականն այնուամենայնիվ հնարավորություն ուներ հաղթելու։ Մեր ֆուտբոլիստները մեծացնում էին ճնշումը, սակայն երկրորդ կեսի միջնամասում ականատեսը եղանք մեկ այլ անբացատրելի երևույթի։ Խոակին Կապառոսը ասպարեզ դուրս բերեց առաջին անգամ հավաքական հրավիրված «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանին։ Վերջինիս մանկական սխալի հետևանքով Վրաստանն առաջ անցավ հաշվի մեջ։ Նշենք, որ Գարեգինյանը իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ և վերջին 5 հանդիպումներում 2 անգամ է դուրս եկել փոխարինման։ Անհրաժեշտ չէ ֆուտբոլի մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ առաջին անգամ ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստը գերլարված իրավիճակում չի կարող ներդնել իր ողջ ներուժը։ Իր այս որոշմամբ հաղթանակի վրա խաչ քաշելուց զատ՝ Կապառոսը, փաստի առաջ կանգնեցնելով Գարեգինյանին, ֆուտբոլասերների որոշ շրջանակներում նրան դարձրեց վրացիներին չհաղթելու գլխավոր մեղավորներից մեկը։ Հասկանալի է, որ Կապառոսը ցանկանում է թարմացնել հավաքականը, փորձարկել նոր ֆուտբոլիստների։ Բայց արդյո՞ք Վրաստանի հետ մրցավեճը նման «էքսպերիմենտ» անելու ամենահարմար առիթն էր։ Տարակուսելի է նաև այն, որ Կապառոսի այս որոշումը համարժեք գնահատականի չի արժանանում մասնագետների կամ լրատվամիջոցների կողմից։ Եթե նման սխալ թույլ տար Կապառոսից առաջ մեր հավաքականը գլխավորած հայ մասնագետներից մեկը, կարծում ենք՝ հանդիպումից անմիջապես հետո նա ուղղակի կքարկոծվեր ֆուտբոլային ընտանիքի կողմից։ Հիշենք թերևս 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։ Վարդան Մինասյանը սուր քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ մեկնարկային կազմում էր ընդգրկել երիտասարդ պաշտպան Տարոն Ոսկանյանին, ում մեղքով չեխերը գոլ խփեցին։ Բայց արի ու տես, որ այսօր իսպանացի հայտնի մարզչին կարելի է սխալվել, և ոմանց համար տեղի ունեցածը նորմալ երևույթ է։ Եթե ժամանակին հավաքականի հանդիպումներից փորձում էինք խոսել մարտավարական լուծումների մասին, ապա այսօր դա անել ուղղակի անիմաստ է։ Հյուսիսային Մակեդոնիայից պարտվեցինք Կապառոսի «էքսպերիմենտների» պատճառով, նույնը տեղի ունեցավ նաև վրացիների դեմ խաղում։ Կարճ ասած՝ մենք վաղը Էստոնիային հաղթելու և ենթախմբում դիրքը բարելավելու իրական հնարավորություն ունենք։ Հաղթանակը կկայանա, սակայն, միայն մի դեպքում՝ եթե մեր հավաքականի իսպանացի հայտնի մասնագետը հերթական աբսուրդային որոշումը չկայացնի։ Հայաստանի ազգային հավաքականը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին է ժամանել երեկ երեկոյան: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական կազմը: Հանդիպման գլխավոր մրցավարն է Լուիս Գոդինյոն: Վերջինիս եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան ու Հուգո Ռիբեյրոն: Չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարցիսոն: