Փաշինյանը սկսում է նոր քայլարշավ

Փաշինյանը սկսում է նոր քայլարշավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը լայն անդրադարձ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ պարզապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական նախահեղափոխական վերջին տարիների հետագծին, դրա և Հայաստանում այդ տարիներին մի շարք քաղաքական ուժերի որդեգրած ընդդիմադիր տրենդային վարքագծի ու մտածողության միջև տարբերությանը: Ընդգծելով այդ տարբերությունը, Փաշինյանը փաստացի դիտարկել է այն իր գծի հաղթական արդյունքի՝ 2018 թվականի թավշյա հեղափոխության հաջողության տրամաբանությամբ: Ոչ վաղ անցյալի այդ համեմատականով, Նիկոլ Փաշինյանը անկասկած փորձել է ներկա ռեժիմում ցույց տալ իր մոտեցման համեմատական առավելությունն ու արդյունավետությունը: Կասկածից վեր է, թե որն է դրա շարժառիթը: Բանն այն է, որ ներկայումս բավականին հաճախ են հնչում քաղաքական դժգոհություններ ոչ միայն նախկին իշխանությունը, նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի, կամ դրանց հետ ասոցացվող շրջանակների կատարմամբ, այլ նաև, այսպես ասած նախկին համակարգի ընդդիմություն ներկայացող ուժերի, որոնք այժմ ընդդիմություն են դիրքավորվում նաև նոր իշխանության հանդեպ: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման տողատակում ասոցացնում է նախկին իշխանությունն ու նախկին ընդդիմությունը ըստ էության մեկ համակարգի մեջ, դիտարկելով իրավիճակը այդ համակարգում գոյություն ունեցած «ճիշտ» մտածողության, և իր՝ համակարգից դուրս «սխալ» մտածողության համատեքստում: Փաշինյանի լայն անդրադարձը անշուշտ լայն պատասխանի փորձ է այն քննադատություններին ու ընդդիմախոսությանը, որն առնչվում է հետհեղափոխական «սխալներին»: Այլ կերպ ասած, Փաշինյանը ազդարարում է, որ հեղափոխությունից առաջ էլ իրեն «սխալ» էին համարում այն ժամանակ ընդդիմությունները, բայց պարզվեց, որ ինքը «ճիշտ» էր: Ամբողջ հարցն այստեղ թերևս այն է, որ ընդդիմախոսությունը կամ քննադատությունը, որ հնչեցնում են նախկին այդ ընդդիմությունները, կառուցված է հենց այն տրամաբանության վրա, որ «թավիշը ճիշտ չէ»: Փաշինյանը փորձում է ներկայացնել, որ «թավիշն» է ճիշտը և հենց այդ մտածողությունն է, որ հաջողության է բերում ռազմավարական հեռանկարում: Ընդ որում, այստեղ թերևս փաստարկային տրամաբանությունը բավականին պարզ է և առարկայական, առնվազն 2018-ի օրինակի բերումով: Հարցը սակայն տվյալ պարագայում էլ դառնում է այն, որ դրա վերաբերյալ հանրության հետ երկխոսությունը Փաշինյանից պահանջելու է շարունակություն, ընդ որում առավել հանգամանալից, առարկայական և կոնկրետ շարունակություն: Այդ իմաստով, իր խորքային տրամաբանությամբ և շերտավորումով Փաշինյանի գրառումը կարող է դիտվել մարտի 31-ի Գյումրիից մեկնարկած քայլարշավի հետ յուրօրինակ նույնության մեջ, պարզապես այլ ձևաչափի և այլ բնույթի, քայլարշավ հանրության հետ երկխոսության իմաստով: