Ճապոնիայում հեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 72-ի

Ճապոնիայում հեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 72-ի

Առնվազն 72 մարդ է զոհվել Ճապոնիայում, որի ընդարձակ տարածքներում շարունակվում են սաստիկ տեղատարփ անձրևները, որոնք հանգեցրել են հեղեղումների, սողանքների և ընդգրկուն ավերումների: Հուլիսի 13-ին այդ մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Նշվում է, որ ևս առնվազն 13 մարդ համարվում է անհայտ կորած: Տարերքի հիմնական հարվածը բաժին է ընկել Կումամոտոյի հարավ – արևմտյան պրեֆեկտուրային. այնտեղ զոհվել է առնվազն 64 մարդ: Տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել են երկրի Ինքնապաշտպանության ուժերի ավելի քան 20 հազար զինվորներ: Վերջին տվյալներով՝ տեղատարափ անձրևների հարուցած սողանքների և հեղեղումների հետևանքով Ճապոնիայի հարավ - արևմուտքում վնասվել է ավելի քան 14 հազար տուն: Տեղի օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Ճապոնիայի տարածքում անձրևային ճակատը շարունակում է շարժվել դեպի արևելք, իսկ առատ տեղումները կշարունակվեն առանվազն մինչև հուլիսի14-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: