Անվճար կրթության, բուժսպասարկման ու այլ ծրագրերի համար. մեկնարկեց ԱՀ կառավարության անդրանիկ նիստը

Այսօր իր անդրանիկ նիստը գումարեց Արցախի Հանրապետության նորընտիր կառավարությունը: Քննարկվող առաջին հարցն ԱՀ-ի 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններն էին: ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախագիծը մշակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թթ. ծրագրի մի շարք դրույթների համաձայն. մասնավորապես՝ ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, ոռոգման ցանցի ընդլայնման ու կառավարման արդյունավետության բարձրացման բնագավառում առաջարկվում է «ԱՀ հյուսիսարևելյան հողերի ոռոգումը Թարթառի հոսքով» ծրագրի իրականացման նպատակով 2020 թ. համար ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում ծախսային ծրագիրը ավելացնել 2.5 մլրդ դրամով: Արտեզյան ջրհորների կառուցման ու ջրախնայողական տեխնոլոգիաների ցանցի ընդլայնման նպատակով «Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր» ծախսային ծրագիրն ավելացնել 1.5 մլրդ դրամով: 2020 թ. սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, հեմոդիալիզի և անգիոգրաֆիայի ծառայությունների ընդլայնման, նաև անպտղության բուժման նպատակով առողջապահության բաժինը առաջարկվեց ավելացնել 400 մլն դրամով: «Դրանից բացի, արդեն 2020-ին առողջապահական ծրագրեր իրականացնելու համար նախատեսված գումարների շրջանակներում կիրականացվեն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու նրանց հավասարեցված, Արցախի Հանրապետությունում հաշվառված, Արցախի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած անձանց սրտի վիրահատությունների անվճար կազմակերպումը»,- նշեց ֆինանսների նախարարը: Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծրագրին անդրադառնալով՝ Բաղդասարյանը նշեց, որ բյուջեի «Կրթություն» և «Ուսանողներին տրվող փոխհատուցում» ծրագիրը առաջարկվում է ավելացնել 200 մլն դրամով: Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բարելավման, գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնման բնագավառում գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների, համայնքին, բնակիչներին շինանյութերի տրամադրման ծավալների ավելացման նպատակով «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման» ծախսային ծրագիրն առաջարկվում է ավելացնել 710 մլն դրամով: ԱՀ չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորում» ծախսային ծրագիրն առաջարկվում է ավելացնել 100 մլն դրամով: Ռազմավարական մի շարք օբյեկտների վերանորոգման ու կառուցման նպատակով էլ առաջարկվեց հատկացնել հավելյալ 5.5 մլրդ դրամ: Առաջարկվեց նաև կորոնավիրուսի համավարակի կանխարգելման աշխատանքների, դրա հաղթահարմանն ուղղված աշխատանքների և հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պետբյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 2 մլրդ 900 մլն դրամով: «Այսպիսով, 2020 թվականի պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 13 մլրդ 810 մլն դրամով, իսկ եկամուտները՝ 5  մլրդ 100 մլն դրամով՝ պայմանավորված Արցախի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափը 5 մլրդ 100 միլիոնի չափով ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020 թ. ԱՀ պետբյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399 հազար դրամ, ծախսերի գծով՝ 134 մլրդ 650 մլն 717 հազար դրամ, դեֆիցիտը կկազմի 8 մլրդ 601 մլն 318 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին»,- նշեց Բաղդասարյանը: