Հակառակորդի որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Երեկ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությումբ տեղակայված մեր սահմանային դիրքերը։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․ «Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են։ Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտահայտված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ։ Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ Հնարավոր է գործ ունենք ներքին խնդիրենրի՝ սահմանային իրավիճակի սրմամբ  երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհատ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի՝ այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որը արտահայտվում է՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների։ Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանը այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին»։