Իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորում երկրից հանված ակտիվների, թալանված գումարների վերադարձի համար

Իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորում երկրից հանված ակտիվների, թալանված գումարների վերադարձի համար

Շվեյցարիան և Ուզբեկստանը պայմանավորվել են, որ Ուզբեկստան կվերադարձվի այդ երկրի նախկին նախագահ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովային պատկանող 131 միլիոն դոլար գումարը, որ պահվում է շվեյցարական բանկերում: Քարիմովային դատապարտել են Ուզբեկստանի դատարանում, նա ազատազրկված է, իսկ նրա ունեցվածքը բռնագանձվում է, ինչի շրջանակում էլ Շվեյցարիայից, ըստ տեղեկության, վերադարձվելու է 131 միլիոն դոլար: Երկրից հանված ակտիվների, թալանված գումարների վերադարձի մասին խոստումներ հնչեցին նաև հեղափոխական կառավարության անդամների, կառավարության ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ 2018 թվականի օգոստոսին այդ ժամանակ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր կառավարությունն ակնկալում է Համաշխարհային բանկի միջոցով վերադարձնել անցած տարիներին երկրից ապօրինի կերպով դուրս բերված գումարների գոնե մի մասը։ Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն նաև նամակ էր գրել Համաշխարհային բանկին Հայաստանից դուրս բերված հանրային միջոցների վերադարձի գործընթաց սկսելու համար։ Այնուհետև ԱՄՆ կատարած այցի ժամանակ, կարծես թե, կրկին այդ թեման քննարկվել էր, սակայն այդ բոլոր քննարկումներից ճիշտ երկու տարի անց կարող ենք արձանագրել, որ երկրից հանված ակտիվների վերադարձի ուղղությամբ որևէ գործնական քայլ կատարված չէ, որևէ դրամ ՀՀ պետական բյուջե առ այսօր չի վերադարձվել։ Այն դեպքում, երբ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով էլ է սահմանվում, որ առաջնահերթ է լինելու ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելը և վերադարձված ակտիվների կառավարմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը: Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ Տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրության ծառայության ղեկավար Գոռ Ծառուկյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում Արարատ Միրզոյանի հայտարարությանը հաջորդած որևէ զարգացման վերաբերյալ։ «Իսկ ես ինֆորմացիայի չեմ տիրապետում, որ Արարատ Միրզոյանի հայտարարությանը ակտիվների վերադարձի վերաբերյալ որևէ զարգացում հաջորդել է։ Իսկ թե ինչու չի հաջորդել, իմ կարծիքով՝ դա եղել է այն պատճառով, որ զուտ փաստական հիմքերը թույլ են եղել։ Եթե փաստական հիմքերը ուժեղ լինեին, կդիմեին։ Եթե չեն դիմել, ուրեմն փաստական հիմքերը ուժեղ չեն եղել։ Իսկ երկրից հանված ակտիվների վերադարձի կոնկրետ գործընթաց սկսվում է, երբ շահագրգիռ երկիրը ներկայացնում է համապատասխան փաստերը, հիմնավորումները, և նոր դրանից հետո միջազգային կառույցները կամ առանձին մարմիններ սկսում են աշխատանքը։ Այս դեպքում, երևի թե, Հայաստանը չի ներկայացրել»,-ասաց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ ներկայումս առկա իրավիճակից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը սահմանափակվել է միայն Համաշխարհային բանկին ուղղված նամակով, և որևէ լրացուցիչ քայլ չի իրականացվել։ Մեր դիտարկմանը՝ որքան ժամանակը անցնում է, չի՞ բարդանում երկրից հանված ակտիվների վերադարձման գործընթացը, Ծառուկյանը պատասխանեց․ «Այս դեպքում վաղեմության ժամկետը շատ սահմանափակ չի։ Դա բավական ճկուն է, գործիքներն էլ ճկուն են, պարզապես պատասխանատուները պետք է հետևողական լինեն»։ Երկրից հանված ակտիվների վերականգնումը՝ ապօրինաբար ձեռք բերված գույքի որոնումը, սառեցումը և ծագման երկրի իրավասության ներքո վերադարձի գործընթացը, համաձայն միջազգային փորձի, տեղի է ունենում չորս եղանակով՝ անձի քրեական դատապարտման արդյունքում, որը համարվում է ամենատարածված ձևը, երբ անձին կոռուպցիոն գործունեության համար դատապարտելու հետ մեկտեղ բռնագրավվում է նրա գույքը: Առանց մեղադրական դատավճռի, ինչը նաև որոշ երկրներում ընդունված է կոչել «քաղաքացիական բռնագրավում»։ Երրորդը եղանակը վարչական բռնագրավման միջոցովն է, երբ պետությունն առանց դատարան դիմելու՝ գործադիրի կամ խորհրդարանի կողմից ընդունված ակտի հիման վրա սառեցնում է ակտիվները կամ դատարանում վարչական վարույթ է սկսում, որին հետևում է գույքի բռնագրավումը: Եվ՝ ակտիվների վերականգնում քաղաքացիաիրավական կարգով, երբ պետությունն ինքն է հանդես գալիս որպես հայցվոր այլ պետության տարածքում՝ ընդդեմ ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ գույքի՝ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված հնարավորությունների շրջանակներում։ Այս մեթոդը, ինչպես և առաջինը, գործում է բոլոր երկրներում: ՀՀ օրենսդրությունն այս մասով լիարժեք չէ, բայց ամեն դեպքում որոշակի հնարավորություններ օրենսդրության շրջանակներում կան։ Հայաստանում ակտիվների վերականգման ավանդական եղանակը անձի քրեական դատապարտման արդյունքում գույքի բռնագանձումը և բռնագրավումն է։ Դրան զուգահեռ, սակայն, քաղհասարակության շատ ներկայացուցիչների կարծիքով՝ ՀՀ ներկայիս օրենսդրության համաձայն՝ առկա են մի շարք իրավակարգավորումներ, որոնք չեն նպաստում ակտիվների վերականգման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Օրինակ՝ ակտիվների որոնման աշխատանքներով կարող է զբաղվել ցանկացած իրավապահ մարմին, ինչը համակարգման տեսակետից արդյունավետ մոտեցում չէ: Կալանքի տակ դրված գույքը կարող է վերցվել և ի պահ տրվել մի քանի մարմինների, հաշվի չի առնվում ի պահ տրված գույքի տնտեսական օգտակարությունը, և այն չի բերում շահույթ: Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ ճիշտ է, օրենսդրությունն այս մասով թերի է, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, սակայն եղածով էլ և միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցելու արդյունքում էլ հնարավոր կլիներ երկրից հանված ակտիվները վերադարձնել, եթե ներկայիս իշխանության մոտ լիարժեք քաղաքական կամք լիներ այդ մասով։ «Ես ողջունում եմ Ուզբեկստանի իշխանություններին, որ կարողացան հասնել նման արդյունքի։ Դրա մասին խոսում էին թավշյա հեղափոխության ներկայացուցիչները։ Ես հիշում եմ նաև տեղեկատվություն, որ ԱՄՆ ֆեդերալ ծառայությունը աշխատակիցներ էր ուղարկել Հայաստան, որ մեր իրավապահ մարմինների աշխատակիցներին օգնեին հնարավորինս արագ կատարել ՀՀ հպարտ քաղաքացուն տված խոստումը երկրից գողացված փողերի վերադարձման մասին։ Իսկ փորձագիտական կազմակերպությունների համաձայն՝ 2004-2013 թվականների ընթացքում տարեկան միջինը 1.3 միլիարդ դոլար փող է գնացել Հայաստանից։ Սա ամենանվազագույն հաշվարկներով։ Իսկ որոշ այլ փորձագիտական գնահատականների համաձայն՝ դա ավելի քան 20 միլիարդ դոլար է եղել։ Եթե թավշյա իշխանությունը կամք ունենար, ապա այս խնդիրը հիմա լուծված էր, կամ՝ գոնե գործընթացը սկսված կլիներ, որ այդ հսկայական գումարները վերադարձվեին մեր երկիր։ Սակայն ներկա գործընթացներից երևում է, որ գործող իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում կատարել իր տված խոստումները։ Եվ խնդիրն այն է, որ ոչ միայն չեն կարողանում, այլև չեն ցանկանում կատարել։ Ասածիս ամենավառ ապացույցը ՍԴ դատավորների ընտրությունն էր։ Քաղաքական կամք չդրսևորվեց նաև անցումային արդարադատություն իրականացնելու, վեթինգի և այլնի մասով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ որքան ժամանակ է անցնում, այնքան բարդանում է երկրից թալանված փողերի վերադարձման գործընթացը, ապացույցները կոչնչացվեն, վաղեմության ժամկետի խնդիր կառաջանա։ «Բայց ինչպես տեսնում ենք, այս հանգամանքները նոր իշխանություններին չեն հուզում, ինչը թույլ է տալիս մտածել, որ կոռումպացված համագործակցություն կա ներկա ու նախկին իշխանությունների միջև։ Այլապես, ինչպես է հնարավոր, որ փաստը կա, հանցավոր արարքը կա, բայց դրանում մեղադրվողները հանգիստ հեռանում են երկրից ու արտերկրում վայելում են Հայաստանից թալանած գումարները։ Սրա մեղավորը օրենսդիր ու գործադիր իշխանությունն է, որը չի կարողանում իր լեգիտիմ իշխանությունը իրացնել, քանի որ գոնե դատական համակարգը կոռումպացված համագործակցության մեջ է նախկինների հետ»,- եզրափակեց տնտեսագետը։ Այնուամենայնիվ պետք է նկատել, որ ակտիվների վերականգնումը միջազգային մակարդակով բավականին երկարատև և բարդ գործընթաց է, բայց կան մի քանի հաջողված օրինակներ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների կողմից ակտիվների վերադարձը ծագման երկրներ 2010-2012 թթ․-ի հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել է 142.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ այն դեպքում, երբ սառեցվել են 1,398 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ: Նիգերիային 2017-ի ընթացքում հաջողվել է վերադարձնել 321 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ֆիլիպինները վերջին 21 տարվա ընթացքում կարողացել են Շվեյցարիայից վերադարձնել Ֆերդինանդ Մարկոսի ապօրինի ձեռք բերած շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարը: Այս երկրների շարքում ավելացավ նաև Ուզբեկստանը։ Հայաստանի ճակատագիրն այս մասով, կարծես թե, անորոշ է։