«Համոզված եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները կվերականգնվեն». Լավրով

«Համոզված եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները կվերականգնվեն». Լավրով

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները կկարգավորվեն, Թբիլիսիում արդեն քաղաքական գործիչներ կան, որոնք հանդես են գալիս Մոսկվայի հետ փոխգործակցության վերականգնման օգտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ RTVI հեռուստաընկերության հաղորդավար Թինա Կանդելակիին տված հարցազրույցում: «Համոզված եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները կվերականգնվեն և կբարելավվեն: Մենք տեսնում ենք, որ Վրաստանում արդեն քաղաքական գործիչներ կան, որոնք կողմ են դրան: Առայժմ դրանք դեռ փոքր կուսակցություններ են իշխող էլիտայում: Համոզված եմ, որ, ի վերջո, կհաղթանակի մեր ավանդական պատմական բարեկամությունը, մեր ժողովուրդների փոխադարձ համակրանքը: Սադրիչները, որոնք փորձում են խանգարել Վրաստանին՝ Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններին անցնելուն, հաջողության չեն հասնի»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, այժմ Վրաստանի քաղաքացիները կարող են հեշտությամբ ՌԴ-ի վիզա ստանալ Թբիլիսիում Ռուսաստանի շահերի բաժնում, ընդ որում՝ վիզա տրամադրելու դեպքերի ցուցակն ընդլայնվել է: Լավրովը կարծում է, որ Վրաստանին, ինչպես և Ուկրաինային, փորձում են օգտագործել՝ կարճաժամկետ վարկեր տրամադրելով, ինչի շնորհիվ ԱՄՀ-ն հսկայական դեր է խաղում երկրում: «Ոչ մի պատճառ և հիմք չկա, որպեսզի այս իրավիճակը պահպանվի: Մենք երբեք ոչինչ չենք ձեռնարկել վրաց ժողովրդի դեմ: Բոլորը հիշում են, թե ինչպես տեղի ունեցան 2008-ի իրադարձությունները. ինչպես էին ամերիկացի հրահանգիչները տեղում վարժեցնում վրացական բանակը: Ամերիկացիները քաջատեղյակ էին (Վրաստանի այն ժամանակվա նախագահ) Միխայիլ Սահակաշվիլիի անզսպության մասին, որը ոտնահարեց բոլոր պայմանավորվածությունները և հանցագործ հրաման տվեց (Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ ագրեսիա սանձազերծելու)»,- նշել է Լավրովը: