«Արցախը Հայաստան է, և վերջ» բանաձևն ալեկոծել է Քոչարյանին և ադրբեջանցիներին. Ստեփանակերտն արձագանքում է՝ մեկ ընդհանուր հայրենիք ենք

«Արցախը Հայաստան է, և վերջ» բանաձևն ալեկոծել է Քոչարյանին և ադրբեջանցիներին. Ստեփանակերտն արձագանքում է՝ մեկ ընդհանուր հայրենիք ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։ - Պարոն Բաբայան, մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հատկապես արցախյան դրույթները։ Ըստ նրա՝ անհասկանալի է «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, և որ միտում կա Արցախը Հայաստանի մարզ դարձնելու։ Ի՞նչ դիտարկումներ ունեք Դուք։ - Ես չեմ ուզում ներքաղաքական տիրույթում դիտարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները։ Պարզապես ասեմ հետևյալը. ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Արցախի կարգավիճակը, Արցախի տեղն ու դերը՝ որպես բանակցային լիարժեք կողմ, որպես կայացած երկիր, ամեն տեղ ընդգծվի։ Պետք է հասկանանք մեկ բան՝ արցախյան պետականության ուժեղացումը չի նշանակում հայոց պետականության տրոհում, այլ ընդհակառակը։ Քանի դեռ կարգավորված չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, քանի դեռ միջազգային հանրությունը չի կարողանում միասնական մոտեցում ցուցաբերել ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի արցախյան պետականության գործոն լինելը միշտ ընդգծվի։ Հասկանալի է, որ երբ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները հայտարարել են՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», սա ավելի շատ զգացմունքային է  եղել։ Հիշո՞ւմ եք, մենք անմիջապես այն ժամանակ արձագանքել ենք՝ ասելով, որ Արցախի Հանրապետությունը հայոց երկրի մի մասն է, բայց դեռ Հայաստանի Հանրապետություն չէ։ Իսկ ո՞վ չի ուզում, որ միասնական պետություն լինի, բոլորս էլ ուզում ենք, բայց ձև կա։ Ամեն ինչ պետք է անենք, որ մեր պետականությունը, կապ չունի՝ Մայր Հայաստանի, թե արցախյան հատվածը, լինի ուժեղ։ Իսկ այս պահի դրությամբ դրա միակ հնարավոր ձևը Արցախի պետականության ուժեղացումն է, այլ տարբերակ չկա։ Եթե որևէ մեկի մեջ գայթակղություն լինի, կամ չհասկանալով, արցախյան պետականությունը ապամոնտաժելու կամ ինչ-որ ձևով թուլացնելու, սա անմիջապես անկանխատեսելի վատ հետևանքներ է ունենալու ամբողջ հայոց պետականության համար։ - Ալիևի վարչակազմին ընդդիմադիր ադրբեջանցի գործիչ Արիֆ Յունուսովն իր հարցազրույցում ասել է, որ Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը պայթեցրել է Ադրբեջանի հասարակությունը։ Ինչպե՞ս է ստացվում, որ այս բանաձևից դժգոհ են և՛ ադրբեջանցիները, և՛ Հայաստանի ընդդիմադիրները։ - Գիտեք, Ադրբեջանը առհասարակ այդ մասին չպետք է խոսի, սա բարոյականության տիրույթում է, իհարկե։ Պատճառը շատ պարզ է։ Եթե իրենք ստեղծում են արևմտյան Ադրբեջան, կենտրոնը՝ Երևանում, եթե իրենց նախագահը խոսում է, որ Երևանը ադրբեջանական պատմական հող է, և այդ «սխալը» պետք է ուղղեն... Դա անհեթեթ է, աննորմալ հայտարարություն։ Բայց այսպիսի գաղափարներով հանդես եկող երկիրն իրավունք չունի այլ բաների մասին խոսելու։ Պարզ է, որ նրանք սա օգտագործել են, առիթավորվել ու փորձում են բորբոքել հակահայկական զգացողություններ։ Մենք մեկ ընդհանուր հայրենիք ենք, ու որևէ մեկը դա չի կարող ժխտել, բայց երկու տարբեր պետություն ենք այս պահի դրությամբ, ու դա մեր կամավոր ընտրությունը չէ։ Մենք պարտավորված էինք այս ճանապարհով գնալու, որովհետև այլ տարբերակ չկար։ - Հայաստանի նոր իշխանությունները ի սկզբանե պնդում են, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ՝ այն դեպքում, երբ հենց այդ նույն քննադատողների օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Դուք ամեն դեպքում ունե՞ք դժգոհություն այս իշխանությունների արցախյան քաղաքականությունից։ - Ընդհանուր առմամբ սա ողջունելի է՝ մենք տեսնում ենք շարունակականություն Հայաստանի արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական մոտեցումներում։ Անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, տեսնում ենք, որ կա ընդհանուր գիծ, և այդ գծից առ այսօր գրեթե շեղում չկա։ Նախևառաջ՝ պետք է լինի բալանսավորված, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն. սա  պահպանվում է։ Բոլորն էլ մշտապես ընդգծում էին, ներկա իշխանությունները՝ մի քիչ ավելի շատ, որ Արցախը պետք է վերականգնի իր դիրքերը բանակցային գործընթացում։ Սա ոչ թե նոր իշխանությունների մոտեցումն է կամ նորույթը, այս դրույթը ֆիքսվածէ  ԵԱՀԿ հիմնադիր գագաթաժողովում՝ Բուդապեշտում, 1994 թվականին, նաև՝ հարակից մի շարք որոշումներում, երբ Արցախի Հանրապետությունը փաստացի ճանաչվեց միջազգային հանրության, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից որպես հակամարտող, բանակցային կողմ։ Նույն Հեյդար Ալիևը Արցախի ղեկավարությանն ուղղված բազմաթիվ նամակներ ունի, ու սա նույնն է, ինչ միջազգային հանրության որոշումը։ Պարզապես նոր իշխանությունները ավելի շատ են դա հիշեցնում, ու դա լավ է, ամեն անգամ բոլորս պետք է հիշեցնենք։ Հիշո՞ւմ եք՝ առաջին անգամ երբ հայտարարություններ եղան այդ մասին, մենք անմիջապես ողջունեցինք։ Բայց նաև հավելեցինք, որ սա շատ ծանր, աշխատատար ու ժամանակատար գործընթաց է լինելու, և որ Ադրբեջանն ամենակատաղի ձևով դրան ընդդիմանալու է։ Տեսնում եք, որ այդ ամենը տեղի է ունենում։ Այս շարունակականությունը մենք պարտավոր ենք պահպանել, ու սա քմահաճույք չէ, սա չպետք է լինի ներքաղաքական կոնյունկտուրայի արդյունք։ Այլ տարբերակ չունենք։ Եթե փոխենք արտաքին քաղաքական վեկտորը, փոխլրացումներ չլինեն՝ միանշանակ կատաստրոֆա է լինելու։ Եթե չպնդենք, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, ընդհանրապես այլ տիրույթում ենք դիտարկելու այս ամենը՝ տարածքային վեճ և այլն։ Հետևաբար շատ օբյեկտիվ իրականություն է սա, և  բոլոր իշխանությունները՝ անկախ իրար հանդեպ վերաբերմունքից, քաղաքական պլատֆորմից, պետք է այս ուղղությունը տանեն։ - Անկախ Ձեր հորդորից՝ արցախյան հարցը Հայաստանում դարձել է  ներքաղաքական շահարկման թեմա։ Իշխանություններին մեղադրում են հող ծախելու, Արցախը մարզի վերածելու մեջ։ Դուք ազնի՞վ եք համարում արցախյան հարցը ներքաղաքական բանավեճերի մեջ օգտագործելը։ - Արցախյան խաղաքարտը շահարկելը և՛ վտանգավոր է, և՛ օգտակար։ Ինչի՞ մեջ է  վտանգը։ Արցախը միշտ պետք է լինի համախմբող գաղափար ողջ հայության համար՝ և՛ Մայր Հայաստանի, և՛ Սփյուռքի։ Սա մեր կարևոր իդեալներից մեկը պետք է լինի։ Ի վերջո, մեր հաղթանակները վերջին հարյուրամյակում մենք ունեցել ենք Արցախում։ Այս տեսակետից արցախյան հարցի օգտագործումը շատ ցանկալի կլինի, որ այս ուղղությամբ լինի՝ որպեսզի հաղթանակները ուժեղացնենք, որպեսզի Արցախը մեր հայության հպարտությունը լինի։ Եթե այն շահարկվում է վատ տեսակետից, այսինքն՝ հիշում եք, որոշ գարշելի դրսևորումներ եղան։ Մեկն ասում է՝ ղարաբաղցիները թուրք են, մեկը՝ այլ բան... ես նաև առաջարկել եմ քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Մյուս կողմից՝ քանի որ հայության ճակատագիրը որոշվում է նաև Արցախում, պարզ է, որ Արցախի ցանկացած թուլացում իսկապես կարող է մահացու հարված լինել հայոց պետականության համար։ Արցախի անվտանգությունն ամենակարևոր հարցերից մեկն է, ու դա անընդհատ պետք է բարձրաձայնել։