Ֆուտբոլային թրիլլերի իրական հերոսները․ Հաղթանակի անատոմիան

Ֆուտբոլային թրիլլերի իրական հերոսները․ Հաղթանակի անատոմիան

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» գեդրամատիկ պայքարում երեկ հաղթեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլա Էշին»։ Ֆուտբոլային թրիլլեր, որը 120 րոպե լարվածության մեջ պահեց հազարավոր ֆուտբոլասերների։ Հանդիպման սկզբում «Արարատ-Արմենիան» մեծ առավելություն ուներ և շարունակ տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվեց առավելությունը գոլի վերածել 16-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարտինեսը: Թվում էր թե մերոնց խոշոր հաշվով հաղթանակն անխուսափելի է, բայց․․․։ «Ֆոլա Էշից» ընդամենը մեկ րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Լյուքսեմբուրգյան թիմից աչքի ընկավ Պիմենտելը: Խաղակեսի միջնամասում «Արարատ-Արմենիա» մի քանի 100 տոկոսանոց գոլային պահ չօգտագործեց, իսկ ահա վերջնամասում հայկական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ալեքսը: Երկրորդ կեսի մեկնարկը հաջող չէր «Արարատ-Արմենիայի» համար, քանի որ «Ֆոլա Էշը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և այն անվրեպ իրացրեց Բենսին: Հյուրերին հաջողվեց նախ երրորդ գնդակը խփել` այս անգամ աչքի ընկավ Հաջին: Այն ինչ տեղի ունեցավ հանդիպման վերջին րոպեներին կարելի է անվանել թերևս մեկ բառով ֆանտաստիկ։ Մրցավարի ավելացրած առաջին րոպեին «Արարատ-Արմենիան» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն էլ դիպուկ իրացրեց Լիման: Մեկ րոպե անց «Արարատ-Արմենիան» ստացավ նաև երկրորդ 11 մետրանոց հարվածը և նույն Լիման դարձավ դուբլի հեղինակ: Նշենք նաև, որ «Ֆոլա Էշի» կազմում երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց Պիմենտելը:Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով` խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն Սարգիս Շահինյանի գերազանց փոխանցումից հետո խփեց հաղթական գնդակը։ Մի կողմ դնելով էմոցիաները, փորձենք օբյեկտիվ գնահատել մեր չեմպիոնի երեկվա խաղը։ Սկսենք նրանից, որ մրցակիցը մի գլուխ ցածր էր «Արարատ-Արմենիայից»։ Բուքմեյքերները «Արարատ-Արմենիայի» հիմնական ժամանակում հաղթանակը գնահատել էին 1․75 գործակցով։ «Ֆոլա Էշում» հայտավորված 32 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմում է 1․78 միլիոն եվրո, մինչդեռ «Արարատ-Արմենիայում» հայտավորված 26 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը մոտ 6 միլիոն եվրո է։ Փաստորեն «Արարատ-Արմենիային» բաժին էր հասել որակական տեսանկյունից առնվազն 3 անգամ ավելի թույլ մրցակից։ Ունենալով բավականին ուժեղ կազմ՝ մեր չեմպիոն հերթական անգամ ցուցադրեց թափթփված խաղ։ Հատկապես պաշտպանությունում բացերը չափից ավելի շատ էին։ Հենակետային գոտին էլ ըստ էության ամբողջովին բաց էր։ Մրցակիցը երկրորդ գնդակը խփեց կենտրոնից կատարած ճեղքման արդյունքում նշանակված 11 մետրանոցից։ Երրորդ գնդակը ևս «Ֆոլա Էշը» խփեց առանց դժվարության ճեղքելով կենտրոնը։ Ինչևէ, եթե կիսապաշտպաններն իրենց վարպետության հաշվին աշխուժություն էին հաղորդում խաղին, ապա հարձակման գծում պատերը տխուր էր։ Միայն Յուսուֆ Օտուբանջոն 3-4 անգամ չօգտագործեց իրական գոլային հնարավորությունները։ Նման հանդիպումներում հարձակվողն ուղղակի իրավունք չունի 4 անգամ սխալվելու։ Չնայած, որ «Արարատ-Արմենիային» հաջողվեց հաղթել «Ֆոլա Էշին» այնուամենայնիվ մեր թիմի գլխավոր մարզիչ Կամպանյան տակտիկական առումով ձախողվեց։ Կամպանյան կրկին մեկնարկային կազմում չէր ընդգրկել գեթ մեկ հայ ֆուտբոլիստի։ Մինչդեռ հանդիպման վերջնամասում փոխարինման դուրս եկած Սարգիս Շահինյանը զգալիորեն ուժեղացրեց մերոնց խաղը։ Միայն 106-րդ րոպեին Կամպանյան խաղադաշտ դուրս բերեց երկրորդ հայ ֆուտբոլիստին՝ հենակետային կիսապաշտպան Արմեն Համբարձումյանին։ Վերջինիս վստահ և արդյունավետ խաղի արդյունքում մրցակիցը մեծ դժվարությամբ էր կարողանում անցնել դաշտի կենտրոնը։ Արդյունքում 113-րդ րոպեին Սարգիս Շահինյանի փայլուն գործողությունից և փոխանցումից հետո գրանցվեց հաղթական գոլը։ Այո, ստանալով քիչ խաղաժամանակ հայ ֆուտբոլիստներին այնուամենայնիվ հաջողվեց էապես նպաստել հաղթանակին։ Իսկ ինչու նույն Շահինյանն ու Համբարձումյանը տեղ չէին գտել «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում։ Արդյո՞ք նրանք զիջում են հիմնական կազմում հայտնված մի շարք լեգեոներների։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ «Արարատ-Արմենիայի» արտասահմանցի գլխավոր մարզչի համար հայերին չխաղացնելը այսպես ասած «պրինցիպի» հարց է։ Տպավորություն է ստեղծվել նաև, որ Կամպանյան հայ ֆուտբոլիստներին խաղավերջում դաշտ է մտցնում ձևի համար։ Միանգամայն սթափ հայացք նետելով երեկվա հանդիպմանը, կարող ենք արձանագրել, որ Շահինյանն ու Համբարձումյանը ֆուտբոլային թրիլլերի իրական հերոսներն են։ Ամեն դեպքում շնորհավորում ենք «Արարատ-Արմենիայի» բոլոր ֆուտբոլիստներին և մարզիչներին։ Նման հաղթանակները օդի և ջրի պես անհրաժեշտ են մեզ։ Որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը սլովենական «Ցելիեն» է, որը ևս հաղթահարելի մրցակից է։ Լիահույս ենք, որ դրական լիցքերն ու էմոցիաները լուրջ խթան կհանդիսանան մեր չեմպիոնի առաջխաղացմանը։