Լուրջ ռազմարդյունաբերական համալիր Հայաստանը առայժմ չունի. հարկավոր է այն կառուցել զրոյից

Լուրջ ռազմարդյունաբերական համալիր Հայաստանը առայժմ չունի. հարկավոր է այն կառուցել զրոյից

«Յուրաքանչյուր պետության ընտրությունն է՝ ի՞նչ է ինքն ուզում: Ուզում է ընդմիշտ մնալ կախվածության մեջ այլ երկրներից, թե՞ ուզում է ինքնուրույն ու ինքնաբավ լինել: Իհարկե, ինքնուրույնությունը շատ թանկ արժե»: Այս շաբաթվա սկզբին Հայաստանում պաշտոնապես բացվեց ռուսական լեգենդար «Կալաշնիկով» ինքնաձիգերի հավաքման արտադրամասը: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում հիմնված գործարանում կհավաքեն АК-103 մոդելի ավտոմատներ: Հուլիսի 7-ին «Կալաշնիկովի» հայկական արտադրամաս է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հունիսի սկզբին գրել էինք, որ հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, բացվելու է ձեռնարկություն, որտեղ զրոյից կհավաքեն АК-103 մոդելի ինքնաձիգեր, ընդ որում՝ բավական մեծ խմբաքանակներով: Տարեկան հավաքվելու է մինչև 50.000 միավոր հրաձգային զենք: Ինքնաձիգի պատրաստի մասերը բերվելու են Երևան և այստեղ տեղի է ունենալու զենքի հավաքման գործընթացը: Սակայն նախագծի հեղինակներն ասում են, որ ժամանակի ընթացքում կտեղայնացվի նաև զենքի մասերի արտադրությունը և Հայաստանում սկսվի «Կալաշնիկով» ինքնաձիգերի ամբողջական արտադրություն: Կարևոր է ընդգծել, որ ինչպես ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էր տեղեկացրել՝ Հայաստանում բացվող «Կալաշնիկով» գործարանի արտադրանքի շահառուն է լինելու նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Բացի այդ, «Կալաշնիկովի» արտադրամասի հարևանությամբ կառուցվում է առանձին կորպուս, որտեղ բանակի համար արտադրելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր և գիշերային ջերմային նշանոցներ: Ձեռնարկությունը հիմնվել է Նեյտրոն գիտաարտադրական միավորում ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա։ «Նեյտրոն» ԳԱՄ-ը պատկանում է զենքի շուկայի բիզնեսմեն Դավիթ Գալստյանին։ https://www.1in.am/assets/uploads/2019/06/Untitled-1-233.jpg Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: - Պարոն Խրամչիխին, ամենից շատ մեզ, իհարկե, հետաքրքրում է այն հարցը, թե «Կալաշնիկովի» արտադրամասի բացումը ի՞նչ կտա Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմանը: Ընդհանրապես սա կարո՞ղ ենք համարել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) մի մասը: - Անշուշտ, դա ինքնըստինքյան զարգացնելու է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը: Թեև հրաձգային զենքի արտադրությունը ամենացածր մակարդակն է ռազմարդյունաբերության մեջ, բայց, այդուհանդերձ, դա էլ պետք է լինի, քանի որ առանց հրաձգային զենքի պատերազմելն ուղղակի անհնար է: Ուստի, այո՛, իհարկե, «Կալաշնիկովի» արտադրամասի բացումը կարող ենք համարել Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացում: - Հայաստանյան ձեռնարկության ներկայացուցիչը ասել էր, որ ժամանակի ընթացքում կտեղայնացվի նաև զենքի մասերի արտադրությունը և Հայաստանում սկսվի «Կալաշնիկով» ինքնաձիգերի ամբողջական արտադրություն, բայց մեր փորձագետները կասկածում են, որ ռուսական կողմը Հայաստանին կտրամադրի զենքի բոլոր մասերի պատրաստման տեխնոլոգիաները: - Ես նույնիսկ չգիտեմ, թե ի՞նչ անհայտ տեխնոլոգիաներ կարող է ունենալ «Կալաշնիկովը»: Թեև պարզ է, որ 103-ը համեմատաբար նոր ավտոմատ է, բայց, այդուհանդերձ, «Կալաշնիկով» այսօր հավաքում են աշխարհի ցանկացած անկյունում: Ուստի ես չգիտեմ՝ ի՞նչ տեխնոլոգիաներ կարելի է թաքցնել: - Օրինակ՝ ինքնաձիգի փողի պատրաստման տեխնոլոգիան: Ասում են, թե «Կալաշնիկով» արտադրվում է աշխարհի շատ երկրներում, բայց դրանց բոլորի ամենամեծ խնդիրը հենց փողն է, որը այլ տեխնոլոգիաներով է պատրաստված և, ի վերջո, զիջում է ռուսական «Կալաշնիկովին»: Դա ճի՞շտ տեղեկություն է: - Հնարավոր է: Ես չգիտեմ: Բայց դա ավելի շատ մետալուրգիայի, մետաղի բաղադրության հետ կապված հարց է: Դա այնքան էլ կապ չունի ռազմական արդյունաբերության հետ: Դա արդյունաբերության այլ ճյուղ է, և եթե դրանից միայն Ռուսաստանը ունի, ապա, այո՛, միայն Ռուսաստանը ունի: Իսկ ի՞նչն է խնդիրը: - Իսկ ինչո՞ւ է որոշվել հավաքել АК-103 և ոչ АК-12, որն ավելի նոր սերնդի մոդել է: - Իրականում շատ պայմանական է ասել, թե ո՞ր մոդելն է ավելի ժամանակակից կամ նոր սերնդի, քանի որ, միևնույն է, առայժմ բոլորն էլ զինված են հիմնականում АК-74-ով, որից աշխարհում կա միլիոններով: Իսկ թե ինչո՞ւ են ընտրել հենց АК-103՝ դժվարանում եմ ասել, քանի որ դա Հայաստանի ընտրությունն է: Եվ ես չեմ տեսնում ինչ-որ առանձնահատուկ սկզբունքային տարբերություն նշված մոդելների միջև: - Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում արտադրվել է ռազմական նշանակության գերժամանակակից արտադրանք, որի գոյությունը խոսում է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի՝ նոր մակարդակի դուրս գալու մասին: Ձեր գնահատականով՝ Հայաստանը ունի՞ լուրջ ռազմարդյունաբերություն, կամ ի՞նչ մակարդակի վրա է այն այժմ գտնվում: - Լուրջ ռազմարդյունաբերություն Հայաստանը չունի: Կան նախկին խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի որոշ էլեմենտներ, որոնք, այսպես ասած, պոկված են կոնտեքստից: Անշուշտ, կարելի է դրանք ինչ-որ կերպ օգտագործել Հայաստանի շահերի համար, բայց միասնական, ամբողջական ռազմարդյունաբերական համալիր, որը կբավարարեր հայկական բանակի պահանջները, իհարկե, չկա, և ըստ էության՝ այն հարկավոր է կառուցել զրոյից: - Հայաստանը իսկապես ունի՞ ռազմարդյունաբերական լուրջ համալիր ունենալու կարիք, թե՞ կարող է բավարարվել ներմուծումներով: - Դա յուրաքանչյուր պետության ընտրությունն է՝ ի՞նչ է ինքն ուզում: Ուզում է ընդմիշտ մնալ կախվածության մեջ այլ երկրներից, թե՞ ուզում է ինքնուրույն ու ինքնաբավ լինել: Իհարկե, պետք է նկատի ունենանք նաև այն, որ ինքնուրույնությունը շատ թանկ արժե: - Ժամանակակից աշխարհում ռազմարդյունաբերությունը սովորաբար ո՞ր ուղություններով են սկսում զարգացնել: Հավանաբար հիմնական շեշտը դնում են բարձր տեխնոլոգիաների և ռոբոտաշինությա՞ն, թե՞ նաև ծանր արդյունաբերության վրա: Ձեր կարծիքով՝ Հայաստանը ո՞ր ուղղությամբ կգնա: - Ես դժվարանում եմ պատասխանել ձեր ղեկավարության փոխարեն: Դա կախված է երկրի առաջնահերթություններից: Բարձր տեխնոլոգիաները լավ բան է, բայց տանկը, զրահափոխադրիչը և ռազմական այլ տեխնիկաները միայն բարձր տեխնոլոգիաներով չես արտադրի: Իսկ առանց այդ տեխնիկայի պատերազմել հնարավոր չէ: Իսկ ընդհանրապես թե՛ մեկն է պետք, թե՛ մյուսը, և հարցն այն է, թե որքա՞ն դա կարժենա: