Բունդեսթագում կոչ են արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները՝ Սուրբ Սոֆիայի տաճարի պատճառով. Bild

Բունդեսթագում կոչ են արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները՝ Սուրբ Սոֆիայի տաճարի պատճառով. Bild

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆլորիան Խանը պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի  կողմից Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հայտարարությունից հետո, գրում է Bild-ը: Պարբերականի համաձայն, Էրդողանի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել ամբողջ աշխարհում, մասնավորապես Հունաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: Դժգոհություն են հայտնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ֆլորիան Խանը քաղաքական պատասխան է պահանջել Անկարայի գործողությունների վերաբերյալ, հայտնում է Bild-ը: Նրա կարծիքով, տեղի ունեցածը «սադրանք է եվրոպական մշակույթի դեմ», ինչպես նաև «Թուրքիայի շարունակական տարանջատումը» Եվրոպայից: «Դրանից մենք պետք է եզրակացություններ անենք, ինչպես նաև քաջություն ունենանք ավարտելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները»,- Խանի խոսքերը մեջբերում է պարբերականը: Իր հերթին Թուրքիայի նախագահն ի պատասխան քննադատությունների պահանջել է հարգանքով վերաբերվել իր որոշմանը. «Սուրբ Սոֆիայի կարգավիճակը որոշելու հարցը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է»: Բացի այդ, Էրդողանը նշել է, որ մզկիթի մուտքը ազատ կլինի բոլորի համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն թանգարանը մզկիթի վերածելու փաստը «ծայրահեղ ցավալի» է անվանել, գրում է պարբերականը: Կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլայը շեշտել է, որ Թուրքիան որոշումը կայացրել է մենակ՝ առանց որևէ մեկի հետ երկխոսելու: «Սուրբ Սոֆիան ճարտարապետական գլուխգործոց է և Եվրոպայի ու Ասիայի հատման եզակի մարմնավորում: Թանգարանի կարգավիճակը արտացոլում էր կառույցի համընդհանուրությունը և այն դարձնում երկխոսության հզոր խորհրդանիշ»,- նշել է Ազուլայը: