Այս ճգնաժամը քրեաօլիգարխիկ փուչիկներ պայթեցրեց․ իշխանությունը չպետք է վախենա շոկային թերապիա կիրառելուց

Մինչ կորոնավիրուսի համավարակը, Հայաստանում գինեգործության ոլորտը թռիչքային զարգացում էր ապրում, ոլորտում ակնհայտ մրցակցություն էր առաջացել, գինեգործության մշակույթ ձևավորվել, գինու տոն էր նշվում: Ինչպե՞ս է համավարակով պայմանավորված ճգնաժամն անդրադարձել գինեգործության ոլորտի վրա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը նշեց. «Վերջին հինգ տարվա ընթացքում գինեգործության ոլորտում աննախադեպ աճ ու հաջողություններ են գրանցվել, արմատապես այլ գինեգործություն է ծավալվում Հայաստանում և արտադրվում են գինիներ, որոնք կարող են մրցել աշխարհի լավագույն արտադրողների կամ բրենդների հետ: Ցավոք, ինչպես տնտեսության բոլոր ճյուղերի, այնպես էլ գինեգործության համար դժվարին ժամանակներ են՝ կապված կորոնավիրուսի հետ: Փորձում ենք լուծումներ գտնել: Արմատապես փոխվել է աշխարհը, փոխվել է մարդը և փոխվել է այն արժեհամակարգը, որի վրա հիմնված էր մեր արտադրանքը»: Ցանկացած բիզնեսի մեջ կան մեծ փուչիկներ, մեծ բլեֆներ, արհեստականորեն սարքած արժեքներ և արհեստականորեն սարքած պրոբլեմներ: Պարզ է, որ այս ճգնաժամը ի հայտ բերեց ամբողջը, արհեստական պատնեշները փլվեցին, փուչիկները պայթեցին, և հիմա ունենք այն, ինչն իրականությանը համապատասխանում է. աշխարհը մաքրվեց, ինքնամաքրվեց, ռեստարտի իրավիճակում ենք, երբ որ պետության ճիշտ քաղաքականությունը կդնի այն ճիշտ հիմքը, որի վրա հետո ծուռ պատեր չենք շարի: Երբեք Հայաստանը ռեստարտի հնարավորություն չի ունեցել… Այժմ այդ հնարավորությունը ստեղծվել է: Այս համավարակը մեզ տալիս է ճիշտ և ազնիվ ստարտի հնարավորություն: Ամեն ինչ կախված է իշխանության խոհեմությունից և քայլերի կշռադատվածությունից, որպեսզի այլևս ծուռ պատեր չդնենք»: Մանրամասն՝ տեսանյութում: