Սրացում Հայաստանում և ամերիկա-ռուսական քննարկում Մոսկվայում

Սրացում Հայաստանում և ամերիկա-ռուսական քննարկում Մոսկվայում

Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրացումը զուգորդվում է արցախյան հարցում բովանդակային բանակցության գալու մասին Մինսկի խմբի համանախագահների կոչին, որ հնչեց օրերս: Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է բովանդակային բանակցություն, այդ թվում՝ տեղահանվածների վերադարձի թեմայով: Այստեղ, կարծես թե, չկա որևէ նորություն, այդ բնույթի հայտարարություններ հնչել են պարբերաբար: Մյուս կողմից, սակայն, հատկանշական է, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Մոսկվայում ԱՄՆ դեսպանի զրույցը ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ռուդենկոյի հետ, ընդ որում՝ դեսպանի նախաձեռնությամբ: Այդ զրույցը հատկանշական է նրանով, որ, ըստ հաղորդագրության, քննարկել են Բելառուսի խնդիրը և արցախյան հարցը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ: Հետևաբար՝ Վաշինգտոնը կա՛մ ասելու, կա՛մ հարցնելու բան է ունեցել Մոսկվային, այդ թվում՝ Արցախի հարցի առնչությամբ: Առանձին հարց է, թե արդյո՞ք Բելառուսն ու Արցախը եղել են կապված, թե՞ քննարկվել են առանձին-առանձին: Այդ ամենին ադրբեջանական պրոպագանդան ուժգնացնում է պատերազմի մոտալուտ լինելու վերաբերյալ հռետորաբանությունը, իհարկե փորձելով հայկական կողմին դիտարկել դրա շահառու: Ադրբեջանական պրոպագանդայի հետևում, անշուշտ, պետք է տեսնել Թուրքիային, սակայն ամբողջ հարցն այն է, թե որտեղ է այստեղ Ռուսաստանը: Այսինքն՝ Ռուսաստանը տեղու՞մ է, որպես Հայաստանի անվտանգային դաշնակց և ռեգիոնալ անվտանգության ու կայունության պատասխանատու, թե՞ ոչ: Այդ ֆոնին հիշարժան է այն, ինչ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Ռուսաստանն ի վիճակի է իր դերով զսպել պատերազմ և, եթե լինի պատերազմ, ապա դրա համար պատասխանատվությունը Մոսկվայի վրա է, որը չի կատարել իր դերը: Այդ ֆոնին էլ հատկանշական է, որ վերջին շրջանում ուժգնացել են Հայաստանի իշխանությունը, հեղափոխությունը և ներքին գործընթացները «հակառուսական» ներկայացնելու փորձերը, և առաջիններից մեկը դա արել է նաև Գագիկ Ծառուկյանը: Այդ ամենի ֆոնին էլ հատկանշական է ներքին իրավիճակի սրացումն ու արցախյան հարցում ամերիկա-ռուսական քննարկումները՝ համանախագահների կոչի ֆոնին: Ակնառու է, որ Միացյալ Նահանգներին Կովկասում անվտանգության և կայունության խաթարումը ներկայումս բացարձակապես անհրաժեշտ չէ, առավել ևս այն իսրայելա-արաբական հաշտության գործընթացի ֆոնին, որ ծավալվում է նախագահ Թրամփի հովանու ներքո: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է Թուրքիայի և Ադրբեջանի դժգոհությունը այդ առնչությամբ: Անվտանգության և կայունության խաթարումը սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, բայց ամբողջ հարցն այն է, թե Մոսկվան որքան է ունակ միաժամանակ հետևելու Բելառուսին և արցախյան գոտում իրավիճակին, կառավարելու երկուսն էլ, և հատկապես երբ խոսքը վերաբերում է թուրքական ագրեսիայի ռիսկերի կառավարմանը Կովկասում: Այդ իմաստով, Հայաստանում քաղաքական իշխանության ուժի ցուցադրությունը, իր հերթին, Մոսկվային պատասխանատվության տիրույթում պահելու միջոց է: