Բելառուսական լրատվական կայքերը հեռացրել են բոլոր լուսանկարները՝ ի նշան լրագրողների ձերբակալության դեմ բողոքի

Բելառուսական լրատվական կայքերը հեռացրել են բոլոր լուսանկարները՝ ի նշան լրագրողների ձերբակալության դեմ բողոքի

Սեպտեմբերի 17-ին բելառուսական լրատվամիջոցները հեռացրել են բոլոր լուսանկարներն իրենց գլխավոր էջերից՝ ի նշան բողոքի ֆոտոլրագրողներ Վլադիմիր Գրիդինի (Tut.by) և Ալեքսանդր Վասյուկովիչի («Նովի չաս») ձերբակալության: Սեպտեմբերի 13-ին, «Հերոսների երթ»-ից հետո, թղթակիցներին բերման են ենթարկել սրճարանում, որտեղից նրանք լուսանկարներ պետք է ուղարկեին իրենց խմբագրություններ: Նրանց ձերբակալել են 11 օրով՝ չարտոնված ակցիայի մասնակցելու համար: «Մենք համերաշխ ենք մեր գործընկերների հետ: Մենք վրդովված ենք ուժայինների գործողություններից և դատարանների անարդար որոշումներից: Մենք պահանջում ենք դադարեցնել ճնշումները լրագրողների վրա: Մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար: Եվ մենք շարունակելու ենք կատարել մեր աշխատանքը»,- ասվում է Tut.by-ի հայտարարության մեջ: Ի թիվս այլոց, ակցիային մասնակցել են Tut.by-ը, «Նովի չաս»-ը, «Բելաստ»-ը, Onliner-ը, «Ազատություն ռադիոկայան»-ը, «Մեդիազոնա. Բելառուս»-ը, Լրագրողների բելառուսական ասոցիացիան, «Մամուլի ակումբ» լրագրողների ասոցիացիան: Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում մոտ հարյուր լրագրող է բերման ենթարկվել, իսկ արտասահմանյան լրատվամիջոցների շատ աշխատակիցներ վտարվել են հավատարմագրման բացակայության պատրվակով: