Հայերը, Ղարաբաղը, «Քյուրակչան» և ստախոս Ալիևը. Երևանը ջախջախիչ պատասխան է տվել

Հայերը, Ղարաբաղը, «Քյուրակչան» և ստախոս Ալիևը. Երևանը ջախջախիչ պատասխան է տվել

Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, հրապարակային ելույթներում Արցախի հարցի մասին խոսելիս, շարունակում է ամեն հնարավոր առիթով պատմաքաղաքական էքսկուրսներ անելու և դրա միջոցով Արցախի և հայկական այլ տարածքների նկատմամբ Ադրբեջանի «իրավունքները» ապացուցելու, ավելի ճիշտ՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի զավթողական քաղաքականության համար տեղեկատվական-քաղաքական նախադրյալներ ստեղծելու իր հուսահատ փորձերը: Եվ եթե Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կազմակերպված պանելային քննարկմանը (2020 թ. փետրվարի 15) հայկական կողմը մեծ հաշվով խույս տվեց պատմական հարցերի շուրջ բանավեճի մեջ ներքաշվելուց՝ հավանաբար այն պատճառով, որ Փաշինյանը այլ կերպ էր մոտեցել մյունխենյան քննարկմանը, ապա այս անգամ Երևանը անհամաչափ հակահարված է տվել՝ ջախջախելով «պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերը»: Բանակցությունների և պատմական հարցերի շուրջ Շաբաթվա սկզբին Ադրբեջանի նախագահը այցելել է Բաքու քաղաքի Խաթայի վարչական շրջան, որտեղ պիտի մասնակցեր կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նախատեսված հոսպիտալի բացման արարողությանը, և այնտեղ հարցազրույց է տվել տեղեկան երեք հեռուստաալիքների: Հարցազրույցի ընթացքում Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցի մասին՝ մասնավորապես քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահներից պահանջելով ավելի հստակ հայտարարություններ անել: Բանակցային գործընթացին առնչվող հարցերից բացի՝ Ալիևը շոշափել է նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված որոշ պատմաքաղաքական հարցեր: Նա մասնավորապես անդրադարձել է 19-րդ դարի ժամանակաշրջանին՝ ասելով, թե 1805 թ. մայիսին կնքված Քյուրակչայի պայմանագրում, որով Ղարաբաղի Իբրահիմ խանը ռուսական հպատակություն էր ընդունել, «ոչ մի հիշատակում չկա հայերի մասին»: Ալիևի տգիտությունը և Երևանի ջախջախիչ պատասխանը Ալիևին Երևանից պատասխանել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ մեկնաբանելով թե՛ բանակցություններին և թե՛ պատմությանը վերաբերող հայտարարությունները: Ու քանի որ Ադրբեջանի նախագահը կասկածի տակ էր դրել Մինսկի խմբի համանախագահների այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանց [համանախագահների] հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ ո՞վ ասաց», Փաշինյանի խոսնակը պատասխանել է՝ եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը: Ինչ վերաբերում է պատմական հարցերին՝ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը շատ գրագետ ու սպառիչ պատասխանով, կարելի է ասել, ջախջախել է Ալիևի՝ հայերին պատմական թատերաբեմից հեռացնելու հերթական զավեշտալի փորձը՝ թվարկելով թե՛ հին աշխարհի և թե՛ միջնադարի բոլոր այն հայտնի հեղինակների աշխատությունները, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։ Իր ֆեյսբուքյան էջում Մանե Գևորգյանը մասնավորապես գրել է. «Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում: Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին»: Խոսնակն ավելացրել է, որ եթե պարոն Ալիևը վերոնշյալ հեղինակներին չի վստահում՝ գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փևչեւիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջևդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլև ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։ Հակառակ դեպքում 19-րդ դարի որևէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: «Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում», - ընդգծել է խոսնակը: Անդրադառնալով կոնկրետ Արցախին վերաբերող հիշատակություններին՝ Մանե Գևորգյանը հիշեցրել է դեռևս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դեպ, մինչև պարոն Ալիևի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնն էր: «Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով», - ավելացրել է վարչապետի խոսնակը: 19-րդ դ. սկզբին Արցախում և Շիրվանում ապրում էր մոտ 50 000 հայ ընտանիք Մեր կողմից ավելացնենք, որ Ալիևը նույնիսկ Քյուրակչայի և ավելի լայն առումով՝ 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի հետ կապված փաստերի մասով է ստում: Դրա մասին է վկայում Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար Պավել Ցիցիանովի և Ղարաբաղի Իբրահիմ խանի նամակագրությունը, որը տեղի է ունեցել մինչև Իբրահիմ խանի կողմից ռուսական հպատակություն ընդունելը: Այդ պատերազմի արդյունքներով, հիշեցնենք, ստորագրվեց Գյուլիստանի 1813 թ. պայմանագիրը, որով Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև մի շարք այլ տարածքներ Պարսկաստանից անցավ Ռուսական կայսրությանը: Պատմաբան Էդուարդ Հովհաննիսյանը իր թեկնածուական ատենախոսությունը ամբողջությամբ նվիրել է Արցախի (Ղարաբաղի) պատմության ուսումնասիրության սկզբնաղբյուրների ու մասնավորապես «Կովկասի հնագրական հանձնաժողովի վավերագրերի» (ԿՀՀՎ)[1] հետազոտությանը, որում մանրամասն անդրադարձ կա նաև Ալիևի նշած ժամանակաշրջանին, Քյուրակչայի պայմանագրին և Արցախում հայկական ստվար բնակչության առկայությանը: Հովհաննիսյանը իր՝ «Ղարաբաղի խանության միացումը Ռուսաստանին՝ ըստ Կովկասի հնագրական հանձնաժողովի վավերագրերի» վերտառությամբ հոդվածում գրում է, որ նշված աղբյուրագիտական բազայի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թեպետ ռուսական իշխանությունները, կարծես թե, արդեն լուծել էին Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմնորոշման հարցը, այդուհանդերձ, վերջինիս անկայուն պահվածքը լրջորեն մտահոգել էր ռուսներին: Իբրահիմ խանի վարած երկդիմի քաղաքականությունը ռուսներին ստիպում էր աչալրջորեն հետևել նրա յուրաքանչյուր քայլին: Այս ամենը տեղի է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում: Եվ որքան ռազմական գործողությունները խորանում էին Ղարաբաղում, այնքան ավելի կոշտ էր դառնում Իբրահիմ խանի հանդեպ ռուսական հրամանատարության դիրքորոշումը: Ասվածի ակնառու ապացույցը Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար Պավել Ցիցիանովի և Իբրահիմ խանի միջև ծավալված բուռն նամակագրությունն է, որն ամբողջովին զետեղված է «Կովկասի հնագրական հանձնաժողովի վավերագրեր» աղբյուրագիտական ժողովածուում: Մասնավորապես, 1804 թ. հունվարի 8-ի նամակում Ցիցիանովը գրում է Իբրահիմ խանին, թե շատ զարմացած է, որ արդեն 6 օր է անցել Գյանջայի ամրոցի գրավումից և ամսից ավելի է, ինչ ինքը անպարտելի ռուսական զորքերի հետ գտնվում է Գյանջայում, բայց խանը, որ այսքան մոտ հարևանությամբ է գտնվում և պետք է փնտրեր ուժեղի հովանավորությունը, չի գալիս իր մոտ ուղերձով: ԿՀՀՎ-ում տեղ գտած այս նամակը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ պահից էլ մեկնարկում են գլխավոր հրամանատար Պ. Ցիցիանովի բանակցությունները Ղարաբաղի խանի հետ, որի նպատակը վերջինիս վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով՝ խանությունը Ռուսաստանին խաղաղ ճանապարհով միացնելն էր: Եվ հենց այս համատեքստում տեսնում ենք ուղղակի հիշատակումների հայերի մասին: «Քանի որ Գյանջան և Գյանջայի տիրույթները արդեն մտել են ռուսական կայսրության անծայրածիր տարածքի մեջ», – գրում էր Ցիցիանովը, – «ապա ես, ելնելով իմ կոչումից և որպես այս երկրամասի գլխավոր հրամանատար, պահանջում եմ, որ դուք վերադարձնեք ձիերի երամակը, որը պատկանում էր հանգուցյալ Ջևադ խանին, ինչպես նաև ոչխարների ողջ հոտը, որը պատկանում է տեղի հայերին… Երկրորդ՝ որպես ռուսական արքունիքի հանդեպ բարեկամության երաշխիք, դուք պետք է ուղարկեք մելիք Ջումշուդ Բահրամի որդուն և նրա Աստվածատուր թոռանը, քանի որ մելիք Ջումշուդը հաստատվել է Վրաստանում և մշտական բնակությամբ գտնվում է Նորին Մեծություն կայսեր հպատակության տակ»: Ու քանի որ Իբրահիմը չի կատարում ռուս հրամանատարի պահանջը՝ ռուսական կառավարությունը որոշում է դիմել ուժային միջոցներով հարցը լուծելուն: Խանին «պատժելու» գործը հանձն է առնում ռուսական բանակի հանրահայտ գնդապետ Պ. Կարյագինը: 1804 թ. մարտի 14-ին Ցիցիանովին ուղղված գնդապետի զեկուցագրում կարդում ենք. «Մայոր Լիսանևիչն իր ջոկատով բարեհաջող վերադարձել է. անասնահոտը վերադարձնել չհաջողվեց, քանի որ Իբրահիմ խանը ուղեկալներ էր դրել և կրակում էին նույնիսկ հեռու տարածությունից, ողջ հոտը քշել են լեռները: Հաջողվեց միայն Շուշիից հանել հայերի 250 ընտանիք…»: Ղարաբաղի Իբրահիմ խանին ռուսական հպատակության մղելու Պ. Ցիցիանովի ջանքերն, ի վերջո, պսակվում են հաջողությամբ: 1805 թ. ապրիլի 7-ին ռուսաց կայսերն ուղղված զեկուցագրում գեներալ Պ. Ցիցիանովն արդեն ներկայացնում էր ղարաբաղյան իր «առաքելության» արդյունքները՝ նշելով, որ Շուշիի Իբրահիմ խանը ձգտում է համառուսական հովանավորության և հպատակության, արդեն համաձայնել է իր բոլոր առաջարկություններին, ժամանել է Ելիզավետպոլի սահմանագիծ և միայն սպասում է իր այնտեղ ժամանմանը, որպեսզի հանդիսավորությամբ Նորին մեծությանը հավատարմության երդում տա: Իսկ Ալեքսանդր կայսերն ուղղված մայիսի 22-ի նամակում, երբ արդեն կայացել էր Իբրահիմ խանի հպատակության ընդունման պաշտոնական արարողությունը (Ղարաբաղի Իբրահիմ խանը ռուսական հպատակություն ընդունեց 1805 թ. մայիսի 14-ին, - Է. Հ.), Կովկասյան կորպուսի հրամանատարն իր զեկույցին հանդիսավոր տեսք էր տվել՝ նշելով, թե պատիվ ունի կայսերը հանձնել Շուշիի բերդի բանալիները և Ղարաբաղի Իբրահիմ խանի հետ կնքված պայմանագիրը: Սակայն, ինչպես հեղինակն է նշում, պատմագիտական առումով ավելի կարևոր է ոչ թե զեկույցի այդ հատվածը, որտեղ ռուս գեներալը հանդիսավորությամբ զեկուցում է ռուսաց թագավորին Ղարաբաղի նվաճման մասին, այլ դրա շարունակությունը, երբ ներկայացնում է Ղարաբաղի տիրույթների սահմանները, որոնք «ձգվում են հյուսիսից Կուր գետով մինչև Շաքիի խանություն, իսկ մի մասը Շամախիի խանության հետ սահմանով, արևելքում այն հասնում է Արաքսի ափերը, մինչև Ղարադաղի և Նախիջևանի խանություններ և վերջապես, արևմուտքից մի մասով սահմանակից է Գարանի գետի շրջանում Ելիզավետպոլի օկրուգին և մյուս մասով՝ Երևանի տիրույթներին Գեոքչա կամ Սևագ(ն)ա լճով», ինչպես նաև այս տարածքի ժողովրդագրությունը (դեմոգրաֆիան): Իր զեկույցում գեներալ Ցիցիանովը գրում է, որ Ղարաբաղի տարածքում ապրող բնակչության ժողովրդագրությունը «ներկա դրությամբ բավականին տարբերվում է անցյալ ժամանակներից», քանի որ մինչև Աղա-Մուհամմեդ խանի արշավանքը և Ղարաբաղի իշխանության անկումը, միայն հայերն այստեղ կազմում էին 40 հազար տուն: Ուստի ինքը մտադիր է Շիրվանի Մուստաֆա խանից ետ բերել այնտեղ փախած հայկական 8 հազար ընտանիքներին: «Չեմ ուզում բռնության դիմել, քանի որ խանը հրաժարվում է նրանց հետ ուղարկել, սակայն երբ առիթը ստեղծվի, ապա Ղարաբաղի խանություն կբերեմ նաև այդ բնակիչներին», - գրում է Կովկասյան կորպուսի հրամանատարը: Այսպիսով, ինչպես տեսանք գիտականորեն ուսումնասիրված և հաստատված հավաստի աղբյուրներից, ուսումնասիրված փաստաթղթերից՝ 19-րդ դարի սկզբին, ի հեճուկս Բաքվի ներկայիս բռնապետի զառանցանքների, Ղարաբաղի և Շիրվանի խանություններում (վերջինիս հայությունը նույն Արցախից գնացածներ էին) ապրում էր գրեթե 50 հազար հայ ընտանիք (!): Աշխատության հեղինակը այս կապակցությամբ գրում է, թե դժվար չէ կռահել, որ Ցիցիանովը, որը բնավ չի «փայլել» հայերի հանդեպ ունեցած իր բարյացակամ վերաբերմունքով, իրապես շահագրգռված էր Ղարաբաղի հայերին իրենց բնակության նախկին տարածքները վերադարձնելու և բնակեցնելու խնդրում՝ քաջ գիտակցելով հայերի դերակատարությունը նորանվաճ այս տարածքի հետագա զարգացման հեռանկարների իմաստով: Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ Շիրվանի Մուստաֆա խանն էլ իր հերթին չի համաձայնել հայերի նման ստեղծագործ ժողովրդին թույլատրել տեղափոխվելու Ղարաբաղ: «Այդուհանդերձ, որքանով նկատելի է վավերագրից, միայն Ղարաբաղի և Շիրվանի խանություններում (վերջինիս հայությունը նույն Արցախից գնացածներ էին, - Է. Հ.) ապրում էր գրեթե 50 հազար հայ ընտանիք. համաձայնենք, որ խոսքը հայության մի ստվար զանգված մասին է, որն այստեղ ապրել է դարեր ի վեր»: Այսպիսով, ինչպես նախորդ անգամ, երբ հայտարարել էր, թե իբր 1918 թվականին      Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Երևանը փոխանցել է Հայաստանին, այնպես էլ այս անգամ Ալիևը պարզապես ստում է՝ կեղծելով պատմությունը: Եվ սա, իհարկե, ամբողջովին համահունչ է Հեյդարի որդի Իլհամի ղեկավարած այն ստահոդ պետության, բռնապետության ընդհանուր քաղաքականությանը, որի հիմնական էությունը, առանցքը հակահայկականությունն է և հայկական ինքնության հաշվին ինքնահաստատվելու, որպես ազգ կայանալու, ազգային ինքնություն ձևավորելու՝ վաղուց արդեն ձանձրացնող ձգտումը:   Հղումներ՝ [1] «Կովկասի հնագրական հանձնաժողովի վավերագրեր» ժողովածուն (Акты археографической комиссии Кавказа (АКАК) հրատարակվել է Թիֆլիսում, 1866-1904 թթ. տասներկու (վեցերորդ հատորը բաղկացած է երկու մասից) հատորով: