Ամուլսարի մոտ իրավիճակը լարված է․ իրազեկման պիկետ Շրջակա միջավայրի նախարարության դիմաց

Բնապահպան-ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացնելով Ամուլսարի շուրջ տիրող լարված իրավիճակը, նշեց, որ «Լիդիան» ընկերության պահնորդական ծառայության ներկայացուցիչները հանել են Ամուլսարի պահապանների տնակները, տեղափոխել դիմացի մայթ և դրա տեղում տեղադրել իրենցը: «Այն դեպքում, որ դրանք բուֆերային գոտում են, պատկանում են համայնքային սեփականությանը և չեն գտնվում ընկերության սեփականության տարածքում»,- նշեց նա՝ վկայակոչելով ոստիկանության պաշտոնական պատասխանը: Նրա խոսքով՝ պահնորդական ընկերության սադրանքները պարբերական բնույթ են կրում: Բնապահպանը ընդգծեց, որ խոսվում է այն մասին, որ «Լիդիան» ընկերության բաժնետերերի ցուցակում ներգրավված են 60 թուրք ներդրողներ: «Իրավիճակը իսկապես սրված է: Բանը հասել է նրան, որ այս օրերին ընկերության պահնորդական ծառայությունն իրականացնող անձինք էլեկտրաշոկ են կիրառել տեղացիների վրա և նրանց բռնությունների են ենթարկել»,- նշեց Թեհմինե Ենոքյանը՝ հավելելով, որ իր պիկետը ընդամենը իրազեկման բնույթ է կրում:   Մանրամասն՝ տեսանյութում: