Հայ-ռուսական հարաբերության «շան գլուխը»

Հայ-ռուսական հարաբերության «շան գլուխը»

Ոչ միայն բնական ու տրամաբանական, այլևս պետական զարգացման խնդիրների տեսանկյունից օրինաչափ է, որ հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում առաջնային, գերակա ուղղություն է հայ-ռուսական հարաբերության թեման, առավել ևս հեղափոխությունից հետո: Եվ բանն այստեղ բոլորովին էլ այն չէ, որ Հայաստանում ժողովրդավարության գործընթաց է, իսկ Ռուսաստանում Պուտինի ցմահ իշխանության, և դրանք միմյանց հանդեպ «գենետիկորեն» անհամատեղելի գործընթացներ են: Հայ-ռուսական հարաբերության խնդիրը դա չէ, և թյուր է պատկերացումը, թե ժողովրդավարական Հայաստանն ու ամբողջատիրական Ռուսաստանը չեն կարող լինել համատեղ սերտ աշխատող սուբյեկտներ: Ավելին, մեծ հավանականությամբ, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ավելի շատ ժողովրդավարական Ռուսաստանի հետ: Հայ-ռուսական հարաբերության խնդիրն այլ տեղ է՝ ռուսական կայսերական մտածողության, որի կրողը ոչ միայն ամբողջատերերն են, կրողը ռուսական քաղաքական դասն է ընդհանրապես՝ ժողովրդավար, թե ոչ: Համենայնդեպս, մեզ ծանոթ չէ Կովկասի և Հայաստանի վերաբերյալ ռուսական քաղաքականության սկզբունքորեն այլ կոնցեպտ, որտեղ մի կողմից Հայաստանը չի դիտարկվում ռուսական ենթակայության տարածք, մյուս կողմից դիտարկվում է առանցքային ռազմա-քաղաքական գործընկեր: Եթե մենք չունենք կոնցեպտուալ առումով այլ պատկերացում, հայեցակարգ Ռուսաստանից, ապա ժողովրդավար, թե ամբողջատիրական, Հայաստանի, հայկական պետականության տեսանկյունից չունի սկզբունքային տարբերություն: Հետևաբար՝ Հայաստանի խնդիրը Ռուսաստանում եղած համակարգը չէ, այլ մտածողությունը, որը կապ չունի այդ համակարգի հետ: Ժողովրդավար ռուսաստանցի քաղաքական գործիչը լավագույն դեպքում կարող է ասել, որ Հայաստանը կարևոր չէ և պետք է ընդհանրապես Հայաստանին ուշադրության էլ չարժանացնել: Մինչդեռ, կրկնենք, Հայաստանի ռազմավարական խնդիրը դա չէ, որովհետև, եթե Ռուսաստանը Կովկասում է, ապա շատ կարևոր է, որ աշխատի Ռուսաստանի հետ: Եվ նույնքան կարևոր է, որ աշխատի գործընկերային ու դաշնակցային, ոչ մետրոպոլիական դիրքից: Սա իսկապես բարդագույն խնդիր է, բայց չկա այլընտրանք, Հայաստանը պետք է կարողանա հետևողական լինել այդ խնդրի և դրա լուծման հարցում: Դա պահանջելու է տարիներ, էապես կախված է լինելու ոչ միայն Հայաստանից, թեև այստեղ կարող է լինել նաև օգնող հանգամանք: Բանն այն է, որ լայն աշխարհաքաղաքական ընթացքի առումով Ռուսաստանը կորցնում է, կորստի ռեժիմում է: Դա կարող է մեծացնել Հայաստանի անհրաժեշտությունը, ըստ այդմ՝ Հայաստանին լսելու հավանականությունը: Այդ հարցում էական նշանակություն պետք է ունենար թեմայի հայկական, ներհայկական քննարկումների որակն ու բովանդակությունը: Այստեղ է, որ հանգում ենք առանցքային խնդիրներից մեկին: Այն, որ հայ-ռուսական հարաբերության թեման պետական զարգացման տեսանկյունից օրակարգային է միշտ, բնական է: Ռուսաստանն ունի ահռելի ազդեցություն, և այդ ուղղությամբ հարաբերությունը չպարզաբանելը Հայաստանին անընդհատ պահելու է կապված: Մյուս կողմից, Հայաստանում թեման օրակարգային է շատ պարզունակ, և դրանով հանդերձ խիստ վտանգավոր ասպեկտով: Հայաստանում, մեծ հաշվով, «դիսկուրսը» Ռուսաստանի հանդեպ հավատարմության երդման մրցավազքն է, ծառայելու ջերմեռանդ պայքարը, Ռուսաստանի հետ՝ եղածից բացի, որևէ այլ տեսակի կամ բնույթի հարաբերության հանդեպ հանրային վախի, թերարժեքության սնուցումը: Այդ պայմանները, Ռուսաստանի քաղաքական դասը բացարձակապես զրկվում է Հայաստանում մրցակցային լինելու, գրավիչ բովանդակությամբ գործընկերային ապագա քննարկելու մոտիվացիայից: Իհարկե, այդտեղ առաջանում է մի հարց: Իսկ ինչո՞ւ են խթանում այն տրամադրություններն ու «դիսկուրսը», որ ծավալում են հայաստանյան սուբյեկտները, ինչո՞ւ են նրանց ընդունում դեսպանատներում կամ ռուսական գրասենյակներում: Պատասխանը կարող է թվալ պարզ, բայց ամբողջ հարցն այն է, որ դա ռուսական եղած մտածողությունն է, որը կարող է փոխվել միայն, երբ այդ փոփոխության հրամայական առաջացնի իրավիճակը՝ այս դեպքում Հայաստանում եղած իրավիճակը: Դա հատուկ է գործնականում բոլոր դասական կայսրություններին: Պետք է կարողանալ Հայաստանում փոխել դիսկուրսը և ստեղծել այն իրավիճակը, երբ ոչ թե այստեղ կմրցակցեն Ռուսաստանին ծառայելու հայտով իշխանության գալու համար, այլ Ռուսաստանը կփորձի Հայաստանին առաջարկել հետագա հարաբերության գործընկերային ու դաշնակցային մրցունակ գաղափարներ: