«Ապահով զբոսաշրջություն» երաշխավորելու համար Իսպանիան հանգստավայրերում տեղակայելու է 40 000 ոստիկան

«Ապահով զբոսաշրջություն» երաշխավորելու համար Իսպանիան հանգստավայրերում տեղակայելու է 40 000 ոստիկան

Այս տարվա ամռանը Իսպանիայի կառավարությունը հազարավոր ոստիկաններ կուղարկի խոշոր հանգստավայրեր`սանիտարական կանոնները վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է The Local-ը: Ավելի քան երկու շաբաթ է անցել այն բանից հետո, երբ Իսպանիան վերաբացեց իր սահմանները Շենգենյան այլ երկրների զբոսաշրջիկների համար, բայց երկրի բազմաթիվ հանգստավայրեր կիսով չափ դատարկ են: Զբոսաշրջիկները զգուշանում են ճանապարհորդել մի երկիր, որը կորոնավիրուսի բռնկման եվրոպական կենտրոններից մեկն է եղել: Դա Իսպանիայի կառավարությանը դրդել է գործարկել երկու համատեղ արշավ՝ «Գործողություն Ամառ» և «Անվտանգ տուրիզմի ծրագիր»՝ նպատակ ունենալով «երաշխավորել ամառային սեզոնի պաշտպանությունը և համախմբել Իսպանիան», որպես մոլորակի ամենաապահով տուրիստական ​​վայրերից մեկը»: «Այդ նպատակով պատրաստվել են քսանից ավելի ուղեցույցներ, որոնք ընդգրկում են ամբողջ տուրիստական ​​ցանցը և հանդիսանում են ուղեցույց գլոբալ ինդեքսի համար»,-ասել է Իսաբել Մարիա Օլիվեր Սագրեասը՝ Իսպանիայի զբոսաշրջության հարցերով պետքարտուղարը: Անվտանգության այս միջոցառումների ապահովման համար Ազգային ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի լրացուցիչ 40 000 սպաներ կուղարկվեն Իսպանիայի ամենատարածված տուրիստական ​​շրջանները՝ Անդալուսիա, Աստուրիաս, Բալեարյան կղզիներ, Կանարյան կղզիներ, Կանտաբրիա, Վալենսիա, Գալիցիա, Մադրիդ և Մուրսիա: Աշխատակիցները զբաղվելու են քաղաքային և միջքաղաքային երթուղիների, կայարանների, նավահանգիստների, օդանավակայանների, հյուրանոցների, լողափերի և ճամբարների ուժեղացված հսկողությամբ և կանխարգելիչ վերահսկողությամբ: Նրանք նաև կապահովեն, որ բնակիչները և զբոսաշրջիկները համապատասխանեն յուրաքանչյուր մարզում իրականացվող առողջապահական միջոցառումներին, ինչպես, օրինակ, Բալեարյան կղզիներում վերջին պահանջն է հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելը: