Սենսացիա Թբիլիսիում․ Վրացիների ապտակը ռուսական ֆուտբոլային գիգանտին․․․

Սենսացիա Թբիլիսիում․ Վրացիների ապտակը ռուսական ֆուտբոլային գիգանտին․․․

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում գրանցվեց առաջին սենսացիան, որը մատուցեց հարևան Վրաստանի ներկայացուցիչ Թբիլիսիի «Լոկոմոտիվը»։ Վերջինս որակավորման երկրորդ փուլում 2։1 հաշվով հաղթեց ռուսական ֆուտբոլի գիգանտներից՝ Մոսկվայի «Դինամոյին» նվաճելով երրորդ փուլի ուղեգիր։ «Լոկոմոտիվի» կազմում գոլի հեղինակ են դարձել Իրակլի Սիխարուլիձեն և Մամիա Գավաշելիշվիլին։ Նշենք, որ ռուսական ակումբը միակ գնդակը խփել է հանդիպման 90-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածից։ Մոսկվայում «Դինամոյի» այս պարտությունը որակել են ամենախայտառակներից մեկը թիմի պատմության ընթացքում։ Մոսկովյան թիմը 5 տարի ելույթ չէր ունեցել եվրագավաթների խաղարկությունում և երկրպագուները մեծ անհամեբերությամբ էին սպասում վրացիների հետ դիմակայությանը։ Բուքմեյքերները «Դինամոյի» հաղթանակի համար սահմանել էին ընդամենը 1․3 գործակից մինչ դեռ դաշտի տիրոջ կարգավիճակ ունեցող «Լոկոմոտիվի» հաղթանակը գնահատված էր 8․5 գործակցով։ Նշենք, որ «Դինամոյում» հայտավորված 24 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 60 միլիոն եվրո է, իսկ ահա «Լոկոմոտիվի» 26 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը՝ ընդամենը 3․8 միլիոն եվրո է։ Վրացական թիմի կազմում կա ընդամենը մեկ լեգեոներ ի դեմս մարոկացի Օմար Օլանդի, ում տրանսֆերային արժեքն ընդամենը 100 հազար եվրո է։ Մոսկվայի «Դինամոն» իր հերթին ունի բազմաթիվ արտասահմացիներ որոնցից գերմանացի Մաքսիմիլիան Ֆիլիպի տրանսֆերային արժեքը կազմում է 11 միլիոն եվրո։ Փաստորեն, միայն այս ֆուտբոլիստի տրանսֆերային գինը մոտ 3 անգամ գերազանցում է «Լոկոմոտիվի» բոլոր 26 ֆուտբոլիստների տրանսֆերային գնին։ Մեկնաբանությունները թերևս ավելորդն են։ Հարևան վրացիներն առանց դրսից հրավիրված ֆուտբոլիստների արեցին այն ինչն ուղղակի անհնարին է թվում։ Ու մինչ մենք մեզ փորձում ենք ոգեշնչել «Արարատ-Արմենիայի» կազմում փոխարինման դուրս եկած հայ ֆուտբոլիստ Սարգիս Շահինյանի «Ֆոլա Էշի» դեմ խաղում կատարած գոլային փոխանցմումով, վրացիները տոնում են մեծ հաղթանակը, որը կերտել են տեղացի երիտասարդ կադրերը։ Նշենք, որ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստների միջին տարիքը 23 է։ Հետաքրքիր է՝ ինչպես տեղի ունեցածը կմեկնաբանեն նույն «Արարատ-Արմենիայի» կամ լեգեոներներով համալրված մյուս հայկական ակումբի ղեկավարները։ Ինչպես է ստացվում, որ ընդհանուր խաղացողների 6 միլիոն տրանսֆերային արժեք ունեցող Հայաստանի չեմպիոնը միայն հրաշքով է հաղթում 1․7 միլիոնանոց Լյուքսեմբուրգի չեմպիոնին, իսկ 3 միլիոնանոց «Լոկոմոտիվը» ծնկի է բերում 60 միլիոնանոց ռուսական հեղինակավոր ակումբին։ Արդյոք «Լոկոմոտիվի» օրինակը չի խոսում այն մասին, որ հնարավոր է արդյունքի հասնել տեղացի ֆուտբոլիստներով։ Ոմանք վրացիների հաղթանակը հնարավոր է պատահականություն համարեն, բայց ինչպես ասում են՝ ֆուտբոլում պատահականություններ չեն լինում։ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Թբիլիսիի «Լոկոմոտիվը» նույն 2։1 հաշվով առավելության էր հասել ռումինական բավական ուժեղ «Կրայովա» ակումբին։