Քաղաքական անցուդարձը տխուր վիճակում է․ ռեֆորմներ տեղի չեն ունենում․ Արման Մուսինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: - Քաղաքական անցուդարձում ՀԱԿ-ը կա՛մ չի երևում, կա՛մ պասիվ է, դա ունի՞ բացատրություն: - Մենք ուշի ուշով հետևում ենք քաղաքական գործընթացներին, ցավոք, պրոցեսներն այսօր քաղաքական բովանդակության առումով մի քիչ տխուր վիճակում են, իսկ մենք, լինելով դասական քաղաքական ուժ, մշտապես ակտիվորեն մասնակցել ենք քաղաքական գործընթացներին: Վերջին երկու տարում էլ որտեղ եղել են քաղաքական գործընթացներ, ՀԱԿ-ն ակտիվ է եղել, մասնավորապես Մարտի 1-ի դատավարության, այսպես ասած, անկյունաքարային պահերին և այլ դեպքերում: - Ճիշտ եք՝ վիճելի է, թե շատ գործընթացներ որքանով են քաղաքական, որքանով՝ ոչ, այնուամենայնիվ, կան որոշակի թեմաներ, որոնց շուրջ քաղաքական կրքեր են ձևավորվում, օրինակ՝ կրթական հարցերին վերաբերող դիսկուրսը: Դուք այստեղ էլ չմասնակցեցիք: - Կառավարությունն իր քաղաքականությունն իրականացնում է, իսկ այս խնդրի շուրջ չափից շատ են դեզինֆորմացիաները, մանիպուլյացիաները: Տարբեր առիթներով, հարցազրույցներով մեր կուսակցության ներկայացուցիչները այս հարցի առնչությամբ հանդես են եկել մասնագիտական տեսանկյունից: Եվ եթե լուրջ պրոբլեմ նկատվի, մենք, իհարկե, անմասն չենք մնա: Ինչու եմ ասում՝ հիմա քաղաքական անցուդարձը տխուր վիճակում է. 2018թ. ապրիլից հետո, երբ Հայաստանում ավարտվեց ավազակապետության դարաշրջանը, Հայաստանի առաջ կանգնեցին հետևյալ խնդիրները՝ պետական կառավարման, տնտեսական համակարգի, անկյունաքարային նշանակություն ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, նախկինում կատարված թալանի և հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկում: Ցավոք, արդեն երկու տարի է, ըստ էության, Հայաստանում ռեֆորմ տեղի չի ունենում: Օրինակ՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հարցը, որպես արդյունավետ, գործունյա, հասարակության, տնտեսության և պետության կարիքները բավարարող համակարգի հարց, պետք է առաջնահերթություններից լիներ, սակայն ուղղակի փոխատեղումներ եղան, կառույցները միմյանց ձուլվեցին, բայց էֆեկտիվությունը դրանից չաճեց: Դատաիրավական ոլորտում նախ առաջ բերվեց անցումային արդարադատության, վեթինգի գաղափարը, հետո վեթինգի գաղափարից հրաժարվեց իշխանությունը, այսինքն՝ նոր գաղափար առաջ բերվեց, բայց հին դատաիրավական համակարգը մնաց: Հետևանքներն արդեն այսօր իսկ տեսնում ենք, բայց վաղն ավելի լուրջ հետևանքներ կտեսնենք: Տեսնում ենք, որ շատ դեպքերում հասարակությանն առաջ մղելու, հասարակական, քաղաքական, տնտեսական հանրային հնչեղության հարցերը վերջնական հանգրվանին հասցնելու համար դատաիրավական համակարգը հանդիսանում է լրջագույն խոչընդոտ: - Դուք հավանաբար նկատի ունեք նաև Սահմանադրական դատարանի խնդիրը: - Այո՛, նաև ՍԴ-ի շուրջ ծագած խնդիրը, նման լուծմամբ ոչ միայն ճգնաժամը չավարտվեց, այլ նաև այսպիսի լուծումը, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, բացասական հետևանքներ և ազդեցություն է ունենալու պետության վրա: - ՍԴ դատարանի օրինակում անձերի՞ խնդիրն էր վիճահարույց: - Իշխանությունը դա պատճառաբանում էր համերաշխության գաղափարով, բայց ինչ տեղի ունեցավ. ՍԴ-ում հայտնվեցին մարդիկ, ովքեր նախորդ ժամանակաշրջանում ոչ միայն ակտիվ դերակատարություն էին ունեցել Հայաստանի շահերին հակասող դատաիրավական համակարգի ստեղծման գործում, այլև հայտնի են լրատվամիջոցների փակմամբ և այլ գործերով: Հանրային համերաշխությունն իսկապես շատ կարևոր է, բայց դա չի կարող արտահայտվել ավազակապետական համակարգի անկյունաքարային կառույցներում կարևոր դեր կատարած անձանց խրախուսմամբ: Նման քայլով հասարակությունն ազդակ է ստանում, որ կարող ես կյանքիդ որևէ հատվածում գործել պետության և հասարակության շահերին դեմ, և հետո դրա համար ոչ միայն չես պատժվի, այլ նաև կխրախուսվես: - Ինչո՞վ եք դա բացատրում: - Չեմ կարող ասել, դրա բացատրությունը պետք է տա իշխանությունը, բայց գտնում եմ, որ այս առումով իշխանության բերած փաստարկները շատ խոցելի են: - Դուք հետևում եք Մարտի 1-ի գործի զարգացումներին: Ինչ-որ տեղ տանո՞ւմ են այդ զարգացումները: - Կարելի է նկատել, որ բոլոր գործընթացների տրամաբանությունն անհասկանալի է: Շան գլուխը թաքնված է այն հարցում, որ անցած երկու տարիներին, ունենալով բավականաչափ հանրային վստահություն, իշխանությունը պիտի ռեֆորմներ իրագործեր այն համակարգերում, որոնք կոչված էին վերջնական լուծման հասցնել հանրային հնչեղության, հանրային վերք հանդիսացող և առաջնահերթություն հանդիսացող գործերը, որոնցից մեկը Մարտի 1-ն է: - Շատերն օգտագործում են հեղափոխական որոշումներ կայացնել արտահայտությունը: - Ռեֆորմները երբեք չեն լինում էվոլյուցիոն, ռեֆորմները միշտ լինում են հեղափոխական տրամաբանության մեջ: - Նկատի ունեմ արագությունը, նաև կոշտ քայլեր ձեռնարկելը: - Խնդիրն արագությունը չէ, խնդիրը վերջնակետ դնելը և դրան ուղղված նպատակասլաց գործողություններ կատարելու մեջ է, կարող են լինել ռեֆորմներ, որոնք տևեն տասը տարի, այստեղ ժամկետի հարցը չէ, պետք է երևա, որ կառավարությունն իր առաջ դրել է խնդիրներ և գնում է այդ խնդիրները լուծելու ճանապարհով, և հասարակությանը ամեն փուլում բացատրում է հաջորդ փուլ անցնելու և վերջնահանգրվանի մանրամասները: Բայց մենք դա չենք տեսնում: Այնպիսի տպավորություն է, որ մի քանի փորձից հետո կառավարությունը դեռևս չգիտի իր անելիքը ռեֆորմների, տարբեր ոլորտներում բարեփոխումների առումով:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: