Երևանը անցել է «պրոակտիվ» քաղաքականության մեծ մեգառեգիոնում․ հարևանները, այդ թվում՝ Թուրքիան, կամաց-կամաց կսովորեն

Երևանը անցել է «պրոակտիվ» քաղաքականության մեծ մեգառեգիոնում․ հարևանները, այդ թվում՝ Թուրքիան, կամաց-կամաց կսովորեն

«Մեր մեծ մեգատարածաշրջանում՝ «երեք ծովերի համակարգում»,  արդեն ձևավորվել են տարածաշրջանային նոր գործոններ և խաղացողներ, որոնք իրենց շահերի սահմաններն են ընդգծում, և այդ տեսանկյունից ողջունելի է, որ Հայաստանն էլ է մատնանշում, թե իր շահերը որտեղով են անցնում, ինչը, ճիշտ է, անակնկալի է բերում հարևաններին կամ տարածաշրջանի մյուս պետություններին, որոնք մինչ այդ այդպես ակտիվ չեն էլ տեսել Հայաստանի շահերի ուրվագծման տիրույթը: Նաև սրա հետ է կապված ագրեսիվ արձագանքը Թուրքիայից»: 2018-ին Հայաստանում Թավշյա հեղափոխություն իրականացրած և այդ հեղափոխության ալիքի վրա իշխանության ղեկը վարչապետի պաշտոնում ստանձնած Նիկոլ Փաշինյանի և իր ձևավորած նոր վարչակազմի ձեռքբերումների ու բացթողումների, նվաճումների ու ձախողումների, ճիշտ ու սխալ քայլերի, կատարված ու չկատարված խոստումների, իրականացված բարեփոխումների մակարդակի ու խորության, դրանց բավարար լինել-չլինելու կամ առհասարակ չկատարման մասին՝ լինի պայքարը կոռուպցիայի դեմ կամ նախկին ռեժիմի ենթադրյալ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես ինքը Փաշինյանն էր ասում՝ «թալանած փողերը կոպեկ առ կոպեկ հետ բերելու» հարցը, դատական իշխանությունում և այլ կարևոր համակարգերում բարեփոխումներ անելու հարցը, թե մեկ այլ կարևոր հիմնախնդիր, բնականաբար, կարելի է երկար խոսել, քննարկել ու բանավիճել դրանց շուրջ: Կարելի է խոսել շատերի հիացմունքի և շատերի հիասթափության մասին, և այլն, և այսպես շարունակ: Բայց սրանք բոլորը հիմնականում ներքին կյանքին ու քաղաքականությանը վերաբերող հարցեր են, որոնց շուրջ ներհասարակական ու ազգային կոնսենսուսի (փոխհամաձայնության) հասնելը, որպես կանոն, շատ ավելի դժվար է, քան երկրի արտաքին քաղաքականության և արտաքին մարտահրավերների պարագայում: Թեև քաղաքական տեսություններից մեկը և առհասարակ փորձը ասում է, որ պետության ներքին ու արտաքին հարցերը սերտորեն փոխկապակցված են իրար հետ և գտնվում են որոշակի փոխազդեցության մեջ: Այլ խոսքերով՝ երկրի արտաքին քաղաքականությունը ներքին կյանքի ու քաղաքականության շարունակությունն է, երբեմն էլ՝ նաև հակառակը: Ինչ էլ որ լինի՝ ամեն դեպքում նոր կառավարության օրոք շատ հետաքրքիր նորամուծություններ ու դրական առաջընթաց է նկատվում ՀՀ Զինված ուժերի պաշտպանական քաղաքականության, ռազմական դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտներում: Օրինակ, երբ նայում ենք նոր վարչակազմի արտաքին քաղաքական քայլերին միջազգային հարաբերությունների ոլորտում, բոլոր թերություններով հանդերձ, հստակորեն նշմարվում է մի նոր ու շատ կարևոր գիծ կամ հատկություն։ Նախ, նախկինների ոչ այնքան հայաստանակենտրոն քաղաքականության ֆոնին նոր ղեկավարները գործընկերներ և դաշնակից պետությունների հետ փորձում են ավելի արժանապատիվ և հորիզորական հարաբերություններ կառուցել։ Երկրորդը, պաշտոնական Երևանը փոքր-ինչ ավելի համարձակ ու ոչ միայն ավելի ակտիվ, այլև ավելի «պրոակտիվ» (նախաձեռնողական) է գործում այս ոլորտում՝ փորձելով բազմազանեցնել երկրի արտաքին հարաբերությունները, գտնել նոր ուղղություններ և ամրապնդել ու զարգացնել եղած կապերը: Ռազմավարական առումով այս ամենի հիմնական նպատակներից մեկն, իհարկե, երկրի արտաքին անվտանգության ապահովումն է և անվտանգության միջավայրի բարելավումը: Այս ամենը՝ Հայաստանի անվտանգության միջավայրի սահմանումը, ազգային անվտանգության առաջնահերթությունները, շահերը, սպառնալիքներն ու մարտահրավերները, հայեցակարգային մակարդակով ամրագրված են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարական փաստաթղթում, որը հրապարակվել է 2020 թ․ հուլիսին։ Ասվածը ճիշտ է այդ թվում գլոբալ քաղաքականության ամենաթեժ կետերից մեկի՝ մեզ սահմանակից այն տարածաշրջանի վերաբերյալ, որը ռուսներն անվանում են Մերձավոր Արևելք (Ближний Восток), իսկ Արևմուտքի երկրները՝ Միջին Արևելք (Middle East), ինչպես նաև ավելի լայն տարածության վերաբերյալ, որն ընկած է երեք՝ Կասպից, Սև ու Միջերկրական ծովերի միջև ու սովորաբար կոչվում է մեծ տարածաշրջան կամ մեգատարածաշրջան։ Նախկին իշխանությունները, հատկապես՝ Սերժ Սարգսյանի վարչակազմը, իհարկե, մերձավոր ու միջինարևելյան երկրների, Ծոցի տարածաշրջանի երկրների հետ կապերը պահպանելով և հնարավորինս զարգացնելով հանդերձ, այնուամենայնիվ փորձել են հնարավորինս զգույշ գործել և չխառնվել տարածաշրջանային տերությունների և գերտերությունների խաղերին: Բայց այժմ տեսնում ենք, որ Երևանը կարող է համարձակորեն տեսակետ հայտնել ոչ միայն մերձավորարևելյան կոնֆլիկտների, օրինակ՝ սիրիական հակամարտության, այլև Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ թուրք-հունական լարվածության և մեր երկու կարևոր գործընկերների՝ Հունաստանի ու Կիպրոսի շահերի դեմ Թուրքիայի իրականացրած ոտնձգությունների վերաբերյալ: Եվ այս հողի վրա, բնականաբար, անխուսափելիորեն տեղի է ունենում քաղաքական բախում մեր արևմտյան հարևանի՝ Հայաստանը թշնամական շրջափակման մեջ պահող և Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի ու մասնավորապես՝ նեոօսմանիստական աշխարհակալ նկրտումներ ունեցող Էրդողանի վարչակարգի հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Հայկ Քոչարյանը։ - Պարոն Քոչարյան, Երևանի այս ակտիվությունը՝ կապված լինի սիրիական ճգնաժամի, Արևելյան Միջերկրականի, թե մեկ այլ հիմնախնդրի հետ, նոր քաղաքականությո՞ւն է նշված ուղղություններով: Հիշում ենք, որ երբ նախորդ տարվա հոկտեմբերին թուրքական բանակը հերթական ռազմական ներխուժումն իրականացրեց Սիրիայի տարածքում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի այդ գործողությունը: Սա երևի առաջին կարևոր հայտարարությունն էր այս շարքից: Նման քայլերով ու հայտարարություններով Հայաստանը տարածաշրջանում ակտիվ խաղացող դառնալու հա՞յտ է ներկայացնում: - Ճիշտ եք նկատել, որ վերջին շրջանում արտաքին քաղաքականության վեկտորում նկատվում է պրոակտիվություն (նախաձեռնողականություն), այսինքն՝ գիտակցվում է, որ Հայաստանի կենսական շահերը չեն սահմանափակվում Հարավային Կովկասով և անմիջական հարևաններով, այլ ավելի լայն են, ընդարձակ են և ներառում են Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Մեծ Մերձավոր Արևելքը: Իսկ եթե ծանոթ եք «Երեք ծովերի համակարգին»՝ այդ ամբողջը մտնում են երեք ծովերի համակարգի մեջ, և Կասպից, Սև և Միջերկրական ծովերը, իրենց ավազաններով, ըստ էության, դառնում են այդ մեծ մեգառեգիոնը, որտեղ պրոցեսները փոխկապակցված են: Եթե նայենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին՝ այդ պրոցեսները կրկին անմիջապես կապված են և արձագանք են գտնում, ասենք, մեր տարածաշրջանում, մեր հարևան պետությունների հետ: Այստեղ նաև [Պարսից] Ծոցի շրջանն է ներգրավված: Որպեսզի պատկերավոր լինի տարածաշրջանի փոխկապակցվածությունն ու փոխազդեցության հանգամանքը՝ Էմիրությունները, օրինակ, իր օդուժով Կիպրոսի և Հունաստանի հետ մասնակցում է օդային տարածքների պաշտպանության զորավարժություններին: Երբևիցէ նման բան չի եղել: Որտե՞ղ են Ծոցն ու Էմիրությունները և որտե՞ղ է Միջերկրականը: Այսինքն՝ այստեղ արդեն ձևավորվել են տարածաշրջանային նոր գործոններ և խաղացողներ, որոնք իրենց շահերի սահմաններն են ընդգծում, և այդ տեսանկյունից պետք է ասել՝ ողջունելի է, որ Հայաստանն էլ է մատնանշում, թե իր շահերը որտեղով են անցնում, ինչը, ճիշտ է, անակնկալի է բերում հարևաններին կամ տարածաշրջանի մյուս պետություններին, որոնք մինչ այդ այդպես ակտիվ չեն էլ տեսել Հայաստանի շահերի ուրվագծման տիրույթը: Նաև սրա հետ է կապված ագրեսիվ արձագանքը Թուրքիայից: Եվ պետք է հաշվի առնել այն, որ վերջին շրջանում Հայաստանի պրոակտիվությունը բերում է նրան, որ հարանները ռեակտիվ են դառնում, այսինքն՝ ստիպված արձագանքում են, և դա իրենց դնում է ոչ այնքան բարենպաստ պայմանների մեջ: Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը փոխվել է: Եվ եթե Հայաստանի Ազգային անվտանգության նոր հայեցակարգն էլ նայեք՝ հիմնական շեշտերը պրոակտիվության վրա են դրված, որ Հայաստանը ունի իր շահերը: Այդ ամենն, իհարկե, մի քիչ լայն է ձևակերպված փաստաթղթում, ինչը թույլ է տալիս ամեն հարցում, կոնկրետ դեպքերի պարագայում նշել այդ տիրույթը, թե որտեղո՞վ են անցնում մեր շահերը։ Առաջնայինը, պարզ է, այն երկրներն են, որտեղ համայնքներ ունենք: Երբ նայում եք ընդհանուր այդ փաստաթուղթը, որ հրապարակվեց վերջերս, նման տպավորություն կարելի է ստանալ, որ արդեն նշմարելի են այն շրջանակն ու այն գործողությունները, որոնք պետք է արվեն: Սա հայեցակարգային փաստաթուղթ է, որտեղ շատ լայն է ձևակերպված այդ ամենը: Իսկ կոնկրետ դեպքերի արձագանքները հնարավորություն են տալիս արդեն հասկանալու, թե այդ պրոակտիվության սահմանները, որոնք ընդգծվում են, և այդ պրոակտիվությունը ինչ դրսևորումներ է ստանում արդեն կոնկրետ դեպքերի հետ կապված: - Եգիպտոսը վերջերս հայտարարել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ հակաթուրքական դաշինք ստեղծելու մասին։ Այս դաշինքը գործելու է Եգիպտոսի առաջնորդությա՞մբ։ Այսինքն՝ Եգիպտոսը կրկին ստանձնում է առաջատարի դե՞րը արաբական նախաձեռնություններում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միավորման հակաթուրքականությունը։ Միայն Լիբիայի խնդրի հե՞տ է կապված, թե՞ ավելի լայն տարածաշրջանի։ - Ոչ, ավելի խորքային են այս հարցերը, որովհետև կապված են իսլամական տարբեր հոսանքներին և խմբերին հարելու հետ։ Թուրքիան և այն դաշինքը, որը Թուրքիային է աջակցում իսլամական երկրներից, հիմնականում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսությունն է կիսում։ Իսկ մյուս դաշինքը, որը Եգիպտոս-Սաուդյան Արաբիա-Էմիրություններ առանցքով է անցնում, սրանք ավելի հակա-«իխուանջի»-ական են և պայմանականորեն ասած՝ սալաֆիական իսլամի հետևորդներն են։ Այս երկու ուղղությունների միջև գաղափարական լուրջ խնդիրներ կան։ Այս երկու առանցքների առաջին հակասությունն ու իրար չհասկանալը պայմանավորված է արժեքային տարբեր համակարգերով։ Երկրորդը, աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված՝ ձևավորվող այդ նոր ուժերն իրենց շահերն են փորձում առաջ տանել և արդյունքում ստեղծում են այդ դաշինքը, որպեսզի դիմակայեն այդ մարտահրավերներին։ Եվ կարելի է ասել, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում իրականացրած իր գործողություններով փաստացի խթանեց այդ գործընթացները։ Մի առանցք էլ կա, որը Իսրայելով է պայմանավորված տարածաշրջանային անվտանգությունները, և պետք է ասել, որ Իսրայելն էլ ունի հակաթուրքական դիրքորոշում այդ հարցում, քանի որ այդ միջերկրածովյան ավազանի ածխաջրածնային հանքերը իր ջրերին էլ են մոտ, ինքն էլ ունի որոշակի հնարավորություն արտահանելու դրանք։ Եվ բացի դրանից, մի կողմից ածխաջրածնային հարցերն են, մյուս կողմից ճանապարհներն են։ Այսինքն՝ Թուրքիան փորձում է վերահսկողություն սահմանել միջերկրածովյան արևելյան հատվածի ծովային ճանապարհների նկատմամբ, որովհետև դրանք պակաս կարևոր չեն, քան ածխաջրածնային ռեսուրսները։ Կարելի է ասել՝ կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ ավելի կարևոր է ունենալ ճանապարհներ, ճանապարհների դիվեսիֆիկացված հնարավորություններ, քան այն, թե ինչ այդ ճանապարհով կտանես։ - Այսինքն՝ թուրք-հունական այդ վեճն, ըստ էության, կապված է միջերկրածովյան ջրերում ածխաջրածնային հանքերի հետազոտման և դրանց տնօրինման հետ, և դա սրեց երկու երկրների հարաբերությունները։ - Խնդիրը տարածքային ջրերի սահմանների հարցը որոշելն է, որովհետև միջազգային ծովային իրավունքով սահմանված կետերը երկու կողմերից մեկնաբանում են յուրովի։ Եվ այս վեճը իրավական տիրույթից արդեն վաղուց դուրս է եկել և արդեն աշխարհաքաղաքական է, և լարվածությունը իր գործը անելու է։ Այսինքն՝ ավելի խորանալու պարագայում կարող ենք փոքր առճակատումների ականատես լինել։ - Նշված հակաթուրքական դաշինքի մեջ են Հունաստանը, Կիպրոսը, որոնց հետ Հայաստանը ստորագրեց եռակողմ գործընկերության որոշում։ Այս երկրների հետ շատ լավ հարաբերություններ ունենք ու նաև շահերի համընկնում մի շարք կարևոր հարցերում։ Այս դաշինքում են նաև Էմիրությունները, Եգիպտոսը, Ֆրանսիան։ Բոլորն էլ բարեկամական երկրներ են։  Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը կաջակցի այս դաշինքի գործողություններին, թե՞ գուցե նաև կմիանա նրանց։ Եթե այո, ապա ի՞նչ հաշվարկներով։ - Այստեղ ներքին ինֆորմացիայի պակասի խնդիր կա, որին ես չեմ տիրապետում՝ անկեղծ ասած, և դժվար կմեկնաբանեմ, թե ինչպե՞ս կզարգանան գործընթացները։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանը միշտ գտնվել է այն բլոկում, որը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնելու իր անվտանգային հնարավորությունները։ Իսկ Թուրքիան, լինելով մեզ հարևան, այս պահին ապակառուցողական քաղաքականություն է վարում մեր տարածաշրջանում, և սա ստիպելու է մեզ լինել այդ դաշինքի մեջ ինչ-որ մի ձևով։ Ձևը և բովանդակությունը, նորից եմ ասում, պայմանավորված կլինի արդեն դետալների շուրջ դիվանագետների և քաղաքական ղեկավարության քննարկումներից, ինչի մասին տեղեկություններ բաց աղբյուրներում դեռևս չկան։ Հայտնի չէ՝ նրանք ի՞նչ են խոսում կամ խոսո՞ւմ են արդյոք, թե՞ ոչ։ - Պարոն Քոչարյան, հաջորդ հարցը գուցե Ձեր նեղ մասնագիտական շրջանակներից դուրս է, որովհետև նեղ մասնագիտությամբ Դուք արաբագետ եք և ոչ թուրքագետ։ Գուցե համարեք, որ ճիշտ չի լինի այս հարցի վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնելը, բայց, այդուհանդերձ, խոսում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, և այս համատեքստում հնարավոր չէ շրջանցել Թուրքիայի գործոնը։ Ձեր կարծիքով՝ ռիսկային չէ՞ Թուրքիայի հետ լայն քաղաքական առճակատման գնալը տարածաշրջան։ Օրինակ, երբ օգոստոսին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին, թուրքական ԱԳՆ-ն պատասխանեց, թե «Հայաստանը չափն անցնում է՝ իր աշխարհագրությունից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու հավակնություն ցուցաբերելով»։ - Նախորդ հարցում ասացի, որ մեր հարևաններն ու տարածաշրջանի այլ երկրները սովոր էին այլ տեսակի դիրքորոշումների Հայաստանի Հանրապետության կողմից, հիմա կամաց-կամաց երևի թե կսովորեն նոր վարվող քաղաքականությանը, արձագանքներն էլ համապատասխանաբար կուղղվեն․ կարող են լինել թե՛ ավելի կոշտ, թե՛ ավելի մեղմ արձագանքներ՝ կախված նրանից, թե քաղաքականությունն ինչպե՞ս կզարգանա։ Բայց ամեն դեպքում սրանք նոր իրականության մեջ նոր վարվող քաղաքականության արձագանքներն են հարևաններից։ Այսինքն՝ «գործողությունը ծնում է գործողություն» սկզբունքով շարժվում ենք։ Իհարկե, կարող է ավելի խորանալ կամ բարդանալ, բայց չմոռանանք, որ տարածաշրջանն արդեն ինքն իրենով բարդ է և արդեն խճճվված է։ Ուստի պետք է սովորենք ապրել այս պայմաններում և կոմունիկացնել հարաբերությունները։ - Երբ Թուրքիան ասում է, թե Հայաստանը խառնվում է «իր աշխարհագրությունից դուրս գտնվող» տարածաշրջանի հարցերին, ակամայից հիշում ենք Թուրքիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում և ղարաբաղյան բանակցություններին ամեն գնով խցկվելու համառ ջանքերը՝ այն դեպքում, երբ թե՛ Երևանը, թե՛ միջնորդները հասկացնում են, որ Թուրքիան այս հարցում անելիք չունի։ Այսինքն՝ մենք համարժեքության սկզբունքո՞վ ենք առաջնորդվում, որպեսզի հաջորդ անգամ Թուրքիան իմանա, որ չպիտի միջամտի այն հարցերին, որոնք իրեն չեն վերաբերում։ - Հարցի ձևակերպման հետ այդքան էլ համաձայն չեմ, բայց Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի դիվերսիֆիկացնելու իր անվտանգության միջավայրը՝ ստեղծելով տարբեր համակարգեր և ապահովելով Հայաստանի անվտանգային համակարգը։ Սրանով է, ըստ երևույթին, դրդված, այս է հիմնական ենթակետը, որով առաջնորդվում են այսօր քաղաքական իշխանությունը և դիվանագիտությունը։ Մնացածը՝ ինչպիսի՞ դրսևորումներ դա, ինչի՞ն կարձագանքեն, դա, ինձն թվում է, ժամանակը ցույց կտա։ - Մերձավոր Արևելքը մտնո՞ւմ է մեր անվտանգության միջավայրի մեջ կամ ազդո՞ւմ է մեր անվտանգության միջավայրի վրա։ - Այն, ինչ վերևում նկարագրեցի, այսինքն՝ այդ մեծ տարածաշրջանը՝ երեք ծովերի համակարգը, մեր կենսական տարածքն է, հետևաբար ամբողջ այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները այս կամ այն չափով ազդում են Հայաստանի վրա, և Հայաստանը փորձ է անում վերջին շրջանում գտնել իր այն տեղն ու դերը, որ կարող է զբաղեցնել այս գործընթացներում։ Իսկ Մերձավոր Արևելքը, այո՛, մեր անվտանգության համակարգի մեջ է, որովհետև եթե ուրիշ ոչ մի հարց չվերցնենք՝ այստեղ ունենք հայկական համայնքներ։ Դա բավական է։ Սա ընդամենը մեկն է Մերձավոր Արևելքին վերաբերող բազմաթիվ հարցերից։ Իսկ հարցերը շատ-շատ են։