Ամուլսարը նախկին հանցավոր իշխանությունից մնացած ամենատխրահռչակ ժառանգություններից մեկն է․ Արման Բաբաջանյան

Ամուլսարը նախկին հանցավոր իշխանությունից մնացած ամենատխրահռչակ ժառանգություններից մեկն է․ Արման Բաբաջանյան

Ամուլսարի շուրջ վերջերս ակտիվացած կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև ավելի են բորբոքվում, ու տպավորություն է ստեղծվում, որ դա ինչ-որ կետից հրահրվող սադրանքի հետևանք է։ Ինչ-որ անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ Ամուլսարի խաղաղ պահապաններին հունից հանելու ու նրանց ինչ-ինչ բախումների մեջ ներքաշելու համար։ Հերթական դեպքը տեղի է ունեցել երեկ. ինչպես տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը, «Լիդիանի» վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը: Այն դեպքում, երբ անգամ, ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում: Ամուլսարի շուրջ հրահրվող հերթական սադրանքը կանխելու նպատակով Հայկական բնապահպանական ճակատը և Ամուլսարի բոլոր պահապանները այսօր հայտարարել են մոբիլիզացիա՝ պետք է հրատապ հավաքվել Գնդեվազ գյուղի մոտակայքում՝ Ամուլսարի II դիմադրական կետի մոտ: Ինքս՝ որպես ԱԺ պատգամավոր, որպես «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ և, ի վերջո, որպես մարդ, ով շուրջ երկու տարի պայքարել է Ամուլսարի շուրջ ծավալվող հակապետական դավադրությունների դեմ՝ այսօր լինելու եմ այնտեղ, լինելու եմ Ամուլսարի պահապանների կողքին ու աջակցելու եմ խաղաղ դիմադրության նրանց իրավունքի իրացմանը։ Ամուլսարը նախկին հանցավոր իշխանությունից մնացած ամենատխրահռչակ ժառանգություններից մեկն է։ Այդ նախագիծը հնարավոր է դարձել մեծածավալ կոռուպցիոն, հանցավոր սխեմաների ու գործարքների կիրառման արդյունքում, որի հիմքում դրվել է ոչ թե պետության ու համայնքի բնակիչների, այլ այն ժամանակվա իշխանության ղեկին գտնվողների կլանային շահը։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, ի թիվս այլ պատճառների, տեղի է ունեցել նաև Ամուլսարի շահագործումը թույլ չտալու նպատակադրմամբ։ Եվ հիմա՝ հեղափոխությունից երկու տարի անց, համայնքի բնակիչները, մենք բոլորս կանգնած ենք Ամուլսարի շահագործման վտանգի առաջ։ Ու ստացվում է, որ հեղափոխական իշխանությունն այսօր գնում է նույն այն իշխանության ճանապարհով, որի դեմ պայքարի արդյունքում հասել է իշխանության։ Դա ուղղակի անթույլատրելի է և մերժելի, ու պետք է բոլոր հնարավոր մեթոդներով ու միջոցներով պայքարել Ամուլսարի շահագործման դեմ։ Առաջին հայացքից սա պայքար է առանձին վերցրած մի սարի կամ հանքի համար, իրականում, սակայն, այս պայքարի հիմքում ընկած են գոյաբանական, արժեհամակարգային գործոններ։ Մենք տարիներ, տասնամյակներ շարունակ հայտարարում ենք, որ պետք է հրաժարվենք հանքարդյունաբերության, ընդերքի շահագործման վրա հիմնված տնտեսությունից ու կառուցենք ներառական տնտեսական համակարգ։ Դա եղել է նաև հեղափոխական թիմի հռչակումներից ու կարգախոսներից մեկը։ Իսկ դա նշանակում է, որ Ամուլսարը չի կարող շահագործվել որևէ պարագայում, որևէ հիմնավորմամբ կամ որևէ շահի սպասարկման դրդապատճառով, քանի որ դա հակասում է ընդերքօգտագործման վրա հիմնված տնտեսությունից հրաժարվելու՝ հեղափոխական իշխանության խոստմանը։ Այդ իմաստով Ամուլսարը փորձաքար է իշխանության համար, թեստ՝ ստուգելու նրա հռչակումների ու կարգախոսների ճշմարտացիությունը։ Եվ եթե որևէ պարագայում իշխանությունը տապալեց այդ թեստն ու փորձությունը, դա կարող է շատ ավելի խորքային գործընթացների սկիզբ դառնալ՝ հանգեցնելով ընդհուպ քաղաքական լրջագույն փոփոխությունների։ Այնպես որ, բոլորս միասին պայքարում ենք Ամուլսարի համար, իշխանությանը հիշեցնում ենք հանքարդյունաբերությունից հրաժարվելու իր իսկ խոստումները և թույլ չենք տալիս, որ հեղափոխության կապիտալը փոշիանա Ամուլսարի խառնարաններում։ Ամուլսարը սար է մնալու: https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3515317591832276/?type=3&theater