Հայաստանի լավագույն տղերքը. Լավագույնները, ցավոք, մերը չեն…

Հայաստանի լավագույն տղերքը. Լավագույնները, ցավոք, մերը չեն…

Երեկ հայտնի դարձան 2019/2020 թթ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը։ ՀՖՖ-ի անցկացրած քվեարկության արդյունքներով, հավաքելով 137 միավոր, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն: 31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը: 22 միավորով երրորդ տեղում է «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն: Լավագույն մարզիչ անվանակարգում, հավաքելով 125 միավոր, առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Ինչպե՞ս կարելի է գնահատել քվեարկության արդյունքները։ Փաստն այն է, որ 2019/2020 թվականի ո՛չ լավագույն ֆուտբոլիստն է հայ, ոչ էլ լավագույն մարզիչը։ Սա լավագույնս է արտացոլում հայկական ֆուտբոլում և, մասնավորապես, Հայաստանի առաջնությունում տիրող իրավիճակը։ Այս պահին ուղղակի անիմաստ ենք համարում խոսել լավագույն եռյակում տեղ գտած ֆուտբոլիստների կամ լավագույն մարզչի որակների մասին։ Այո, նրանք քվեարկության արդյունքում են ճանաչվել լավագույնը, բայց, ինչպես ընդունված է ասել, նրանք մերը չեն։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչները շարունակելու են մերը չլինել, քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվում լեգեոներների հոսքը նվազեցնելու համար։ Դեռևս անցյալ տարվա սկզբին հայկական ֆուտբոլում տեղի էր ունենում բավական հետաքրքիր մի պրոցես, և թվում էր, թե լեգեոներների վերաբերյալ ՀՖՖ-ն կկայացնի տրամաբանական որոշում: Բազմաթիվ ֆուտբոլիստներ և մի քանի ակումբներ պահանջում էին, որ ֆուտբոլային գերատեսչությունը ընդունի արտասահմանցի խաղացողների սահմանափակման մասին որոշում, բայց... Այն ժամանակ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով խնդրի շուրջ ծավալված լարված իրավիճակին, մասնավորապես ասել էր. «Ես համակարծիք չեմ լեգեոներականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել: Ֆուտբոլի ֆեդերացիայում կլսենք բոլոր կարծիքները և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»: Ավելի ուշ Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի պաշտոնական դիրքորոշումը, ինչպես նաև ընդունված որոշումը։ Մասնավորապես, անցյալ տարի ընդունվել էր որոշում, որի համաձայն՝ թիմերի հայտացուցակները նախկին 18 ֆուտբոլիստների փոխարեն պետք է ունենան 23 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ը պարտադիր պետք է լինեն տեղացի խաղացողներ: Վանեցյանը հայտարարել էր նաև, որ ՀՖՖ-ն խիստ չի գտնվել այս հարցում, քանի որ շատ ակումբներ կկանգնեին խնդրի առաջ: ՀՖՖ նախկին նախագահի պնդմամբ՝ կա տեղացի ֆուտբոլիստների սակավության խնդիր, և եթե լեգեոներների սահմանափակումը կատարվեր ավելի մեծ ծավալով, մի շարք թիմերի խաղը որակի առումով զգալի անկում կապրեր։ Թե ինչ արդյունք տվեց լեգեոներների վերաբերյալ ՀՖՖ-ի անցյալ տարվա որոշումը՝ տեսան բոլորը։ Մեր թիմերում լեգեոներների թվի չնվազելուց զատ՝ զգալի քչացավ խաղադաշտում տեղացի խաղացողների քանակը։ Եղան դեպքեր, երբ թիմերի մեկնարկային կազմերում ընդհանրապես տեղ չգտան տեղացիներ։ Ամենաթարմ օրինակը գավաթի խաղարկության եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումն է։ Թիմերի մեկնարկային կազմում ընդամենը երկու հայեր էին՝ ի դեմս «Արարատ-Արմենիայի» խաղացողներ Արմեն Համբարձումյանի և Արթուր Դանիելյանի։ Վերջիններս, սակայն, հայկական ֆուտբոլի դպրոցի սաներ չեն։ Լեգեոներների գլոբալ խնդրի մասին շատ է խոսվել. առաջարկվել են տարբեր լուծումներ։ Այսօր հարկ ենք համարում անդրադառնալու թերևս ՀՖՖ-ի վերջին որոշմանը։ Մասնավորապես, հունիսի 16-ին տեղի ունեցած ՀՖՖ գործոմի նիստում որոշվեց, որ մեկնարկելիք մրցաշրջանում Բարձրագույն խմբի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն տեղացիներ։ Ավելի ստույգ՝ այդ 9 ֆուտբոլիստները պետք է 15 տարեկանից մինչև 21 տարեկանը գրանցված եղած լինեն ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում, նվազագույնը 3 խաղաշրջան խաղացած լինեն Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված կամ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 2 ֆուտբոլիստ: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ հայտացուցակում հայաստանցի ֆուտբոլիստների պարտադիր քանակն ավելացել է ընդամենը երկուսով։ Ավարտված մրցաշրջանում համոզվեցինք, որ հայտացուցակի մասով օրենքը կրում է ըստ էության ֆորմալ բնույթ։ Թիմերի հիմնական մասը խաղերին հայտավորում էր 7 տեղացի ֆուտբոլիստների, այսպես ասած, ձևի համար, իսկ 16 լեգեոներները միանգամայն բավարար էին ձևավորված խաղային մեխանիզմի աշխատանքն ապահովելու համար։ Գալիք մրցաշրջանում թիմերը հնարավորություն կունենան հայտավորելու 14 լեգեոներականների, ինչը ևս բավարար է խաղային վեկտորը պահելու համար։ Վստահաբար կարող ենք ասել, որ այս առումով որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Հավանականությունը մեծ է, որ բարձրագույն խմբի մասնակիցներից շատերը շարունակելու են շեշտը դնել արտասահմանցիների վրա, իսկ հայ ֆուտբոլիստները դարձյալ զրկված են լինելու խաղային պրակտիկայից։ Այս եղանակով շարունակելու պարագայում երկու-երեք տարի անց ուղղակի դժվար կլինի գտնել տեղացի ֆուտբոլիստների՝ հայտացուցակների քանակը լրացնելու համար, իսկ տարբեր տարիքային հավաքականներ կանգնելու են մեծ փաստի առջև։