Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը հոգացել է պետությունը. առողջապահության փոխնախարար

Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը հոգացել է պետությունը. առողջապահության փոխնախարար

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսով վարակված եղած ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը արել է պետությունը և ԲՀԿ առաջնորդը որևէ վճարում չի արել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. Այսօր դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ անձի կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը ևս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում: Միայն տնային պայմաններում բուժում իրականացնելու գործընթացն ապահովելու համար պետությունը գնել է 112 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղամիջոցներ և տրամադրել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին (պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ): Զարմանալի է այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հենց ինքը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, որի շրջանակներում ստացել է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն, որի համար չի իրականացրել որևէ վճարում, քանի որ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ՀՀ քաղաքացի գտնվել է պետական հոգացության ներքո և համապատասխան կենտրոնին ըստ ներկայացված հայտի վճարել է պետությունը՝ հոգալով Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը: