Եվրագավաթներին ընդառաջ. Հայկական թիմերի և նրանց մրցակիցների վարկանիշը…

Եվրագավաթներին ընդառաջ. Հայկական թիմերի և նրանց մրցակիցների վարկանիշը…

Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, երեկ կայացավ Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» կմրցի ղազախական «Կայրաթի» հետ: Հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ: «Ալաշկերտն» ուժերը կչափի մակեդոնական «Ռենովայի» հետ: Այս թիմերի հանդիպումը կկայանա Երևանում: Գյումրիի «Շիրակի» մրցակիցն էլ ռումինական «Ստյաուան» է: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին՝ Բուխարեստում: Ավելի վաղ տեղի էր ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 19-ին Երևանում մրցելու է Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով որակավորման փուլի դիմակայությունները լինելու են մեկ խաղով։ Այն ակումբները, որոնք վիճակահանության ժամանակ առաջինն են հանվել զամբյուղից, լինելու են հյուրընկալող։ Ինչևէ, Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի օգոստոսին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Ի դեպ, եվրագավաթների մասնակից մեր 4 թիմերից լավագույն 1000-ի շարքում տեղ են զբաղեցրել միայն «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»։ Վերջինս եվրագավաթների նախորդ խաղարկությունում բավական հաջող ելույթներից անմիջապես հետո հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 774-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ 2019 թվականին «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակից «Օմոնիան» վարկանիշային աղյուսակում 437-րդն է։ Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է, որը այս տարի ելույթ չի ունենա եվրագավաթների խաղարկությունում: Վերջինիս անցյալ տարի ևս հաջողվել էր դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 761-րդ հորիզոնականում է: Հայաստանի այս տարվա բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» 792-րդ հորիզոնականում է: Վերջինս նախորդ տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը: Եվրոպա լիգայում «Ալաշկերտի» առաջիկա մրցակիցը տեղ չի գտել լավագույն 1000 ակումբների շարքում։ Գյումրիի «Շիրակի» մրցակիցը՝ նույն «Ստյաուան», այս պահին 49-րդն է։ «Նոայի» մրցակից «Կայրաթն» էլ 860-րդ հորիզոնականում է։ Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 597-րդ, «Նեֆթչին»՝ 672-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 733-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 867-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիային» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 845-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ: Ինչևէ, եվրոպական ֆուտբոլում առաջնությունների վերսկսումից հետո ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում երբեմնի առաջատար «Բարսելոնան» նահանջ է ապրել։ Այս պահին առաջին հորիզոնականում Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլն» ունի 14695միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բրազիլական «Ֆլամենգոն» ունի 13486 միավոր: Երրորդը «Բարսելոնան» է, իսկ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է բրազիլական մեկ այլ ակումբ՝ «Պալմեյրասը»։ 6-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որին հաջորդում են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը», «Մանչեսթեր Սիթին», բրազիլական «Գրեմիոն» և արգենտինական «Բոկա Խունիորսը»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 44-րդ հորիզոնականում է: Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 55-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 52-րդն է, «Կրասնոդարը»՝ 81-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 90-րդը: Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Ու քանի որ համավարակի պատճառով գրեթե բոլոր մրցաշարերը ընդհատվել էին, հաշվի են առնվել մարտին գրանցված արդյունքները։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ հենց այս կետից են թիմերը շարունակելու ելույթները մրցաշարերի վերսկսումից հետո։ Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Մասնավորապես, լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 4 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 188-րդն է: Վերջերս «Ալաշկերտը» գլխավորած Եղիշե Մելիքյանն էլ, հայտնվելով լավագույն 1000 մարզիչների շարքում, 782-րդն է։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 893-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 933-րդը: Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը վարկանիշային աղյուսակի 399-րդ հորիզոնականում է։