Ինչ է կատարվում Տավուշի սահմանին. հայկական զինուժը լուծում է խնդիրը

Ինչ է կատարվում Տավուշի սահմանին. հայկական զինուժը լուծում է խնդիրը

Հուլիսի 12-ին կտրուկ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի մեքենայով փորձել են հատել հայկական սահմանը: Մեր զինուժը կասեցրել է, նրանք թողել են մեքենան ու փախել, իսկ հետո դարձյալ փորձել են այս անգամ հրետանային կրակի ուղեկցությամբ վերցնել մեր դիրքը: Հայկական զինուժը տվել է կոշտ պատասխան, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը ունի զոհեր և վիրավորներ: Այս պահի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատել է չորս զոհ: Հայկական կողմը կորուստ չունի: Առավոտյան ադրբեջանցիները վերսկսել են մեր դիրքերի հրետակոծումը հրանոթներից և տանկից: Դա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունն էր: Իսկ ինչ է կատարվում իրադրության, այսպես ասած, քաղաքական համատեքստի առումով: Հայաստանի արտգործնախարարությունը և պաշտպանության նախարարությունն աշխատում են արտաքին ուղղությամբ. պաշտպանության նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի հետ, ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի հետ: Սա խիստ հատկանշական հանգամանք է, որի վրա արժե ուշադրություն դարձնել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ խոսել է արտաքին գործերի նախարարը, ինչը թերևս ունի նպատակ՝ ընդգծելու, որ Հայաստանն առկա իրավիճակում ՀԱՊԿ-ից ակնկալում է ոչ թե ռազմական, այլ քաղաքական դիրքորոշում: Այսինքն՝ Հայաստանի սահմանին ռազմական խնդիրներն ու մարտահրավերները հայկական զինուժը ի զորու է չեզոքացնել, լուծել իր ուժով, և ինչպես ցույց են տալիս իրադարձությունները՝ լուծել փայլուն կերպով: Միևնույն ժամանակ, հայկական կողմը աշխատում է այդ լուծումների, այսպես ասած, քաղաքական արձանագրման և աջակցման ուղղությամբ, ինչը և հատկանշական է դարձնում ԱԳ նախարարի մակարդակով զրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Այսինքն՝ խնդիրը հայկական զինուժի լուծումների քաղաքական ամրագրումն է, և Հայաստանը հենց դա է ակնկալում ՀԱՊԿ-ից: Նրբությունն այստեղ թերևս այն է, որ լարվածության անսպասելի բռնկման օրակարգում որևէ կերպ չտեղավորվի որևէ երրորդ կողմի ռազմական ներգրավվածության հարց, ինչը չափազանց կարևոր է այն տեսանկյունից, որ հայկական խնդիրների լուծումը երկարաժամկետ հեռանկարի առումով չաշխատի Հայաստանի իսկ դեմ: Հատկանշական է, որ սահմանային լարման իրավիճակին արագորեն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչը ամենևին, այսպես ասած, սովորական իրողություն չէ և վկայում է նաև այն մասին, որ սահմանին տեղի ունեցողը ևս սովորական հրադադարի խախտում կամ սադրանք չէ: Ավելին, այդ համատեքստում հարկ է ուշադրության արժանացնել վերջին ամիսներին ռուս-թուրքական հարաբերության լարումը: Անկարան թերևս դեմ չի լինի, եթե ևս մեկ՝ երրորդ ուղղությամբ էլ Մոսկվան ներքաշվի ռազմական բախման մեջ: Ըստ այդմ՝ հայկական զինուժի խնդիրն է լուծել ադրբեջանցիների հետ կապված ռազմական հարցերը, իսկ Հայաստանի ԱԳՆ խնդիրն է ապահովել որևէ երրորդ կողմի համար դրա ռազմական անձեռնմխելիությունն ու միևնույն ժամանակ ռազմաքաղաքական առումով այդ լուծումների քաղաքական արձանագրումը: Առայժմ հայկական երկու գերատեսչությունները լուծում են այդ խնդիրները ներդաշնակ ու արդյունավետ: