Երեկվանից մշտական կապի մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ քարտուղարի հետ. Զոհրաբ Մնացականյան

Հայ-ադբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ հայկական կողմը տեղյակ է պահել միջազգային գործընկերներին։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք երեկվանից կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ և տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ և շարունակում ենք այդ հաղորդակցությունը»,- ասաց վարչապետը։
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց․ «Երեկվանից մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի հետ։ Տեղեկատվության փոխանակման ու համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում։ Դրան զուգահեռ մենք կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Եվ սա նույնպես շարունակական է, և այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է։ Մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի, բոլոր այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում այդ ուղղությամբ»։