«Թոփային» հայ թեկնածուներ՝ Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջաններում. ո՞ւմ են առաջադրում Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը

«Թոփային» հայ թեկնածուներ՝ Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջաններում. ո՞ւմ են առաջադրում Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը

Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Քութաիսում ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի 25 թեկնածուներին: Ցուցակի առաջին համարներում կուսակցության առաջնորդներն են. Իրմա Ինաշվիլին առաջին համարում է, հետևաբար՝ կուսակցության վարչապետի թեկնածուն հենց նա է: «Հայրենասերների դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում 14-րդը նախկին պատգամավոր և Ախալքալաքի սակրեբուլոյի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանն է: Հատկանշական է, որ սեպտեմբերի 8-ին «Հայրենասերների դաշինքը» ներկայացրեց նաև մեծամասնական շրջաններում առաջադրած թեկնածուներին: Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում կուսակցության պատգամավորի թեկնածուն Փոկա գյուղից Արտաշես Հակոբյանն է: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ տարբեր կուսակցություններ ունեն հնարավորություն ներգրավելու ազգությամբ հայերի. «Գրանցված 263 կուսակցությունից այս ընտրություններին մասնակցելու է 68-ը։ Այստեղից առանձնացնենք 7-8 ամենաակտիվներին, որոնք հնարավորություն ունեն այս ընտրություններին մուտք գործել խորհրդարան։ Չնայած անցողիկ շեմը 1 տոկոս է, մենք պետք է նկատի ունենանք, որ նույնիսկ մեկ տոկոսի դեպքում անցողիկը, այսինքն` մեկ տոկոսին համապատասխանող ձայների թիվն ավելանում է, միջինը մինչև 20.000 ձայն կարող է լինել։ Կա մի քանի կուսակցություն, որոնք հայերին ներգրավել են, ու որոնք մասնակցում են նախընտրական քարոզարշավին»։ Մելիքյանի խոսքերով՝ այդ կուսակցությունների շարքում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, որը դեռևս 2000-ականներից ներառել է ազգությամբ հայերին, իշխող «Վրացական երազանքը», «Եվրոպական Վրաստանը» ևս մեծամասնականով առաջադրել է հայի, «Հայրենասերների դաշինքը». «Հիմնականում այս կուսակցություններն են, որ հայերի հետ աշխատում են։ Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ։ Արդեն երկրորդ ընտրությունն է, որ Նինոծմինդան ու Ախալքալաքի շրջանները միացված են, մաժորիտար շրջան է, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ դրանց թիվը կրճատվեց, դա այս շրջանների վրա չանդրադարձավ, քանի որ ժամանակին այստեղ արդեն փոփոխություններ էին եղել։ Հարցը հետևյալն է՝ իշխող «Վրացական երազանքը» առաջադրել է 2016 թվականի իրենց կուսակցական ցուցակով պատգամավոր դարձած Սամվել Մանուկյանին, ընդդիմությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» Մելիք Ռայիսյանին, Եվրոպական Վրաստանը՝ Նինոծմինդայի նախկին ոստիկանապետին, իսկ գործող մաժորիտար պատգամավոր Հենզել Մգոյանին այս անգամ իշխող կուսակցությունը չսատարեց, վերջինս հայտարարել է, որ հանդես կգա որպես անկախ թեկնածու, իսկ «Հայրենասերների դաշինքից» Սամվել Պետրոսյանն է, որի դեմ գործ է հարուցված, և նա ձերբակալված է։ Գուցե սիմվոլիկ ժեստ է վերջինիս սատարելը»։ Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ այս փուլում կարող ենք ասել, որ հայաբնակ այս շրջանում մաժորիտար մեկ տեղի համար բավականին ակտիվ պայքար է ընթանալու. «Առաջադրված հայ թեկնածուները հայտնի են հանրությանը, բավականին թոփային դեմքեր են՝ իրենց ռեսուրսներն ու աջակիցներն ունեն։ Ինչ վերաբերում է կուսակցական ցուցակներին, ապա նախկինում իշխող ուժի ցուցակում եղել են 2 հոգի, այս նոր ցուցակում իրենք ևս, բացի մաժորիտար թեկնածուից, կունենան ևս ազգությամբ երկու հայ։ Ադրբեջանցիների պարագայում, բացի իշխող թիմի համամասնական ցուցակից, նաև Սաակաշվիլու կուսակցության համամասնական ցուցակում են եղել, այսպես ասած՝ պարիտետ չկար, տարբեր կուսակցություններ, տարբեր նպատակահարմարությունից ելնելով՝ թեկնածուներ են առաջադրում։ Մեր պարագայում հիմնական պայքարը կընթանա մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների միջև»։ Մեր զրուցակիցը մատնանշեց մեկ այլ խնդիր ևս. «Մեր հայերի պասիվ լինելու հանգամանքը։ Նույնիսկ եթե այսօր փորձեն հին դեմքերից իշխանություններն ու ընդդիմությունը հրաժարվեն, նոր մարդկանց ասպարեզ բերելը դժվար է։ Կամ երիտասարդ են, կամ անփորձ են՝ գուցե հայությունը ցանկություն չունի նման գործընթացներում ներգրավվել։ Գուցե կարիք կա, որ պետությունը նաև այս ուղղությամբ աշխատի, ինտեգրման գործընթացի մեջ այդ էլեմենտը ևս պետք է ներգրավել։ Վերջին բարեփոխումներով իրենք պարտավորություն վերցրին, որ բոլոր կուսակցություններում ամեն չորրորդ թեկնածուն պետք է կին լինի։ Գուցե ապագայում ինչ-որ ձևակերպում տրվի նաև էթնիկական փոքրամասնությունների հետ կապված։ Չեմ ասում՝ ամեն չորրորդ, բայց գոնե ամեն տասնհինգերորդ կամ քսաներորդը պետք է էթնիկական փոքրամասնության ներկայացուցիչ լինի։ Կան հայեր, հույներ, ադրբեջանցիներ, հրեաներ, եզդիներ։ Շատ կարևոր է, որ ինտեգրման գործընթացին զուգահեռ, այս քաղաքական ինտեգրումն էլ տեղի ունենա, որ այդ քաղաքացիները, որոնք հպարտանում են, որ Վրաստանի քաղաքացի են, զգան, որ, բացի ձայն տալուց, ունեն հնարավորություն նաև ձայն ստանալ ու իրենց համայնքն ու շրջանը ներկայացնել օրենսդիր մարմնում»։