Արթուր Մեսչյանը հրաժարակա՞ն է տվել․ պարզաբանում է Հայկ Մարությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ լրատվամիջոցներում շրաջանառվող այն տեղեկատվությանը, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է գրել։ Քաղաքապետն ասաց, որ Արթուր Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարի ժամկետով, ինչն արդեն իր ավարտին է մոտենում. «Շատ բնական է, որ այդ մարդը, ինչպես հենց սկզբից ասել է, ինքը մնում է իր խոստման շրջանակներում։ Ի սկզբանե ասել է՝ գալիս է մոտավորապես երկու տարի աշխատենք միասին, որից հետո անդրադառնա իր գործերին և բնական է, որ այդ մարդը պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա, ոչ թե այլ պատճառով»,-ասաց քաղաքապետը՝ նշելով, որ այսօր Արթուր Մեսչյանը պաշտոնավարում է և երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի։