Երբ զանգով «պենալ» են դնում․ Մրցավարական հերթական «բեսպրեդելը» հայկական ֆուտբոլում

Երբ զանգով «պենալ» են դնում․ Մրցավարական հերթական «բեսպրեդելը» հայկական ֆուտբոլում

Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Լոռի»-«Արարատ-Արմենիա» և «Նոա»-«Արարատ» հանդիպումներում կրկին ականատեսը եղանք մրցավարական «բեսպրեդելի»։ Առաջին դեպքում մրցվարի հագուստ կրող Շահեն Աղայանը «Արարատ-Արմենիային» պարտության մատնեց, «Լոռիի» դարպասին չնշանակելով 100 տոկոսանոց 11 մետրանոց։ Տվյալ դրվագում «Լոռիի» պաշտպանը սեփական տուգանային հրապարակում ակնհայտ կերպով ձեռքով կասեցրեց դեպի դարպասն ընթացող գնդակը։ Արդյունքում Հայաստանի գործող չեմպիոնը պարտվեց 2։1 հաշվով։ «Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցած «Նոա»-«Արարատ» մրցավեճում էլ մրցավարի համազգեստ կրող Աշոտ Ղալթաղչյանը «Արարատից» խլեց հաղթանակը։ Այս խաղում տեղի ունեցածն իսկապես արտառոց երևույթ կարելի է համարել։ Հանդիպման 85-րդ րոպեին, երբ հաշիվը 1։0 էր՝ հօգուտ «Արարատի», Ղալթաղչյանը վիճելի տուգանային հարված նշանակեց «Արարատի» դարպասին, որի արդյունքում դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը։ Երեք րոպե անց «Արարատի» տուգանային հրապարակի մատույցներում բախում տեղի ունեցավ «Արարատի» և «Նոայի» ֆուտբոլիստների միջև։ Ղալթաղչյանը տվյալ դրվագում չընդհատեց խաղը, և «Արարատը» հասցրեց գրոհ ձեռնարկել։ 20 վայրկյան անց, սակայն, մրցավարի հագուստ կրող անձը 11 մետրանոց հարված նշանակեց «Արարատի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Արտյոմ Սիմոնյանը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ նպատակաուղղված փնովում ենք պարոն մրցավարին, տեղի ունեցածը մեկնաբանենք պարզ հարցադրումներով։ Կարո՞ղ ենք պնդել, որ տուգանային հրապարակի մատույցներում «Արարատի» ֆուտբոլիստը խախտեց կանոնները, թե՞ տեղի ունեցավ սովորական բախում։ Կարո՞ղ ենք պնդել, որ եթե նույնիսկ «Արարատի» ֆուտբոլիստը խախտեց կանոններն, ապա դա տուգանային հրապարակի ներսում էր։ Նկատենք, որ բախման պահին Ղալթաղչյանը գտնվում էր 2-3 մետր հեռավորություն վրա և ուշադիր հետևում էր պայքարին։ Դիտելով դրվագի տեսագրությունը՝ համոզվում ենք, որ Ղալթաղչյանն այնտեղ կանոնների խախտում չի տեսնում և թույլ է տալիս, որ հանդիպումը շարունակվի։ Այնուհետև, մրցավարի հագուստ կրող անձը, ժեստով ցույց տալով ականջակալը, հասկացնել է տալիս, որ իրեն զանգել ու ասել են, որ, այսպես ասած «պենալն», այնուամենայնիվ, կա։ Իսկ ո՞վ է զանգել նրան։ Ղալթաղչյանին թերևս կարող էր «զանգահարել» եզրային մրցավարը։ Վերջինս, սակայն, դրվագից գտնվում էր մոտ 30 մետր հեռավորության վրա, և եթե ուշադրություն դարձնենք տեսագրությանը, բախման պահին նա ևս խախտում չի արձանագրում և չի բարձրացնում դրոշակը։ Այնուամենայնիվ, եթե եզրային մրցավարի տեսողությունն այդքան սուր է և բնածին այս հատկությունով մոտ 10 անգամ գերազանցում է բախումից 2-3 մետր հեռավորության վրա գտնվող մրցավարի հագուստ կրող անձին, ապա մեզ մնում է միայն շնորհավորել նրան։ Ավելին, կարելի է միջնորդել ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ լեհ Միխալ Լիստկևիչին բարձրացնել նրա պաշտոնը։ Նման տեսողություն ունեցող մարդկանց, կարծում ենք, վայել չէ կատարել «բոկավոյ սուդյայի» պարտականությունը։ Ի դեպ, ինչո՞վ է զբաղված Լիստկևիչը և ի՞նչ է արել 14 ամիս աշխատելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Հարցի պատասխանը կարող են տալ թերևս ՀՖՖ-ում։ Երկրպագուները տեսնում են այն, ինչ ակնառու է։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ երբ Աշոտ Ղալթաղչյանը աչքի է ընկնում այսպես ասած աչք ծակող գործողություններով։ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՖՖ-ի նախագահի գործկոմի ընտրություններում Ղալթաղչյանը որպես ՀՖՖ-ի անդամ ներկայացնում էր «Աչաջուր» ֆուտբոլային ակումբը։ Երեկվա հանդիպման հերոսը սակայն չկարողացավ մասնակցել ընտրություններին քանզի կորցրել էր անձնագիրը։ Այնուհետև Ղալթաղչյանը հայտարարել էր, որ անձնագիրը գողացել են և այն գտնվել է ՀՖՖ-ի զուգարանում։ Ստացվում է, որ մեր երկրում մրցավարը կարող է լինել նաև ՀՖՖ-ի պատվիրակ և ներկայացնել ֆուտբոլային ակումբ։ Տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ նույն Ղալթաղչյանը մեղմ ասած վատ հարաբերությունների մեջ չէ ՀՖՖ-ի ղեկավար կազմի հետ։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։ Դե հիմա երկրպագուներին համոզեք, որ նշված անձանց գործողություններում միտում չի եղել։ Համոզեք, որ նրանք ճիշտ են․․․ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի առաջնությունում, ուղղակի տհաճ է։ Ավելի ստույգ մրցավարների գործողություններն ուղղակի զզվանք են առաջացնում։ «Արարատի» գլխավոր մարզիչ Վահան Բիչախչյանը խաղից հետո հայտարարել է, որ նման մրցավարությունը պատուհաս է դառնում․ «Երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ: Նման մրցավարությունն արդեն պատուհաս է դառնում: Էպիզոդից կես ժամ հետո են արձանագրում իրավիճակը... Չես հասկանում, թե նման մրցավարության պայմաններում քեզ ինչպես պահես, որ ավելորդություններ թույլ չտաս: Ամեն դեպքում, այս հարցն էլ բավական մտահոգիչ է: Ուշադրություն դարձրեք, որպեսզի այսպիսի խայտառակ մրցավարական իրավիճակները հաճախակի բնույթ չկրեն»։